ՄԵՐ ՄԱՍԻՆ
ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
ԱՆՑԱԾ ՃԱՆԱՊԱՐՀ
ԳՐԱԴԱՐԱՆ
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑՆԵՐ
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԳՐԱՆՑՎԵԼ ԿԱՅՔԻ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԿԱՊԸ ՄԵԶ ՀԵՏ
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ 2008
   ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑՆԵՐ

Բացառիկ հարցազրույց Վազգեն Մանուկյանի և Ահմեդ Դավութօղլուի հանդիպման վերաբերյալ

Մանուկյան. «Եթե ապագայի նկատմամբ լավատես ես, դա մասամբ իրականանում է, բայց եթե վատատես ես, իրականանում է ամբողջությամբ»: - Պարոն Մանուկյան, մեզ հայտնի դարձավ, որ Դուք հանդիպում եք ունեցել Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի հետ, երբ նա Երևանում էր: Ո՞վ էր նախաձեռնել այդ հանդիպումը և ի՞նչ ձևաչափով էր այն:- Ոչ պաշտոնական հանդիպում էր: Այդ օրն առավոտյան ինձԴավութօղլուզանգահարեց Թուրքիայի արտգործնախարարի պատվիրակության անդամներից մեկը և առաջարկեց հանդիպում կազմակերպել Դավութօղլուի հետ, եթե դեմ չեմ: Ես տվեցի իմ համաձայնությունը, և երեկոյան Հանրային խորհրդի անդամ Գրիգոր Բադիրյանի ուղեկցությամբ «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում սուրճի սեղանի շուրջ հանդիպեցի Թուրքիայի արտգործնախարարի հետ: Հանդիպմանը մասնակցում էին նաև թուրքական պատվիրակության անդամներ, այդ թվում` ազգությամբ հայ Սամսոն Օզարարատը, «Ակօս» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Ռոբրե Քոփթաշը: - Ի՞նչ զրույց ծավալվեց հանդիպման ժամանակ:- Դավութօղլուն նախ նշեց, որ ինքը կարևորում է հայ-թուրքական հարաբերությունների մասին խոսել մի մարդու հետ, որն արտակարգ իրավիճակներում ղեկավարելու փորձ ունի («Ղարաբաղ» կոմիտեի ղեկավար, նորանկախ Հայաստանի առաջին վարչապետ, պատերազմի տարիներին՝ պաշտպանության նախարար): Այնուհետև Թուրքիայի արտգործնախարարը խոսեց այն մասին, որ հայ և թուրք ժողովուրդները երկար ժամանակ միասնական ճանապարհ են անցել, նույնիսկ ձևավորել մի ընդհանուր քաղաքակրթություն: Նա կարևորեց հայերի դերը Թուրքիայի պատմության մեջ՝ նկատելով, որ այն շենքերից մեկը, որտեղ իր նստավայրն է, նույնպես հայի է պատկանել: Խոսեց այն մասին, որ հայ և թուրք ժողովուրդները պետք է բարեկամանան, և չնայած տեղի են ունեցել որոշ իրադարձություններ, որոնք սեպ են խրել երկու ժողովուրդների միջև, պետք է առաջ գնալ և այլն:Ես պատասխանեցի, որ մեր երկու ժողովուրդների միջև մեծ ճեղք է առաջացել 1915 թվականի Ցեղասպանությունից հետո, սակայն երբ սկսվեց Ղարաբաղյան շարժումը, որոշ ժամանակ անց Ղարաբաղ կոմիտեն որդեգրեց նոր քաղաքականություն Թուրքիայի նկատմամբ, այն է` չանտեսելով Ցեղասպանության հարցը՝ զուգահեռ փորձել Թուրքիայի հետ իրականացնել դիվանագիտական, քաղաքական, տնտեսական հարաբերություններ: Մենք կարծում էինք, որ եթե Հայաստանը գնում է անկախության ճանապարհով, իր հարևանների հետ պետք է կարողանա ինքնուրույն հարաբերություններ հաստատել: Դա դարձավ ընդհանուր գաղափարախոսություն Ղարաբաղ կոմիտեի համար, և դրա վառ արտահայտությունն էր նաև Ռաֆայել Իշխանյանի «Երրորդ ուժի բացառումը» հոդվածը, որում ասվում էր, որ հայերն ու թուրքերը պետք է կարողանան իրար հետ խոսել առանց միջնորդի կամ ուրիշների միջամտության: Իշխանության գալով 1990 թ.` մենք փորձում էինք իրականացնել այդ քաղաքականությունը: Արվեցին որոշ քայլեր: Մենք մտածում էինք, որ Ղարաբաղի հարցը չպետք է խոչընդոտ լինի այդ քաղաքականությունը վարելու համար: Ղարաբաղյան հակամարտությունը մեզ համար էթնիկական կամ կրոնական պայքար չէր, այլ միայն Հայաստանի օժանդակությամբ Ղարաբաղի ժողովրդի կողմից պատմական արդարության և ազգերի ինքնորոշման, ազատության սկզբունքների իրականացում: Մենք ամեն ինչ անում էինք, որ այդպես լինի, այդպես գիտակցվի,և դա այդպես էր:Բայց մենք մեծ հիասթափություն ապրեցինք, երբ 1993 թվականին, Ղարաբաղում տեղի ունեցող իրադարձությունների հետ կապված, Թուրքիան միակողմանի փակեց ճանապարհները Հայաստանի հետ` ծանր սոցիալական վիճակում գտնվող Հայաստանի ժողովրդին զրկելով այդ ճանապարհով սնունդ ստանալու հնարավորությունից:Շատերի համար Թուրքիայի այդ քայլը ապացույց դարձավ, որ «նոր քաղաքականությունը» սնանկ է և ոչ իրատեսական: Այնուհետև 2008 թ. Թուրքիայի հետ հարաբերվելու երկրորդ փորձը սկսվեց՝ հայ-թուրքական արձանագրությունների նախաստորագրումով, բայց նորից ապարդյուն և ոչ Հայաստանի մեղքով:Խոսելով 1993 թ. մասին` հայտնեցի նաև իմ կարծիքը, որ այն ժամանակ Թուրքիան սխալվեց: Այդ տարածաշրջանում, որը Ռուսաստանի ազդեցության տակ էր, խորհրդային իշխանության փլուզումից հետո քաղաքական վակուում էր առաջացել: Եվ Թուրքիայի կողմից ավելի իմաստուն քաղաքականություն կլիներ, եթե փորձեր այդ վակուումը լրացնել իր ներկայությամբ: Վրաստանի հետ խնդիր չուներ, քանի որ Վրաստանը տարաձայնություններ ուներ Ռուսաստանի հետ՝ կապված Աբխազիայի և Օսիայի հետ, Ադրբեջանը բոլոր դեպքերում Թուրքիայի հետ կլիներ, բայց առանց Հայաստանի Թուրքիայի ներկայությունն Անդրկովկասում ամբողջական և արդյունավետ չէր լինի, ուստի Թուրքիան այդ ժամանակ պետք է փորձեր Հայաստանի հետ հարաբերությունների բարելավման ընթացքում չեզոքություն դրսևորել Ղարաբաղի հարցում, մանավանդ որ այդ հարցն իր անմիջական պետական շահերին չէր դիպչում: - Ինչպե՞ս արձագանքեց Դավութօղլուն Ձեր տեսակետին, ընդունե՞ց:- Իմ տպավորությամբ՝ մասամբ ընդունեց՝ նշելով, որ իսկապես, երբ խզում ես հարաբերությունները, ապա հետո չես կարողանում ազդել, և եթե 1993-ին իրենք ավելի ճկուն լինեին, հնարավոր է, որ քաղաքական ազդեցություն ունենային Ղարաբաղում տեղի ունեցող իրադարձությունների վրա, ինչի հնարավորությունն իրենք կորցրեցին: Իհարկե, մի առանձին խոսակցություն էլ եղավ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում իրենց մասնակցության և ազդեցության հարցի շուրջ, որին ես, բնականաբար, դեմ արտահայտվեցի՝ ասելով, որ Թուրքիան արդեն ապացուցել է, որ այդ հարցում միակողմանի դիրքորոշում ունի` սկսած 1993 թվականից և դատավորի կամ կարգավորողի դեր չի կարող կատարել:Դավութօղլուն էլ հարցրեց, թե այն երկրները, որոնք Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով զբաղվում են, իրենց շահերը չունե՞ն, անաչա՞ռ են:Ասացի, որ այո, նրանք էլ իրենց շահերն ունեն Ղարաբաղի հարցում, անաչառ չեն, բայց Թուրքիայի հետ համեմատելի չէ: Համենայն դեպս, այդ երկրները մեզ չեն «խեղդել» մեր ամենածանր պահին՝ 1993 թվականին:
16.12.2013            ավելին >>  
ՀԽ նախագահը տրանսպորտի գնի մասին. գցել-բռնելով որոշում կայացնելը գյուղին բնորոշ մտածելակերպ է

