|
|
 |
|
|
ԱԺՄ քաղաքական սկզբունքներն ու գործունեությունը
«Ամեն մի խաղաղ տարի մեզ համար Աստծո պարգև է»
Այս օրերին դարձյալ ազգովի ևս մեկ տարի պատմության գիրկն ուղարկելու, անցնող տարին վերլուծելու գործին ենք լծված: Մինչ տիկնայք ջանասիրաբար ամանորի ճոխ սեղան ունենալու փնտրտուքի մեջ են, իշխանավորներն ու բազմազբաղ քաղաքական գործիչները, ավանդույթի համաձայն, ծանրութեթև են անում անցնող տարվա արածն ու չարածը և գալիք ընտրական տարվա պլաններ մշակում: Թեև տարին նոր է սկսվում, բայց դժվար չէ կռահել մեր ազգընտիր պատգամավորների` Ձմեռ պապին ուղղված նամակ-խնդրանքի բովանդակությունը` կրկին պատգամավոր դառնալ:
Ինչևէ, անցնող տարին վերլուծենք Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյան հետ:
– Պրն Մանուկյան, ինչպիսի՞ն էր անցնող տարին Ձեզ համար և երկրի համար: Ի՞նչ շահեցինք ու ի՞նչ կորցրեցինք:
- Մեր ընտանիքի համար վատ տարի չէր: Առանձնապես չէր տարբերվում մյուս տարիներից: Ինչ վերաբերում է երկրին, լավ էր, որ պատերազմ չեղավ, որովհետև ամեն մի խաղաղ տարի մեզ համար Աստծո պարգև է: Որոշ դրական փոփոխություններ նկատել եմ, այնուամենայնիվ, մենք տնտեսական խոր ճգնաժամ ենք ապրում, որն ազդում է մարդկանց վրա, նպաստում արտագաղթին, որը սարսափելի է մեր փոքր երկրի համար: Չնայած այդ աստիճան մեծ չէ, ինչպես հաճախ ներկայացվում է մամուլում, բայց դա առկա է: Իսկ եկող տարվանից, անկեղծ ասած, լավ բան եմ սպասում:
- Անգամ եթե տարին ընտրակա՞ն է:
- Ընտրությունները միշտ էլ լարվածություն են առաջացնում, բայց ԱԺ-ի ընտրությունները երբեք երկրի ներսում մեծ փորձություններ չեն բերում: Թեև մեծ պայքար է գնում, բայց ոչ ավելին, քան նախագահականն է ենթադրում, երբ երկու-երեք թեկնածու են պայքարում: Հայաստանի բոլոր կետերում պայքար է մղվում, երբեմն, ցավոք սրտի, ոչ մաքուր: Հուսանք, որ նոր Ազգային ժողովն ավելի լավ կազմ կունենա, քան նախորդն էր: Ավելի մաքուր, ավելի պրոֆեսիոնալ:
- Շահերի բախումներ, ըստ էության, առկա են ամենուր, նաև մեր ներքաղաքական զարգացումներում: Այդ առճակատումները, Ձեր համոզմամբ, ի՞նչ հետևանքներ կունենան գալիք ընտրություններում:
- Շահերի բախում միշտ լինում է, ողջ աշխարհում: Որ հաճախ փաստում ենք, թե միասնական ժողովուրդ ենք, չի նշանակում, որ շահերի բախում չպետք է լինի: Խնդիրն այն է, թե ինչպե՞ս քաղաքակիրթ, օրինական խողովակի մեջ մտցնես, որովհետև երբեք չես կարող խուսափել այդ բախումից, երբ աշխատավորի և գործատուի, արտահանողի և ներկրողի հակասություն կա: Այն առկա է աշխարհի բոլոր երկրներում, բայց կա նաև մի միացնող կաղապար, որը հայերիս մեջ էլ կա: Բայց մեր ցավն այն է, որ երբեմն այդ շահերի պայքարն անօրինականության է հանգեցնում: Դրա դեմ արդեն պետությունը պետք է պայքարի: Այդ դերը պետությունն այսօր այնքան էլ լավ չի կատարում:
- Համահայկական մի կարևոր խնդիր նաև ունենք` չափազանց պատասխանատու: ԼՂ կարգավիճակի հարցը, որը թվում էր, թե արցախցին մեկընդմիշտ լուծել է իրեն պարտադրված պատերազմով: Բայց արի ու տես, որ դիվանագիտությունը մեզ այլ քայլեր է պարտադրում, որի սայլն արդեն 18 տարի է, ինչ տեղից չի շարժվում, թեև ասում են, որ ժամանակը մեր օգտին է գործում: Դեռ որքա՞ն պիտի սպասենք, ի՞նչ լուծում եք տեսնում:
- Գիտե՞ք, խնդիրն ինչ-որ տեսանկյունից լուծված է: Ղարաբաղը չի կարող բանակցությունների միջոցով կորցնել իր անկախությունը և մտնել Ադրբեջանի կազմի մեջ: Ադրբեջանը կհամաձայնի՞ Ղարաբաղի անկախությանը, եթե այո, ապա լուրջ բանակցություններ կսկսվեն փախստականների, սահմանների հստակեցման վերաբերյալ: Բայց այդ բանակցությունները շատ հեռու են, որովհետև, եթե Ղարաբաղն իրեն պարտադրված պատերազմում արդեն հաղթել է, և հիմա նոր սերունդ է այնտեղ ապրում, որն ի ծնե արդեն սովոր է անկախությանը, ո՞վ պետք է ստորագրի մի փաստաթուղթ, որով կորցնեն այդ անկախությունը: Դա անհնար է: Նաև խելքին մոտ չէ, որ Ադրբեջանի ղեկավարությունը կընտելանա Ղարաբաղը իրենցը չլինելու մտքի հետ: Դա նշանակում է, որ մոտ ժամանակներում որևէ քաղաքական լուծում չի լինելու: Հետևաբար, Ադրբեջանը, դա շատ լավ գիտակցելով, շարունակ պատերազմի մասին է խոսում: Բայց պատերազմելու համար շատ մեծ ուժեր են պետք, որովհետև հարձակվող կողմը երեք անգամ ավելի մեծ ուժ պիտի ունենա, որն Ադրբեջանը ոչ միայն այսօր, այլև մոտ ժամանակներս էլ չի ունենա: Ուստի մրցակցությունն արդեն տնտեսության ոլորտ կտեղափոխվի: Գուցե տասնյակ տարիներ պահանջվեն, բայց միայն տնտեսապես զարգացած երկիրը կկարողանա քաղաքական մեծ դիվիդենտներ ստանալ, ողջ աշխարհում ընկալելի լինել և վերջնականապես ինչ-որ իմաստով խնդիր լուծել:
- Տարեվերջն ամփոփիչ եզրագիծ է բոլորի համար: Անշուշտ, իր արածն ու չարածն ամփոփելու փորձ կանի նաև Հանրային խորհուրդը, որի կենսագրությունը, եթե չեմ սխալվում, սկսվել է 2009-ից: Ընդհանուր առմամբ, ի՞նչ գցեցիք մաղին:
- Հանրային խորհուրդը մի նոր ինստիտուտ է, որը ստեղծվեց 2009-ին: Մինչ անկախությունը մենք ունեցել ենք դաշնակցական և կոմունիստական կառավարություններ, մի քիչ կեղծ Գերագույն խորհուրդ, բայց երբ անկախացանք, կրկին կառավարություն և բավական լուրջ խորհրդարան ունեցանք, բայց ոչ Հանրային խորհուրդ: Խոսքը կատարելագործման մասին է: Հայաստանում Հանրային խորհուրդ գոյություն չի ունեցել: Եվ սկզբում թվում էր, թե դա շինծու մի բան է, ստեղծվել է իրավիճակի թելադրանքով, ոչ թե մտածված: Պարզվեց, որ աշխարհի 60 երկիր ունի այդ կառույցը, ընդ որում, ինչպես եվրոպական զարգացած երկրներ Ֆրանսիան, Իսպանիան, Հունաստանը, Իտալիան, այնպես էլ լատինաամերիկյան, աֆրիկյան շատ երկրներ: Անգամ ոչ այնքան ժողովրդավար երկրներ, ինչպիսին, օրինակ, Չինաստանն է: Հանրային խորհուրդ կա նաև Ռուսաստանում: Պարզվեց, որ դա շատ կարևոր ինստիտուտ է, որը բնորոշ է ցանկացած զարգացող պետությանը, որում ժողովրդավարության, հասարակայնության շահերի ամենօրյա պայքարի ձգտում կա: Այն մի մշտական խողովակ է թե° իշխանություն-հասարակություն երկխոսության, թե° հարցեր լուծելու համար:
- Եվ դա հաջողվո՞ւմ է:
- Ինչքան էլ երբեմն հպարտանում ենք մեր աշխատանքով կամ երբեմն թերահավատ ենք, միևնույնն է, երկու տարվա ընթացքում ինստիտուտը լրիվ կայանալ չէր կարող: Բայց մենք արդեն գիտենք, թե ինչ է պետք անենք ապագայում: | |
«Եթե իմանամ այդպես կլինի, համաձայն եմ ցանկացած մահի». Վ. Մանուկյան
ՀՀ հանրային խորհդուրդն այսօր ամփոփեց 2011 թվականի գործունեության արդյունքները` միաժամանակ ներկայացնելով իր գործունեության երկուսուկես տարվա ընթացքում հասարակության ուշադրության կենտրոնում եղած խնդիրների վերաբերյալ եզրակացություններն ու առաջարկները:
Հանրային խորհուրդն այս տարիներին եկել է այն եզրահանգման, որ չնայած դատական համակարգում իրականացված որոշ բարեփոխումներին` այդ համակարգի նկատմամբ հասարակության վստահությունը գրեթե բացակայում է, ուստի պետք են արմատական փոփոխություններ: «Մի երկիր, որտեղ դատական համակարգի նկատմամբ հավատ չկա, չի կարող զարգագնալ ոչ բիզնեսը, ոչ քաղաքականությունը, ոչ էլ որևէ այլ բան»,-նշեց Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը,-նախ, պետք է վերանայել կադրերին. մարդիկ, որոնք այդ համակարգում աշխատում են, պետք է լինեն ազնիվ, պարկեշտ և պրոֆեսիոնալ: Բացի այդ, դատավորները հնարավորինս պետք է անկախ և ազատ լինեն»:
Երկրորդ խնդիրը, որը Հանրային խորհրդի ուշադրության կենտրոնում է եղել, Հայաստանի հանքերի վիճակն է. հանքերը վաճառվել են ոչ ճիշտ ձևով և արդյունավետ չեն շահագործվել: Հանրային խորհրդի որոշ անդամներ, անգամ, եկել են այն համոզման, որ պետք է վերանայել հանքերի սեփականաշնորհման կարգը` ընդունելով օրենք հանքերն ազգայնացնելու մասին:
Հանրային խորհուրդը ակտիվ զբաղվել է նաև գյուղատնտեսության հարցերով` բավականին արդյունավետ համագործակցելով գյուղատնտեսության նոր նախարարի հետ և որոշակի դրական արդյունք արձանագրելով: Հիմնական գաղափարը, որ այս ոլորտում ՀԽ-ն առաջ է տանում, հետևյալն է. գյուղատնտեսությունը պետք է լինի ոչ թե մի քանի հարուստների, այլ գյուղացիության ձեռքում: Այստեղ էլ առաջ է գալիս նաև կոոպերացիայի գաղափարը, որը տարածված է Եվրոպայի շատ երկրներում: Սակայն Հանրային խորհդրի նախագահը հողի մասնավոր սեփականության դրական օրինակ էլ մատնանշեց` սփյուռքահայ գործարար Էռնեկյանի կողմից հսկայական չոր տարածքները խաղողի այգիների վերածելու մեծ և արդյունավետ աշխատանքը: Մանուկյանը նաև նկատեց, որ Էռնեկյանի խաղողի այգիների կողքին հսկայական տարածքներ են գնել նաև շատ այլ հարուստներր, որոնք հողը չեն էլ օգտագործում: «Ես կարծում եմ` պետք է օրենք ընդունել, որ եթե մարդը 10-20 հեկտարից ավելի հող է գնել և չի օգտագործում, պետք է նրանից հետ վերցնել, որովհետև չի կարելի թողնել, որ մեկը հողը գնի և սպասի, մինչև գները բարձրանան, վաճառի»,-ասաց նա:
Հանրային խորհուրդը հետևել է նաև գիտության ոլորտում իրականացվող տեղաշարժերին` մասնավորապես գիտության ֆինանսավորման հետ կապված, սակայն եզրակացրել, որ պետք են կտրուկ փոփոխություններ ոչ միայն գումարի չափի, այլև ֆինանսավորման ձևի առումով: Ինչ վերաբերում է կրթությանը, ապա բարձրացվել են դասագրքերի վերանայման հարցը, բուհական համակարգի բարեփոխումների ընթացքը, հետբուհական կրթության կազմակերպման հարցերը: «Կարծում ենք, որ շատ ու շատ դասագրքեր պետք է փոխվեն,-ասաց Մանուկյանը,-օրինակ, Հայ ժողովրդի պատմության դասագիրքը երեխային պետք է տա ճշգրիտ գիտելիքներ, բայց միևնույն ժամանակ սեր և հպարտություն արթնացնի իր երկրի, ժողովրդի և պատմության հանդեպ, սակայն այսօր դասագրքերն այդ դերը չեն կատարում»:
Ինչ վերաբերում է Հայաստանի տնտեսությանը, ապա Հանրային խորհրդին ամենաշատը մտահոգել է տնտեսության մենաշնորհային դիրքը, պաշտոնյաների` բիզնես ոլորտում ներգրավված լինելը: «4-5 հոգի վերցրել են տնտեսության տասնյակ ոլորտներ, չկա մրցակցություն, կա գների աճ, չինովնիկներն ունեն հսկայական սեփականություն և բիզնես,-թվարկեց Հանրային խորհդրի նախագահը,-եթե մենք դա չվերացնենք, առողջ մրցակցություն չմտցնենք, ապա որևէ բանի չենք հասնի, իսկ մեր առջև ճգնաժամն է և Ղարաբաղի չլուծված հարցը»:
Ըստ Մանուկյանի, մեր ռազմաճակատը հիմա ոչ թե Ղարաբաղում է, այլև տնտեսության, գիտության, մշակույթի, երեխաների դաստիարակության մեջ: | |