Երևանում հասարակական տրանսպորտի համար 150 դրամ սակագին հայտարարելուց հետո արդեն 5-րդ օրն է, ինչ Երևանում ընթանում են բողոքի ակցիաներ: Քաղաքացիները հրաժարվում են ընդունել նոր սակագինը` պահանջելով վերականգնել նախկին` 100 դրամը: Ստեղծված իրավիճակի մասին «Անկախը» զրուցել է Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի հետ: -Պարոն Մանուկյան, Երևանի քաղաքապետարանի և գծատերերի հիմնավորումներով մեկ ուղևորի փոխադրման արժեքը 144 դրամ է: Արժանահավա՞տ եք համարում այդ փաստարկները: - Նրանց պնդումը ստուգել հնարավոր չէ: Առհասարակ Երևանի նման քաղաք աշխարհում չկա, որ տրանսպորտ նստես ու ոչ մագնիսական քարտ լինի, ո՜չ տոմս քեզ տան, ո՜չ կտրոն լինի: Այդպիսի վիճակ գուցե աֆրիկյան երկրների մի երկու-երեք գյուղում է մնացել: Իսկ եթե չկա տոմս տալու գաղափարը, վերահսկել ֆինանսական հոսքերն անհնար է: Այդ պայմաններում ուղղակի անիմաստ է խոսել եկամտաբերության կամ վնասի մասին: Կառաջարկեի, որ քաղաքապետարանը նախ և առաջ պարտադրեր տոմսի գաղափարը, նոր կտեսներ, թե որն է եկամտաբեր, որը՝ ոչ: Երկրորդը կառուցվածքի հարցն է: Ցանկացած բիզնեսի համար, եթե ճշտում ես ֆինանսական հոսքերը, առաջանում է այն հարցը, թե ինչպես օպտիմալացնել եկամուտները, ինչպես պակասեցնել ծախսերը: Այս ժամանակ արդեն սկսում ես կառուցվածքային փոփոխություններ կատարել: Իսկ քաղաքային տրանսպորտի համար կառուցվածքային փոփոխությունը ֆունդամենտալ է, քանի որ գծեր կան, որոնք եկամտաբեր են որոշակի ճանապարհավճարի դեպքում, գծեր կան, որոնք պետք է սպասարկել, բայց մեծ եկամտաբերություն չունեն, ուստի ողջ կառուցվածքը պետք է լինի միասնական: Այսինքն՝ Երևանի ողջ տրանսպորտը պետք է վերահսկի միասնական ընկերություն, դա կարող է լինել ԲԲԸ, որի մեջ պետությունը կամ քաղաքապետարանը մաս ունենան կամ չունենան (դա քննարկելու հարց է), կարող է լինել կոոպերացիայի հիմքի վրա ստեղծված. տարբեր գծատերերը միավորվեն և ստեղծեն կոոպերացիա: Բայց քաղաքապետարանը պետք է գործ ունենա մեկ կառույցի հետ: Այս ամենից հետո նոր միայն կարող են առաջանալ գնի մասին խոսակցություններ` բարձրացնել, իջեցնել կամ ինչ անել:
27.07.2013            ավելին >>  
«Առանց երազանքի ժողովուրդը մեծ բաների չի հասնի». Վազգեն Մանուկյան

Հարցազրույց ՀՀ հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի հետ: - 1992-93 թթ. Դուք պաշտպանության նախարար էիք, հենց այդ ժամանակ էր, որ կանոնավոր բանակի հիմքը դրվեց, իսկ պատերազմական գործողություններում` հաղթանակների շղթայի սկիզբը: Այնուամենայնիվ, բանակի հիմնադրումը միշտ չէ, որ Ձեր անվան հետ է կապվում:- Բանակը մի օրում չի կառուցվում, այլ էտապներով: Երբ 1991թ. Շարժումը եկավ իշխանության, մենք դեռ Խորհրդային Միության կազմում էինք, բայց արդեն սկսվել էին Հայաստան-Ադրբեջան զինված բախումները, ստեղծվել էին ֆիդայական ջոկատներ: Եվ մենք առաջին հերթին մտածեցինք այդ ջոկատները վերացնել և կանոնավոր տեսք տալ դրանց: Ես` որպես վարչապետ, առաջին հրամանը տվեցի, որ բոլոր ջոկատները լուծարվում են, բայց նրանք, ովքեր ցանկանում են մասնակցել հայրենիքի պաշտպանությանը, պետք է մտնեն ՄՀՕՋ (Միլիցիայի հատուկ օպերատիվ ջոկատ):Դա առաջին քայլն էր. հետո՝ 1991 թ., կրկին կառավարության հրամանով պաշտպանության կոմիտե ստեղծվեց, քանի որ դեռ Խորհրդային Միությունում էինք և չէինք կարող նախարարություն ստեղծել: Հետագայում, երբ անկախացանք, ստեղծվեց պաշտպանության նախարարությունը, կոմիտեն վերածվեց նախարարության:Երբ պաշտպանության նախարար դարձա, կարևոր հարցերից մեկն այն էր, թե ինչպիսին պետք է լինի բանակը: Երկար խորհրդակցելուց հետո որոշեցինք հիմնվել սովետական, ոչ թե ՆԱՏՕ-ի տիպի բանակի մոդելի վրա: Քանի որ մինչ այդ մեր տղամարդիկ ծառայել էին սովետական բանակում, այնտեղ էին փորձառություն ձեռք բերել մեր պրոֆեսիոնալ սպաները, իմաստ չուներ անտեսել այդ փորձը և զրոյից նոր բան սկսել: Ստեղծեցինք այդպիսի բանակ` որոշելով հետագայում բարեփոխումների միջոցով այն համապատասխանեցնել ժամանակակից պահանջներին:Մեր երկրորդ որոշումն այն էր, որ զինակոչով բանակը նվազագույն չափով օգտագործվի ռազմական գործողությունների ժամանակ, և այդ գործողությունների համար փորձառու, հասուն տղամարդիկ պատասխանատվություն կրեն: Դրանք նախկին ֆիդայիներն էին, նախկինում Աֆղանստանում և սովետական բանակում ծառայածները, հիմնականում երեսունն անց տղամարդիկ: Մենք նրանցով պրոֆեսիոնալ բանակ ստեղծեցինք, այսինքն՝ նրանք արդեն իսկ կամավոր կռվում էին, պարզապես բանակային պարտավորություններ ստորագրեցին, պետությունն էլ իր հերթին թիկունքում գտնվող նրանց ընտանիքներին աշխատավարձ սահմանեց:Նրանց հետ հինգ տարվա պայմանագրեր էինք կնքում, այսինքն՝ զինակոչով բանակին զուգահեռ ստեղծվում էր նաև պրոֆեսիոնալ բանակ: Նրանց կորուստերը շատ քիչ էին լինում. փորձ ունեին, լավ գիտեին, թե երբ հարձակվել, երբ խուսանավել, իսկ 18 տարեկան տղաներն ուրիշ էին: Հիշում եմ, մի անգամ Լաչինում, երբ մեծ հարձակում սկսվեց, մերոնք փախան, 18 տարեկան տղա էր մենակ մնացել… Դա այն բացառիկ դեպքերից էր, որ 18 տարեկան տղան ընկել էր ռազմաճակատ ու գնդացրով 2 ժամ պահել էր թշնամուն, մինչև մերոնք կարողացել էին ուժերը հավաքել: Բայց նա զոհվեց: Սա 18 տարեկանի մտածողություն է՝ հերոսություն, իսկ երբ պրոֆեսիոնալների հետ էինք գործ ունենում, մեր կորուստները չնչին էին:Հաջորդ կարևոր քայլը: Մենք փորձառու ֆիդայի տղաներ ունեինք, որոնք պատերազմում էին, բայց պատերազմը գրքերում կարդացածից շատ արագ վերափոխվեց ժամանակակիցի. պետք էր տիրապետել էլեկտրոնիկային, հակաօդային պաշտպանությանը, պետք էր տիրապետել տեխնիկային, որն ունեինք:Կարևորեցինք պրոֆեսիոնալ սպաների դերը: Երբ դիմեցի Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը, պարզվեց, որ մոտ 4400 հայ սպաներ են ծառայում ռուսական բանակում: Մենք կոչ արեցինք նրանց հայրենիք վերադառնալ: Եվ եկան: Հայրենիքին ծառայելու անձնական պարտքը բերեց նրանց: Ամենակարևորը` բանակում հաջողվեց իրականացնել նախկին ֆիդայիների և սովետական բանակից եկած պրոֆեսիոնալների համատեղ գործունեությունը, որ հաղթանակի երաշխիքներից մեկն էր:Կանոնավոր բանակի կառուցման գործում մեծ էր գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցի դերը: Ռազմական գործողությունների ծրագրման, օպերացիաների մշակման գործում մեծ դեր ունեին նաև այլ զինվորականներ` գեներալ Դարիբալթայանը Քելբաջարի օպերացիայի ժամանակ (Հայաստանի կողմից), Յուրի Խաչատուրովը՝ Կապանի օպերացիայի ժամանակ և շատ ուրիշներ: Ինչքան էլ այժմ շատ անուններ նշեմ, միևնույն է, բոլորին չեմ կարող նշել, և դա անարդար կլինի շատերի հանդեպ, որոնք անձնազոհաբար պայքարել են մեր հաղթանակի համար: Հետագայում երևի հարկ կլինի այդ ամենի մասին խոսել ավելի մանրամասն` նշելով յուրաքանչյուրի դերը:Այդ ժամանակ Հայաստանի և Ղարաբաղի բանակները միասնական էին: Ես` որպես պաշտպանության նախարար, սերտ համագործակցում էի Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի և Սամվել Բաբայանի հետ: Շատ բաներ Ղարաբաղում էին ծրագրվում, շատ բաներ՝ մեզ մոտ, բայց միասին էինք կատարում: Ղարաբաղում այդ ժամանակ մոբիլիզացիա էր, այսինքն՝ յուրաքանչյուր տղամարդ համապատասխան տարիքում պարտավոր էր բանակում լինել: Իմ դուրս գալուց հետո էլ բանակի ձևավորումը շարունակվում էր, մինչ օրս էլ բանակը ձևավորվում է և, իհարկե, հիմա շատ ավելի կարգավորված է, քան այն ժամանակ: Պատերազմի օրերին բանակում գտնվող մարդիկ միմյանց հանդեպ շատ ավելի անձնազոհ և նվիրված էին, քան խաղաղ պայմաններում, և դա բնական է:Հիշում եմ, Քելբաջարի օպերացիայից հետո ռազմական գործողությունների որոշ դադար եղավ: Հրամանատարներ կային, որ գալիս ասում էին` արագացնենք ռազմական օպերացիաները, որովհետև խաղաղ պայմաններում բանակը փտում է: Երբ խաղաղ պայմաններ էին, հարաբերությունների մեջ ճաքեր էին առաջանում, իսկ երբ պատերազմ էր՝ բոլորը միասին էին:Ռազմական առաջին հաղթական գործողությունները եղան այն ժամանակ, երբ մենք դեռ բանակ չունեինք, այն նոր էր ձևավորվում: Այդ ժամանակ պաշտպանության նախարարը Վազգեն Սարգսյանն էր, ռազմական գործողությունների հիմնական կազմակերպիչները ղարաբաղցիներն էին և Հայաստանից գնացած կամավորական ջոկատները:Այն ժամանակ շատ կարևոր օպերացիա կատարվեց ջոկատների միջոցով՝ Շուշիի գրավումն ու Լաչինի ազատագրումը, բայց դրանից հետո մենք սկսեցինք պարտություններ կրել: Չնայած արդեն սկսվել էր բանակի ձևավորումը, բայց մեր բանակը հին ձևով էր պայքարում՝ ավելի շատ ջոկատներով, ոչ թե ստրուկտուրաներով: Պատերազմը մտնում էր նոր փուլ, պահանջվում էր նոր մտածողություն, նոր` ժամանակակից բանակ: Այդ ժամանակ էր, որ ես նշանակվեցի պաշտպանության նախարար: Եվ իրար հաջորդեցին հաղթանակները, որոնք ես ինձ չեմ վերագրում: Դրանք մեծ կոլեկտիվի աշխատանք էին: Ուզում եմ ընդգծել, որ հաղթանակները ոչ միայն ճիշտ որոշումներ ընդունելու արդյունք էին, այլև` տասնյակ հազարավոր երիտասարդների անձնազոհության ու Ղարաբաղի հետ սերտ համագործակցության: Սա էր ամբողջ գաղտնիքը:Իսկ անունս ինչու չեն ասում… Այնուամենայնիվ, հաշվի առեք, որ պաշտպանության նախարարությունից դուրս գալուց հետո` մի քանի ամիս անց, ես, լինելով ԱԺՄ-ի նախագահ, ընդդիմության ղեկավարներից մեկը դարձա, իսկ 1996 թվականի նախագահական ընտրություններում միասնական թեկնածու էի: Եվ իշխանությունն աշխատում էր թուլացնել իմ ազդեցությունը բանակի վրա: Սկսեցին անջատել ինձ բանակից, հեղինակությանս հետ խաղալ, դա հատուկ կուրս էր: Բացի այդ, ամեն ոք ուզում է լավ բաներն իրեն վերագրել: Հետո էական դեր խաղաց հայաստանցի-ղարաբաղցի պայքարը, ամեն մեկն իր անունն էր առաջ տանում: Մի պահ ամենամեծ պետական գաղտնիքն այն էր, որ Վազգեն Մանուկյանը եղել է պաշտպանության նախարար, և նրա օրոք մենք սկսել ենք պարտություններից անցնել հաղթանակների և նորմալ բանակ ունենալ: Դա կարծես պետական գաղտնիք լիներ և մինչև այժմ էլ իներցիայով շարունակվում է:
16.06.2013            ավելին >>  
1918-ի մայիսի 28-ին իրականացավ այն երազանքը, որի մասին վաղուց արդեն չէինք էլ երազում

95 տարի առաջ` 1918-ի մայիսի 28-ին հռչակվեց Հայաստանի առաջին հանրապետությունը: Այն գոյատևեց ընդամենը 2,5 տարի. 1920-ի դեկտեմբերի 2-ին Երևան մտան 11-րդ Կարմիր բանակի զորամասերը, և հանրապետությունը խորհրդայնացվեց: Մայիսի 28-ը տոնական, ոչ աշխատանքային օր է սկսած 1991-ից: Առաջին հանրապետության հռչակման տարեդարձի առիթով այդ պատմական իրադարձության նշանակության ու քաղած դասերի շուրջ «Անկախը» զրույցել է ՀՀ Հանրային խորհրդի նախագահ, Հայաստանի երրորդ հանրապետության առաջին վարչապետ Վազգեն Մանուկյանի հետ: -Պարոն Մանուկյան, որքան էլ խոսենք առաջին հանրապետության դերի ու նշանակության մասին, էլի ասելիք կա: Ըստ Ձեզ, 1918-ին առաջին հանրապետության հռչակումն ի՞նչ նշանակություն ունեցավ մեր պատմության հետագա ընթացքի համար: - Առաջինը և ամենազարմանալին այն է, որ մենք դրանից մոտ 6 հարյուր տարի առաջ կորցրել էինք մեր անկախությունը, հետո միշտ երազել ենք անկախության մասին, բայց ոչ ոք անկախության հռչակումը որպես խնդիր չէր դրել իր առջև: 1890-ականներից Արևմտյան Հայաստանում սկսված շարժումների նպատակը բարեփոխումներն էին Թուրքահայաստանում, այսինքն` Արևմտյան Հայաստանում: Դաշնակցության ծրագրի մեջ կար Ռուսաստանի կազմում Արևելյան Հայաստանի ինքնավարության ստեղծումը և Թուրքիայի կազմում` Արևմտյան Հայաստանի, այսինքն` անկախության խնդիր նույնիսկ դրված չէր: Բայց 1918-ի մայիսի 28-ին, փաստորեն, իրականացավ այն երազանքը, որի մասին վաղուց արդեն չէինք էլ երազում: Անդրկովկասյան սեյմի գոյության ժամանակ թաթարների, մուսաֆատիստների նպատակը Թուրքիայի հետ վերամիավորումն էր, վրացիները ձգտում էին անկախության, Հայաստանի նպատակն էր, որ Անտանտը հաղթի և Հայաստանն ինչ-որ կերպ ստանա Արևմտյան Հայաստանը, թեկուզ և ինքնավար: Մենք ստացանք անկախություն, այսինքն` ավելին, քան կուզեինք, սակայն մեծ կորուստներից` Ցեղասպանությունից հետո: Կարծում եմ` եթե այդ պահը ճիշտ չօգտագործվեր, եթե այդ պահին մենք անկախություն չստանայինք, Սարդարապատում պարտվեինք և թուրքերը մտնեին Երևան, գուցե դրանից հետո հայկական պետության մասին մտածելն այլևս անիմաստ դառնար: Հայերը կդառնային հազարավոր էթնոսների նման մի էթնոս, որ աշխարհով մեկ սփռված է, ունի իր լեզուն, որը կամաց-կամաց կորսվում է, ունի իր հիշողությունը և պատմությունը, որը կամաց-կամաց կորչում է, և ոչինչ ավելին: Դա հազարամյակների մեջ մի վճռական կետ էր, որից հայ ժողովրդի պատմությունը շարունակվեց: Նունիսկ Չերչիլը, որ այդպիսի մեծ քաղաքական գործիչ էր, Առաջին համաշխարհային պատերազմի մասին իր գրքում հայերի և Ցեղասպանության մասին ասում է` հայերը շատ ծանր որոշման առջև էին կանգնած, քանի որ երկու կայսրությունների մեջ էին, որոնք իրար հետ կռվում էին, և պետք էր այդ երկու կայսրություններում չեզոքություն պահել, արդյունքում հայերն ունեցան կոտորած: «Ցավոք սրտի, այդ շնորհքով ազգը կորավ պատմության բեմից»,- ասել է նա: Բայց փաստորեն ոչ միայն պահպանվեցինք, այլև դրանից տարիներ հետո անկախ պետություն ստեղծվեց: - Իսկ որքանո՞վ ենք քաղել առաջին հանրապետության դասերը: Կա՞ն արդյոք սխալներ, որոնք մինչ օրս շարունակում ենք: - Շատ սխալներ կան, որոնք կրկնում ենք: Երբեմն, երբ կարդում ես առաջին հանրապետության մասին, ինտրիգներ, ամբարտավանություն, անհավասարություն նկատում ես, շատ բան կրկնվում է: Կան բաներ, որոնք կապված են ընդհանուր հասարակության, մարդկանց հետ, անընդհատ կրկնվում են: Չգիտեմ` դրանցից հնարավո՞ր է խուսափել: Բայց, օրինակ, այն ժամանակ ֆիդայական շարժումը վերածվեց խմբապետական շարժման, շատ դժվար էր. կանոնավոր բանակի հետ միասին կային նաև խմբապետներ: Այդ փորձը հաշվի առնելով` մենք 90-ականներին անկախության գնալիս դա շրջանցեցինք: Այն, որ չի կարելի ունենալ մի բարեկամ և մի թշնամի, այլ պետք է կարողանալ բոլորի հետ ինչ-որ չափով բարեկամություն անել, թշնամիների հետ էլ կարողանալ խոսել, մենք 90-ականների սկզբից որդեգրեցինք, և դա նույնպես դաս էր առաջին հանրապետությունից, առաջին հանրապետության քաղաքական գործիչների վերլուծության արդյունքն էր: - Եթե համեմատենք տարածաշրջանի իրավիճակը և մեր երկրի ունեցած դերը, ի՞նչ տարբերություններ կան այն ժամանակվա և ներկայի միջև: - Այն ժամանակ անհամեմատ ավելի թույլ վիճակում էինք: Անդրկովկասի կենտրոն քաղաքները Բաքուն ու Թիֆլիսն էին, որտեղ կենտրոնացած էին նաև հայ մտավորականները, հայ հասարակական կյանքը, հայ բիզնեսը, հայկական թատրոնը: Երևանը երկրորդական, հետամնաց նահանգ էր, որտեղ չկար ոչ մի լուրջ բան: Նույնիսկ Հայաստանի առաջին կառավարությունը, որ 1918-ի մայիսին Քաջազնունու գլխավորությամբ հռչակվեց Թիֆլիսում, հունիսի 20-ին նոր միայն տեղափոխվեց Երևան: Այն ժամանակ Բաքուն և Թիֆլիսը բոլոր առումներով շատ ավելի հզոր էին: Բայց Խորհրդային Միության փլուզումից հետո Երևանը, Թիֆլիսն ու Բաքուն համարժեք քաղաքներ էին դարձել: Տարածքային տեսանկյունից Խորհրդային Միությունը օգուտ բերեց Վրաստանին ու Ադրբեջանին, բայց զարգացման տեսանկյունից ամենից շատ, ինձ թվում է, օգտվեց Հայաստանը:
29.05.2013            ավելին >>  
Ոչ մի բանի էլ չի հասնի. Վազգեն Մանուկյանը Րաֆֆի Հովհաննիսյանի մասին