Վարչապետը կարևորեց Հայաստանի և Հունաստանի հանրային խորհուրդների համագործակցությունը
Այսօր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունեց Հունաստանի տնտեսական և սոցիալական խորհրդի պատվիրակության անդամներին, որոնք Հայաստանի հանրային խորհրդի հրավերով երկօրյա այցով գտնվում են Հայաստանում` համագործակցության համաձայնագիր ստորագրելու նպատակով:
Տիգրան Սարգսյանը կարևորեց Հայաստանի Հանրային խորհրդի միջազգային համագործակցությունն ու փորձի փոխանակումը. «Հանրային խորհուրդը մեր իրականության մեջ նոր ինտիտուտ է և առաջին քայլերն է անում,-ասաց նա,-տեսնում ենք, որ այն հասարակությանը հուզող հարցերի քննարկման ոլորտում կարող է կարևոր դեր ունենալ»:
Հունաստանի տնտեսական և սոցիալական խորհրդի նախագահ Քրիստոս Պոլիզողոպուլոսը նշեց, որ Հունաստանը` որպես ԵՄ անդամ պետություն, պատրաստ է իր աջակցությունը ցուցաբերել Հայաստանին եվրաինտեգրման ճանապարհին: | |
Հանրային խորհրդի արդյունավետությունը կախված է նրա լիազորություններից և պետական կառույցների պատրաստակամությունից
Տարին սկսվեց հասարակությունը ցնցող մի շարք իրադարձություններով. Մաշտոցի պուրակի կրպակապատում, «Հրազդան» մարզադաշտի ոչ թույլատրելի հատվածում առևտրի կենտրոնի կառուցում, Երևանի պատմամշակութային հուշարձանների ցանկում ներառված Ծածկած շուկայի քանդում և այլն:
Այս հարցերը պայքարի տարբեր եղանակներով բարձրաձայնվեցին հասարակության տարբեր խմբերի կողմից: Վերահաստատվեց այն միտքը, որ Հայաստանում քաղաքացիական հասարակության ձևավորման միտում է նկատվում, և հանրությունն այլևս չի հանդուրժում իր իրավունքների բացահայտ ոտնահարումը:
Հանրային խորհուրդը, որի նպատակն է ՀՀ քաղաքացիների, հասարակական միավորումների շահերը պետական քաղաքականության մշակման և իրականացման գործում ներկայացնելը, պետական և հասարակական կյանքի տարբեր ոլորտներում ծառացած խնդիրները վեր հանելն ու քննարկելը, ինչպես նաև առաջարկություններ ներկայացնելը թե՛ պետական մարմիններին և թե՛ հասարակությանը, անցավ իր գործառույթների կատարմանը՝ կազմակերպելով հանրային քննարկումներ բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ և հանդես եկավ մասնագիտական լուրջ առաջարկներով:
Թե որքանով ընդունվեցին այդ առաջարկները, այլ հարց է. «Հանրային խորհուրդները եվրոպական երկրներում ունեն իրենց դասական դերը,- նշում է Հանրային խորհրդի գրասենյակի պատասխանատու Հակոբ Բարխուդարյանը,- դրանք կատարում են սոցիալական երկխոսության, համերաշխության դեր: Դա մի հրապարակ է, որտեղ բերվում են բոլոր վեճերը՝ կապված պետություն-քաղաքացի, պետություն-հասարակական կազմակերպություններ, պետություն-արհմիություններ, արհմիություններ-գործատերեր և այլ հարաբերությունների հետ, որոշակի լուծումներ գտնելով այդ դաշտում: Գոնե հինգից չորսի դեպքում լուծումներ առաջարկվում են, և մարդիկ դուրս չեն գալիս փողոց՝ միտինգների, սոցիալական լարվածությունն էլ նվազում է»:
Ըստ Բարխուդարյանի, նման երկրներում Հանրային խորհուրդները լուրջ դերակատարում և ազդեցություն ունեն, քանի որ նրանց լիազորությունների շրջանակն էլ մեծ է: Մեզ մոտ դեռևս Հանրային խորհուրդը կայացման ճանապարհին է, մյուս կողմից` կայացած չեն այն կառույցները, որոնք փոխշահավետորեն պետք է համագործակցեն Հանրային խորհրդի հետ. արհմիություններ, տարբեր պետական կամ մասնավոր կազմակերպություններ ու միություններ: | |
|
|
|
 |
 |
|
 |
|
|