Հարցազրույց հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի հետ: Պարո՛ն Մանուկյան, ինչպե՞ս եք գնահատում ներքաղաքական իրավիճակը: Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլը՝ որպես ներքաղաքական պայքարի ձև, որքանո՞վ է ըստ Ձեզ արդյունավետ: Անկեղծ ասած՝ ես հացադուլներին այնքան էլ կողմնակից չեմ: Ես հացադուլը չեմ համարում լուրջ պայքարի ձև, չնայած ամեն մարդ ինքն է որոշում՝ ինչ պայքարի ձև ընտրել: Ճիշտն ասած՝ Րաֆֆի Հովհաննիսյանի պարագայում ես լավ չեմ հասկանում իր ներկայացրած պայմաններն ու պնդումները: Հացադուլ է արել, բայց ի՞նչ է պահանջում: Ձեզ համար պա՞րզ չէ, թե ինչ է պահանջում: Չէ՛, չեմ կարողանում հասկանալ, թե իր բազմաթիվ պահանջներից որն է առաջնայինը: Կամ էլ գուցե ինքն արտահայտել է՝ ես տեղյակ չեմ, չգիտեմ: Պարո՛ն Մանուկյան, Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր պահանջում է այն, ինչ ժամանակին Դուք էիք պահանջում՝ անվավեր ճանաչել ԿԸՀ հրապարակած նախագահի ընտրության արդյունքները: Բայց հիմա իրենք դիմել են ՍԴ: Ինչքանո՞վ է հիմնավոր՝ դիմել ՍԴ և, առանց սպասելու հայցի քննությանը, միաժամանակ հացադուլ հայտարարել: Ինձ համար իրենց պահանջներն ու պայքարը իսկապես հասկանալի չեն: Եթե մինչև ապրիլի 9-ը Րաֆֆի Հովհաննիսյանը շարունակի նստած մնալ Ազատության հրապարակում, Ձեր կարծիքով՝ ինչ-որ արդյունքի կհասնի՞: Ոչ մի բանի էլ չի հասնի: Միակ մտահոգությունս այն է, որ կարող է իր առողջությունը վնասել, քաղաքական առումով ոչ մի արդյունքի էլ չի հասնելու: Փոխզիջման հնարավորություն իշխանության կողմից չեք տեսնում: Կներեք՝ փոխզիջումը ո՞րն է: Եթե մենք խոսում ենք իրավական լուծումների մասին, ի՞նչ փոխզիջման մասին է խոսքը: Ցավոք, շատ հաճախ ինչ-որ խոսակցություններ են գնում, բայց հաշվի չի առնվում իրավական դաշտի պահանջները: Օրինակ՝ Րաֆֆի Հովհաննիսյանն ասում է՝ թող Սերժ Սարգսյանը գա, իշխանությունը տա: Նույնիսկ մեծ ցանկության դեպքում՝ այդպիսի իրավական նորմ չկա, գոյություն չունի: Որպես տարբերակ՝ առաջարկվում էր անցկացնել նախագահի նոր ընրություն կամ օրինակ ցրել ԱԺ-ն: Բայց ինչո՞ւ: Բերեք հասկանանք՝ մի կողմը պնդում է, որ թերություններն ու կեղծիքները այնքան շատ են եղել, որ ընտրության արդյունքը կարող էր այլ կերպ լինել, մյուս կողմը թվերով և փաստերով ապացուցում է, որ դա այդպես չէ: Մենք պետք է հույզերի ոլորտից տեղափոխվենք պնդումների ոլորտ:
15.03.2013            ավելին >>  
«Եթե մարդիկ նույնն են մնացել, ինչ էլ ստեղծեն, նույն է լինելու». Վազգեն Մանուկյանը՝ ՀՀՇ-ն ՀԱԿ-ի վերափոխելու մասին

ՀՀՇ վերջին համագումարի ու կուսակցության «վերափոխման» թեմայի վերաբերյալ «Անկախ»-ի հարցերին պատասխանում է ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը, որը եղել է ՀՀՇ հիմնադիր անդամ և վարչության առաջին նախագահ: -Պարոն Մանուկյան, նախ հիշենք Հայոց համազգային շարժման ստեղծման նախապատմությունը: Ի՞նչ խնդիրներ ու նպատակներ էին դրված Ձեր առջև: -Երբ ղարաբաղյան շարժումը ստեղծվեց, առաջին մարմինը Ղարաբաղ Կոմիտեն էր, որը փորձում էր կառավարել շարժումը: Իսկ երբ շարժումը տարածվեց ամբողջ հանրապետությունով մեկ, Ղարաբաղ կոմիտեի առաջին կոչը եղավ այն, որ բոլոր շրջաններում ստեղծվեն Ղարաբաղ կոմիտեներ: Մենք անմիջական կապի մեջ էինք այդ կոմիտեների հետ, այն ժամանակ մեր տանն էինք հավաքվում: Ամեն մի Ղարաբաղ կոմիտե «իսնտրուկտաժ» էր անցնում, գաղափարախոսություն և այլն: Հանրահավաքներում հնչում էր ոչ միայն Ղարաբաղի հարցը, այլև նաև ուրիշ հարցեր, և ինչ որ ժամանակ անց անհրաժեշտություն առաջացավ այդ ամենը ժողովրդի ապագայի համար օգտակար դարձնելու նպատակով վերածել մի շարժման, որն ունի գաղափարախոսություն, կանոնադրություն, խնդիրներ ու նպատակներ: Դա1988-ի գարնան ամիսներն էին: Պետք է նշել, որ Ղարաբաղ Կոմիտեում ոչ բոլորը միարժեքորեն ընդունեցին այդ միտքը: Դրան դեմ էր նաև Լևոն Տեր-Պետրոսյանը, որն ասում էր, թե մտել է այդ շարժման մեջ միմիայն Ղարաբաղի հարցի համար, և պետք չէ խառնել այլ հարցեր: Մի խնդիր էլ կար. երբ որ մենք մտցնում էինք ուրիշ հարցեր, Խորհրդային միության կողմից շարժումը դառնում էր ոչ ներելի. չէ՞ որ այլ հարց է, երբ ժողովրդի մի հատված փորձում է ինքնորոշման, տարածքի պատկանելության հարց լուծել, այլ բան, երբ բարձրացվում են ազատության, անկախության, ազգային շատ ու շատ այլ հարցեր:-Ե՞րբ վերջնականապես ձևավորվեց ՀՀՇ-ն և ի՞նչ խնդիրներ լուծեց:-Ղարաբաղ կոմիտեից հանձնարարվեց, որ առաջին անգամ ես պետք է հրապարակում կարդամ ծրագիրը և կոչը՝ Հայոց համազգային շարժում ստեղծելու վերաբերյալ: Նշեմ, որ գաղափարական սկզբունքներ գրելն իմ վրա էի վերցրի, և այն որ դա հեղինակային ծրագիր էր, հայտնի է բոլորին: Այդ ծրագրի, խնդիրների մեջ մտան ինչպես ազգային հարցեր՝ ցեղասպանություն, Արցախի հարց և այլն, այլև գաղափարախոսական՝ մշտական թշնամիների, մշտական բարեկամների վերաբերյալ իմ արտահայտած սկզբունքը, սեփական ուժերի վրա հենվելու հարցը, Հայաստանի և մահմեդական աշխարհի փոխհարաբերությունները, վերաբերմունքը պանթուրքիզմին և այլն: Դրա հետ մեկտեղ մտան նաև ազատության գաղափարների հետ կապված սկզբունքներ, օրինակ, կետերից մեկը ես վերցրեցի Միացյալ նահանգների անկախության հռչակագրի մի փոքր հատվածից, որն իր էմոցիայով շատ հնչեղ էր և մոտ ազատության այն գաղափարին, որին ձգտում էր մեր ժողովուրդը:Եթե չեմ սխալվում,1988-ի սեպտեմբերի մեկն էր, երբ առաջին անգամ այդ ամենը հրապարակավ հնչեց իմ կողմից: Ժողովրդի մեջ բավականին ոգևորություն առաջացավ. երկարատև պայքար էր սպասվում Ղարաբաղի համար, և երևաց նաև այն ճանապարհը, որով մենք գնում ենք՝ Ղարաբաղի հարցի հետ միասին լուծելով նաև այլ նպատակներ: Տեղի ունեցավ առաջին համագումարը, ընդունվեց կանոնադրությունը: Հետո վարչություն ընտրվեց, ինձ նշանակեցին վարչության առաջին նախագահ:Ինչ վերաբերում է խնդիրներ լուծելուն, ապա ՀՀՇ-ն այդ ժամանակ շատ ըմբոստ, պինդ և բոցկլտացող կազմակերպություն էր, բոլորն իրենց սեփական կարծիքներն ունեին, մարդիկ ինքնուրույն էին. դա այն ՀՀՇ-ն չէր, ինչը մենք վերջին ժամանակաշրջանում ենք տեսել: Եվ ես կարծում եմ, որ ՀՀՇ-ն պատմական բավականին մեծ դեր կատարեց մեր ժողովրդի անկախության, Ղարաբաղի հարցի լուծման և այլ հարցերում:
28.02.2013            ավելին >>  
«Նոր թեկնածուն՝ հին ծուղակում». Վազգեն Մանուկյանը՝ Րաֆֆի Հովհաննիսյանի և ընտրությունների մասին

ՀՀ նախագահական ընտրությունների վերաբերյալ «Անկախ»-ը զրուցել է ԱԺՄ նախագահ, ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի հետ - Պարոն Մանուկյան, տեղի ունեցավ ևս մեկ համապետական ընտրություն. ի՞նչն էր Ձեզ համար այս ընտրություններում անսպասելի:- Դեռևս այն ժամանակ, երբ հայտնի չէին ընդդիմադիր թեկնածուները, ակնհայտ էր, որ նրանցից մեկը 20-25 տոկոս կհավաքի: Դա էր ցույց տալիս ամբողջ նախորդ նախագահական ընտրությունների տրամաբանությունը: Երբ որ թեկնածուների ցուցակը հստակ դարձավ, հասկանալի էր, որ այդ թեկնածուն Րաֆֆի Հովհաննիսյանն է: Բայց անկեղծ ասած՝ ես չէի սպասում, որ նա այնքան ձայն կհավաքի, որքան հավաքեց, որովհետև նա ուներ բավականին փոքր թիմ, և նույնիսկ ընդդիմադիր շատ հատվածներ նրան ավելի շատ խանգարում էին, քան օգնում: Ի պատիվ իրեն՝ պետք է ասել, որ դա նրան հաջողվեց: Սա ցույց է տալիս երկու բան. առաջինը, որ նա ճիշտ էր կազմակերպել նախընտրական քարոզչությունը և երկրորդ՝ դժգոհությունն իշխանություններից շատ ավելին էր, քան կարելի էր պատկերացնել: Այս առումով սա ահազանգ է իշխանություններին, և Սերժ Սարգսյանը պետք է հաշվի նստի այս արդյունքների հետ:Երկրորդ անսպասելի բանն այն էր, որ բոլորը՝ նույնիսկ եվրոպական կառույցները, հայտարարում էին, թե այս ընտրությունների թերությունը ոչ մրցակցային լինելն է, ինչով խիստ վիրավորանք էին հասցնում մյուս թեկնածուներին: Կյանքը ցույց տվեց, որ իրենք սխալ էին: Ի դեպ, չնայած այդ հայտարարություններին և այն հանգամանքին, որ Սերժ Սարգսյանն ուներ բոլոր լծակները, նա ընտրություններին վերաբերեց՝ որպես հզոր հակառակորդների հետ պայքարի և նախընտրական քարոզչության ողջ ընթացքում աշխատանքային լուրջ ջանքեր ներդրեց՝ այցելելով հանրապետության բոլոր շրջաններ, հանդիպումներ ունենալով ընտրողների հետ և այլն:- Ձեր կարծիքով ի՞նչ քայլեր կձեռնարկի Րաֆֆի Հովհաննիսյանը:- Րաֆֆի Հովհաննիսյանը կարծես հայտնվել է որոշակի ծուղակում: Այլ կերպ ասած՝ նոր թեկնածուն հայտնվել է հին ծուղակում: Հիմա նա ունի երկու ճանապարհ՝ հայտարարել, որ չնայած իր կարծիքով տեղի են ունեցել ընտրակեղծիքներ, բայց ինքն ընդունում է ընտրությունների արդյունքները և չի բողոքարկում: Դրանով նոր էջ կբացվի երրորդ հանրապետության պատմության մեջ՝ նոր հնարավորություններ ընձեռելով հասարակությանը: Բայց այդ դեպքում հասարակության զգալի մասը նրան ծախված կհամարի, ինչն արդեն նրա համար խնդիրներ կառաջացնի: Դա անելը դժվար է նաև այլ պատճառով. նախորդ ընտրությունների փորձը ցույց է տալիս, որ նման իրավիճակում հայտնված թեկնածուն և իր թիմը անկեղծորն հավատում են, որ հաղթել են:Երկրորդը տարբերակը սովորական ճանապարհով գնալն է, որով գնում են բոլորը ընտրություններից հետո՝ հանրահավաքներ կազմակերպել, հայտարարել, որ հաղթել են, բայց հաղթանակը տվել են իշխանություններին, բողոքարկել միջազգային կառույցներին և այլն: Չեմ կարծում, որ ընդհարումներ լինեն, որովհետև այս պահին լարվածություն կարծես թե չի նկատվում (իշխանությունների որակն էլ է փոխվել): Եվ ահա այդ ամենն աստիճանաբար կմարի, ու կունենանք այն, ինչ ունեցել ենք բոլոր ընտրություններից հետո: Որոշողն, իհարկե, Րաֆֆի Հովհաննիսյանն է, տեսնենք՝ ինչ կլինի:
20.02.2013            ավելին >>  
«Կա մի խնդիր՝ կառուցել նոր ընդդիմություն». Վազգեն Մանուկյան

Առաջիկա նախագահական ընտրությունների շուրջ զրուցում ենք ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանի հետ:- Պարոն Մանուկյան, այս ընտրություններն աննախադեպ են նրանով, որ ընդդիմությունը, բացառությամբ «Ժառանգություն» կուսակցության, չի մասնակցում ընտրություններին, ինչը շատ քաղաքական ուժեր համարում են անառողջ քաղաքական մթնոլորտի հետևանք: Դուք համամի՞տ եք այդ տեսակետին:- Իսկապես, դրա մեջ անառողջ բան կա, բայց պետք է նախ հասկանանք, թե որտեղից է դա գալիս: Մի կողմից՝ խնդիրն իշխանության մեջ չէ, քանի որ իշխանությունը, ինչպես միշտ, իր թեկնածուով մտնում է ընտրությունների մեջ և պետք է ասել, որ ի տարբերություն նախորդ ընտրությունների, այս անգամ բավական հանդուրժողական մթնոլորտ է, և կեղծիքներով ընտրություններ կազմակերպելու անհրաժեշտություն էլ, կարծես, չկա: Խնդիրն ընդդիմության մեջ է: Ընդդիմությունը չկարողացավ ստեղծել մի մարմին՝ իր անձերով, իր թիմերով, իր գաղափարներով, որը դառնար այլընտրանք գործող իշխանություններին: Ինչի՞ հետևանք է դա: Կարծում եմ՝ 1995-96 թվականներից հետո ընդդիմադիր դաշտը հարվածներ ստացավ, և մարդկանց մեջ կամաց-կամաց ձևավորվեց մի հոգեբանություն, որ իշխանությունների դեմ խաղ չկա, ինչը բերեց ընդդիմադիր կուսակցությունների քայքայում, և ընդդիմադիր դաշտում հայտնվեցին տարբեր անձեր ու խմբավորումներ, որոնք ի զորու չէին այդ խնդիրը լուծելու: Առաջացավ անբնական ընդդիմություն: Անբնական, քանի որ ընդդիմադիր այդ ուժերի ղեկավարները կա՛մ պատասխանատու են եղել այն չարիքների համար, որի դեմ հիմա պայքարում են, կա՛մ էապես օգտվել են այդ չարիքներից: Եվ հենց այդ անբնականությունը խանգարեց, որ այս անգամ ձևավորվի լուրջ ընդդիմություն:- Այս իրավիճակից դուրս գալու ելքը ո՞րն է:- Եթե ուզում ենք Հայաստանում ունենալ նորմալ ընտրություններ, նորմալ քաղաքական դաշտ, իշխանություն, որն ակնածանքով է վերաբերվում ընտրողներին, ժողովրդին, որովհետև գիտի, որ ամեն մի սխալ բան իր կողմից պատժվելու է, կունենանք լրիվ այլ Հայաստան, իսկ այստեղ գլխավոր դերը ընդդիմությանն է: Նման ընդդիմությունով, ինչպիսին այսօր է, կյանքը ցույց տվեց, որ այդ խնդիրները հնարավոր չէ լուծել: Այսօր ողջ ժողովրդի և ընդդիմության առջև կա մի խնդիր` կառուցել նոր ընդդիմություն: Նոր չի նշանակում՝ լրիվ նոր մարդկանցից: Թե ինչ բեկորներ հնից կմնան կամ նորերը կառաջանան, կյանքը ցույց կտա: Կհաջողվի դա, թե ոչ, դժվարանում եմ ասել, բայց խնդիրը դա է, պետք է առողջացման պրոցես գնա ընդդիմության ներսում: Համենայն դեպս, հիվանդությունը դրա մեջ է, հետևաբար բուժումն էլ պետք է այդտեղ փնտրել:- Այս ընտրություններում կարծես թե պետք է բացառվեր իշխանությունների կողմից իրականացվող ընտրակեղծիքը, քանի որ ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանը չունի հավասար մրցակից: Այնուամենայնիվ, լուրեր են պտտվում որոշակի մեխանիզմներով ընտրողների վրա ազդելու մասին: Ինչպե՞ս կմեկնաբանեք այդ երևույթը:- Եթե նույնիսկ այդպիսի բան կա, այս ընտրությունների մեջ դա չէ որոշիչը, բնորոշը: Կարծում եմ` իներցիոն մտածողություն կա թիմի որոշ անդամների շրջանում. ինչպես արել են միշտ, անում են նաև այն ժամանակ, երբ դրա անհրաժեշտությունը չկա:
08.02.2013            ավելին >>  
Համախմբվելն իմաստ կունենա միայն հեղափոխություն անելու դեպքում

Հարցազրույց ԱԺՄ կուսակցության և Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի հետ- Պարոն Մանուկյան, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը քաղաքական կոնսուլտացիաներ է նախաձեռնել խորհրդարանական կառավարման համակարգին անցնելու իր նախաձեռնության շուրջ: Մինչ այդ Հայաստանի երեք ընդդիմադիր՝ «Ժառանգություն», Դաշնակցություն կուսակցություններն ու ՀԱԿ-ն են նման օրենսդրական նախաձեռնություններ արել: Ժամանակին դուք նույնպես այդ գաղափարի կողմնակիցն էիք: Հիմա ինչպե՞ս եք գնահատում այդ ուժերի նման նախաձեռնությունները:- ԱԺՄ-ն էլ նպատակահարմար է համարել, որ Հայաստանն անցնի խորհրդարանական համակարգի: Դա մեր կուսակցական դիրքորոշում է: Բնական է, որ ես կուսակցության դիրքորոշումը պիտի պաշտպանեմ: Եվ մենք դա միշտ ենք պնդել:- Այդ դեպքում կասե՞ք, թե որն է խորհրդարանական համակարգի առավելությունը: - Ընդհանրապես, եթե քննարկենք 60-ական թվականներից անկախություն ստացած մի քանի տասնյակ պետությունների փորձը, ապա կնկատենք, որ դրանցից որոնք գնացին պառլամենտական ճանապարհով, գոնե կեսից ավելին դարձան դեմոկրատական: Իսկ այն պետությունները, որոնք գնացին նախագահական համակարգով, ոչ մեկին չհաջողվեց ստեղծել դեմոկրատական համակարգ:Փաստորեն, նախագահական համակարգը աշխատում է Միացյալ Նահանգներում, իսկ կիսանախագահական համակարգն էլ աշխատում է Ֆրանսիայում: Մնացած ոչ մի երկրում, որտեղ կա նախագահական համակարգ, նորմալ դեմոկրատական պետություն չի ստեղծվել: Միշտ հեղաշրջումներ են լինում, որովհետև լինում է մի մարդուց կախված համակարգ: Եվ ստացվում է, որ մարդ փոխելը դառնում է հեղափոխությունների, հեղաշրջումների, չարաշահումների գործընթաց: Դրա համար էլ պառլամենտական համակարգն ավելի լավը կլիներ:Այդ հարցը մեզ մոտ մեկ-մեկ այլ կերպ է դրվում՝ որ եթե Հայաստանը չավարտված պատերազմ ունի, գուցե չարժե՞ գնալ պառլամենտական ավելի դեմոկրատական համակարգին: Բայց այդ դեպքում էլ միշտ կարելի է հակառակ օրինակը բերել, որ Անգլիան Չերչիլի ժամանակ պառլամենտական դեմոկրատական հանրապետություն էր, և երկրորդ համաշխարհային պատերազմում այդ համակարգն իրեն շատ լավ դրսևորեց:- 2005թ. Սահմանադրությունը փոխվեց, և ՀՀ կառավարման համակարգը դարձավ կիսանախագահական համակարգ: Որոշ չափով սահմանափակվեցին նախագահի լիազորությունները, փոխարենը ավելացվեցին վարչապետի լիազորությունները: Բայց այդ կիսանախագահական համակարգըկարծես թե չի գործում, և մեր երկրում նորից նախկին՝ նախագահական համակարգն է գործում:- Ֆորմալ տեսակետից 2005թ. Սահմանադրությամբ ենք առաջնորդվում, բայց ուժերի փոխհարաբերությունն այնպիսին է, որ, այնուամենայնիվ, հետևից նախորդ Սահմանադրությունն է երևում: Հայաստանում եթե գոնե մի անգամ նախագահը լիներ մի կուսակցությունից, մեծամասնությունն ու իր առաջադրած վարչապետը՝ այլ կուսակցությունից, այդ ժամանակ նոր կզգայինք Սահմանադրության պլյուսներն ու մինուսները: Իսկ այս պայմաններում դեռ չենք էլ հասկանում 2005թ. Սահմանադրությունը:- Այսինքն` Հայաստանը շարունակում է մնալ նախագահական պետություն, և Սահմանադրության մեջ տեղի ունեցած փոփոխությունները չեն գործում:- Բնական է, այո:- Արդյոք այդ համակա՞րգն է մեղավոր, որ Հայաստանում Սահմանադրությունը չի գործում: Գուցե նորից ինչ-որ սահմանադրական փոփոխություններ արվեն, բայց նորից այն չկիրառվի: Հայաստանի դեպքում՝ կիրառելո՞ւ, թե՞ համակարգի մեջ է խնդիրը:- Երկուսն էլ կա: Նախ` երբ նախագահը և ԱԺ մեծամասնությունը նույն կուսակցության ձեռքում են, այլ օրենքներ են սկսում աշխատել: Դա Ֆրանսիայում էլ է զգացվում: Երկրորդը՝ մեր կուսակցությունների ներքին կյանքը չի համապատասխանում խորհրդարանական հանրապետության ներքին կյանքին: Վերջիվերջո, պառլամենտական հանրապետության կուսակցությունը և նախագահական հանրապետության կուսակցությունը միմյանցից ինչ-որ ներքին հոգեբանությամբ, հին ավանդույթներով տարբերվում են: Մեր կուսակցությունները ներքին ավանդույթներով ավելի շատ նախագահական են, քան խորհրդարանական: Մինչդեռ քաղաքական պայքարի մի զգալի մասը պետք է տեղի ունենա կուսակցությունների ներսում: Այն, ինչը մենք գրեթե չենք տեսնում:
11.11.2012            ավելին >>  
«Ազատ օր»-ի հարցազրոյցը ՀՀ Հանրային խորհուրդի նախագահ Վազգէն Մանուկեանի հետ

Ինչպէս ծանօթ է մեր ընթերցողներուն, անցեալ շաբթու մէջ, երկօրեայ պաշտօնական այցելութեամբ Յունաստան գտնուեցաւ Հայաստանի Հանրային խորհուրդի նախագահ Վազգէն Մանուկեան: Ան հանդիպումներու շարք մը իրագործեց Յունաստանի արտաքին գործոց փոխ նախարար Գոնսթանտինոս Ցիարասի եւ Տնտեսական եւ Հանրային խորհուրդի նախագահ Խրիսթոս Փոլիզողոփուլոսին հետ:Ի՞նչ նպատակ կը հետապնդէ Հանրային խորհուրդի աշխատանքը, Յունաստանի համապատասխան խորհուրդին հետ:Նախ եւ առաջ բացատրեմ, որ երբ Հայաստանի մէջ ստեղծուեցաւ Հանրային Խորհուրդը անծանօթ աշխատանքի մարզ մըն էր, գէթ ինծի համար: ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանի նախաձեռնութեամբ կազմուեցաւ այս խորհուրդը, եւ նոր իր աշխատանքին սկսած էր, երբ ինծի ալ առաջարկուեցաւ որ մաս կազմեմ: Տեղեկութիւններ քաղելէ եւ գործունէութեան մասին ծանօթանալէ ետք, ես իմ համամտութիւնը տուի:Պարզուեցաւ որ 60 երկիրներ արդէն կան խորհուրդին մէջ եւ բաւական տարբեր իրարէ: Եւրոպական երկիրներուն մօտ այս խորհուրդի նպատակը հիմնականօրէն երկխօսութիւն գտնելն է իշխանութեան եւ հասարակութեան միջեւ, բայց այդ երկխօսութիւնը կը վերաբերի աշխատաւորներու եւ գործատէրերու ու գործատուներու մարզին: Ֆրանսայի մէջ օրինակի համար, եթէ գործատէրերը եւ արհմիութիւնները (սենտիքաները) չկարենան համաձայնութիւն գոյացնել օրէնքի մը նախագիծի վերաբերեալ, ապա օրէնքը չի մտներ Ազգային Ժողով: Կը նախատեսուի նոր վիճաբանութիւն եւ կը սահմանուի քննարկումներու նոր դաշտ, ապա օրէնքը կը հասնի Ազգային Ժողով:Հայաստան դարձաւ այս 60 երկիրները ընդգրկող միութեան անդամ: Այս երկիրներէն որոշներու հետ երկկողմանի համաձայնագիրներ կնքած ենք՝ Չինաստանի հետ, Ռուսաստանի, Յունաստանի, Փորթուկալի հետ:Յունաստանի հետ համաձայնագրի կնքումը շատ կարեւոր էր մեզի համար: Ինչպէս գիտէք մենք ունինք դարաւոր կապեր, դարաւոր շահեր: Անոնք միայն պատմութեան չեն վերաբերիր, այլ նաեւ ներկային եւ ապագային, որովհետեւ դժուար ժամանակաշրջան մը կայ մեր առջեւ, յատկապէս մեր տարածաշրջանի մասին: Այս առումով լաւ կ’ըլլայ որ Յունաստանը, հակառակ իր անցուցած ճգնաժամին, կարեւոր դերակատարութիւն վերցնէ տարածաշրջանէն ներս ընթացող հարցերու կապակցութեամբ:Ինչի՞ մասին էր Յունաստանի հետ ձեր կնքած համաձայնագիրը:Յունաստան իր հեղինակութիւնը կը գործածէ խորհուրդներու դաշտէն ներս, մեր կազմակերպութիւնը յառաջ տանելու իմաստով:Իսկ համաձայնագրի գլխաւոր մասերէն էին կրթութեան մարզէն ներս համագործակցութեան արդիւնաւորման, համալսարաններու միջեւ փոխանակումներու, բնապահպանական, ուժանիւթային, տնտեսութեան վերաբերող տարբեր հարցեր:Գիտէք թէ Հայաստանի եւ Յունաստանի կառավարութեանց միջեւ «կանաչ լոյս» բացուած է շուկայի եւ առեւտուրի համար, սակայն ապրանքներու շրջանառութիւնը դեռ շատ փոքր է եւ պէտք է դրդել ու քաջալերել այս մարզի զարգացումը: Հակառակ ճգնաժամի պայմաններուն, կարելի է առիթներ օգտագործել որպէսզի ներդրումները աւելիով զարգացնել:Հանրային խորհուրդի անուանումը նկատի ունենալով, պիտի կարծուէր թէ հանրութեան հետ կապուած հարցերը հիմնականօրէն ձեր ուշադրութեան կեդրոնը պիտի կազմէին:Այո, այդ մէկը կայ. տեսէք, մենք հազիւ Հայաստան վերադառնանք, արդէն նախատեսած ենք նիստ ունենալ եւ հանդիպում ՀՀ նախագահին հետ, ուր երեք բոլորովին տարբեր հարցեր պիտի քննարկուին:Հասարակական կազմակերպութիւններու հետ համագործակցելով հայեցակարգ մը ստեղծած ենք, քաղաքացիական հասարակութեան ապագայի նախադրեալները քննարկելու մասին: Ըսեմ, որ դանդաղ քայլերով, ի հարկէ, սակայն Հայաստանի մէջ սկսած է զարգանալ հասարակական քաղաքացիութիւն:Երկրորդ հարցը կը վերաբերի մեր հեռուստատեսութեան կայաններու սփռած հաղորդումներուն: Շատ ցած մակարդակի են անոնք, որ կը խաթարեն նաեւ մեր աւանդութիւնները եւ մեր ազգի յատկանիշները: Շատ անգամ նոյնիսկ հակահայկական ծրագիրներ են անոնք: Պատահական չէ որ մտաւորականութիւնը անընդհատ հանդէս կուգայ այս մարզը վերահսկելու յայտարարութիւններով:Այս գծով ՀՀ նախագահը դիմեց մեզի, դիտել տալով թէ «դուք էք հանրութեան հետ աշխատողը, դուք ներկայացուցէք ծրագիր, թէ ինչպիսի՞ քայլերու պէտք է դիմել բարելաւելու համար հեռատեսիլի յայտագիրները»: Մենք հանդիպումներ ունեցանք հեռուստատեսութեան եւ լրատուամիջոցներու ու տարբեր պատասխանատուներու հետ եւ ամսուն վերջաւորութեան պիտի ներկայացնենք մեր առաջարկները, վստահաբար նկատի առնելով թէ յայտագիրները պէտք է ըլլան դաստիարակչական, ըլլան զուարճացուցիչ, չխրախուսեն բռնութիւնը, միաժամանակ որեւէ ձեւով չկանխարգիլեն խօսքի եւ կարծիքի ազատութիւնը:Երրորդ ծրագիրը կապուած է Արարատեան դաշտի մէջ ձկնաբուծութեան տրամադրուած լիճերու հարցին: Արարատեան դաշտի վրայ տարեկան կարելի է օգտագործել 1 միլիառ 200 միլիոն գ.մ. ջուր: Եթէ աւելի օգտագործուի դաշտավայրը կը տուժէ, որովհետեւ այդ տարածքի հողը յաւելեալ ջուրի քանակութիւն չի կրնար ամբարել: Բայց մենք անընդհատ կը փճացնենք Արարատեան դաշտավայրը, թոյլատրելով յաւելեալ քանակութիւններու օգտագործում: Բնապահպանները բուռն բողոքներ կը ներկայացնեն: Այս գծով ուրեմն, մենք նոր առաջարկ մը կատարեցինք, որպէսզի ջուրի մէկ մեծ մասը (մօտ 70% տոկոսը) ֆիլթրէ անցնի եւ նորէն օգտագործուի:Այս հարցը պարզ չէ. որովհետեւ հոն կան օլիկարքները, որոնք կ’օգտագործեն լիճերը եւ որոնց համար այս սիսթեմը դիւրաւ կրնայ գործադրուիլ, քանի որ իրենք կը տրամադրեն անհրաժեշտ գումարները: Բայց հարց կայ աւելի փոքր գործատեղիներ պահողներուն հետ, որոնց այսպիսի սիսթեմի մը կիրարկումը իրենց համար ծանր գումարներ պիտի տրամադրէր: Ուրեմն մենք պէտք է ձեւը գտնենք որպէսզի չփճացնենք փոքր ձեռնակատուները:Ինչպէս կը տեսնենք անընդհատ բազմազանութիւն կայ մեր աշխատանքի դաշտէն ներս:Այս իմաստով ալ տարբեր երկիրներու փորձառութիւնը մեզի օգտակար կ’ըլլայ որոշ հարցերու կապակցութեամբ: Օրինակի համար՝ Պրազիլի մէջ նախագահը նաեւ հանրային խորհուրդի նախագահն է: Մենք իրենց հետ վեց ուղղութիւններով երկկողմանի համաձայնագիր կնքած ենք՝ բնապահպանական, գիւղատնտեսական, եւայլն: Ինչպէս հասկնալի է Պրազիլի համար հանրային խորհուրդի դերակատարութիւնը շեշտուած է, քանի որ երկրի նախագահն ալ կը մասնակցի այդ գործընթացին, ռազմաքաղաքական նշանակութիւն տալով խորհուրդին:Այլ օրինակ. Չինաստանի մէջ հանրային խորհուրդի նախագահը քաղաքական բիւրոյի անդամ է. դարձեալ շատ բարձր պաշտօն ունեցող անձ է: Չինաստանի հետ մեր պայմանագիրը կը նախատեսէ պղնձաձուլական գործարանի կառուցումը Հայաստանի մէջ:Եւրոպայի մէջ աշխատանքի մարզն է հիմնականօրէն առարկան, արհմիութիւններու եւ գործատէրերու միջեւ:Թուրքիա չի մասնակցիր այս 60 երկիրներու խորհուրդին մէջ, ոչ ալ Ատրպէյճանը:Նախագահական ընտրութիւններու նախորդող այս ժամանակաշրջանը յատկանշուեցաւ սրած քաղաքական մթնոլորտով (Օսկանեանի հետապնդում եւայլն): Ինչպիսի՞ դերակատարութիւն կամ ազդեցութիւն ունի ձեր խորհուրդը Հայաստանի քաղաքական կեանքէն ներս:Տեսէ՛ք. Ֆրանսայի մէջ հանրային խորհուրդի ձեւաւորումը սահմանադրութեամբ պայմանաւորուած է: Յունաստանի մէջ նոյնպէս: Ռուսաստանի մէջ սկիզբը Փութինի հրամանագրով եղաւ, յետոյ, մի քանի տարի ետք, Տուման (խորհրդարանը) օրէնք ընդունեց:Հայաստանի մէջ հանրային խորհուրդը ստեղծուեցաւ ՀՀ նախագահի հրամանով: Այսինքն լիազօրութիւններու եւ պարտականութիւններու դաշտը նշուած էր այդ փաստաթուղթին մէջ:Հանրային խորհուրդի ազդեցութեան ցուցանիշը մեծ մասով կապակցուած է իր անդամներու հեղինակութեամբ եւ հանրութեան վստահութիւնը վայելող անձերու ընտրութեամբ: Մեր առաւելութիւնը այն է, որ պարբերական հանդիպումներ կ’իրականացնենք թէ նախագահի թէ վարչապետի հետ, իրենց նկատողութեան յանձնելով բոլոր այն հարցերը ուր անհրաժեշտ կը նկատենք միջամտութիւնը: Այսպէս է որ հնարաւորութիւններ կը տրուին հարցեր լուծելու:Հիմա կը գտնուինք երկրորդ փուլ. արդէն պայմանաւորուած ենք որ պէտք է Ազգային Ժողով մտցնել օրէնք մը հանրային խորհուրդի մասին, որպէսզի այն ձերբազատուի նախագահի հրամանագրով ճշդուելէ, եւ ըլլայ օրէնքով ամրագրուած: Հետագային, սահմանադրութեամբ ալ ճշդուած կÿըլլայ թէ ոչ, այդ ալ ուրիշ հարց է:Այս առաջարկին նպատակը խորհուրդի աւելի անկաշկա՞նդ գործելու եղանակի ապահովումն է:Մենք որեւէ պարագայի կաշկանդում չենք զգացած: Շատ անգամներ ըսած ենք այնպիսի բաներ, որ նախագահի կամ վարչապետի դժգոհութիւնը յառաջացուցած են: Շատ անգամ հակառակ կարծիքներ ունեցած ու վիճած ենք, բայց ես երբեք չեմ զգացած որեւէ ձեւի կաշկանդում կամ խոչընդոտ:Կը յիշեմ երբ մեր ամբողջ ընկերութիւնը տակնուվրայ եղած էր օտարալեզու դպրոցներու հարցով: Երկար տեւեց սրած մթնոլորտը եւ հակառակութիւնը, բայց վերջ ի վերջոյ լուծում գտնուեցաւ, որ էապէս տարբեր էր իրենց (իշխանութիւններու) ուզածէն:Ինչ կը վերաբերի ընտրութիւններով յատկանշուած քաղաքական դաշտին, պէտք է ըսել որ մենք կը փորձենք հեռու մնալ այդ դաշտէն, որովհետեւ հանրային խորհուրդը կուսակցութիւն չէ եւ ոչ ալ քաղաքական նպատակներ կը հետապնդէ, կապուած իշխանութեան հետ: Անշուշտ ես ԱԺՄ կուսակցութեան նախագահն եմ, բայց քանի որ մեր կուսակցութիւնը ներկայիս աշխուժ չէ, որեւէ հակասութիւն չի յառաջանար մեր դիրքորոշումներուն մէջ:Ինչ կը վերաբերի հետապնդումներուն եւ Օսկանեանի պարագային, տհաճ պատմութիւն է ի հարկէ: Բայց միւս կողմէ պէտք է նկատի ունենալ թէ նման պատմութիւններ բոլոր երկիրներուն մէջ կը պատահին: Քաղաքականութեան մէջ այդպիսի մեղադրանքներ կÿըլլան, ոչ թէ ֆինանսներու իւրացման, այլ ֆինանսները ոչ օրինական ձեւով օգտագործելու մասին:Կայ քաղաքական միտում: Բայց ինչպէ՞ս չլինի. դուք կը տեսնէք թէ ամբողջ աշխարհի մէջ քաղաքական պայքարը շատ դաժան կերպով կÿընթանայ եւ եթէ մէկու մը վրայ բիծ կայ, այդ կÿօգտագործուի մին չեւ վերջ:Մեր երկրի քաղաքական թէ հասարակական կեանքի երեւոյթները (արտագաղթ, քաղաքական դէմքերու դէմ հետապնդումներ) ցոյց կուտան որ մարդոց վստահութիւնը խախտած է պետութեան դէմ:Ինչպէ՞ս կ’ըսէք այդ. պէտք է խօսիլ համեմատութիւններով: Դուք կը կարծէք որ այդ վստահութիւնը կա՞ր նախապէս. կա՞ր Լեւոն Տէր Պետրոսեանի կամ կա՞ր Ռոպերթ Քոչարեանի նկատմամբ: Հոկտեմբեր 27ի դէպքերէն ետք եկող վիճակը, երկրորդ փուլով ընտրութիւններ կայացնելու հարցը… ցաւոք սրտի՝ այդ վստահութիւնը որ մենք կը փնտռենք Հայաստանի մէջ, երբեք չկար…Գուցէ 1900ական թուականներու սկիզբին. պահու մը միայն, շատ կարճատեւ…Ցաւով պէտք է հաստատել թէ մենք չենք կորսնցուցած բան մը որ արդէն ունէինք, այլ վստահութեան հիմքերը երբեք ամուր չեն եղած մեր մօտ:Տեսէք օրինակ մը տամ. վերջերս Սերժ Սարգսեանը սկսաւ ջանքեր ի գործ դնել, մարդոց գործերու մէջ տեղաւորելու իմաստով: Անմիջապէս սկսան խօսքերը թէ ընտրութիւններու նախօրեակը ըլլալով է որ այս ջանքը կը տարուի: Բայց ինծի համար կարեւոր չէ եթէ նախընտրական շրջան է կամ ոչ: Կ’ուզեմ որ ինք այդ մէկը ընէ: Եթէ նախապէս ալ ըրած ըլլար, դեռ աւելի լաւ պիտի ըլլար: Բայց նոյնիսկ հիմա, շատ լաւ է որ կ’ընէ:Ես կարեւոր բան մը եւս կը տեսնեմ հոս: Յայտնի կը դառնայ թէ (դեմոկրատիայի էլէմէնթ) ժողովրդավարութեան ազդակն է որ կայ: Վերջ ի վերջոյ դեմոկրատական երկիր ի՞նչ կը նշանակէ: Կը նշանակէ թէ մարդոց ձայնը քեզի համար կարեւոր է: Որքան աւելի ժողո- վըրդավարութիւն կը հաստատուի, այնքան աւելի քաղաքական դէմքերը պէտք է փորձեն ընդունելի դառնալ ժողովուրդէն:
25.10.2012            ավելին >>  

Home page Web mail Map
EnglishRussian


1996


www.ajk.am

  www.armenia.li
www.armenia.li
608342
570948