ՄԵՐ ՄԱՍԻՆ
ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
ԱՆՑԱԾ ՃԱՆԱՊԱՐՀ
ԳՐԱԴԱՐԱՆ
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑՆԵՐ
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԳՐԱՆՑՎԵԼ ԿԱՅՔԻ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԿԱՊԸ ՄԵԶ ՀԵՏ
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ 2008
   ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑՆԵՐ

Սահմանադրության նախագծին դեմ արտահայտվողները կամ ընկնում են ազդեցությունների տակ, կամ իրենց շահն են հետապնդում. Վազգեն Մանուկյան.tert.am

«Ազգային ժողովրդավարական միություն» կուսակցությունը, որ գործում է քսան տարուց ավելի, կողմ է խորհրդարանական կառավարման համակարգին: Ինչպես Tert.am-ի հետ զրույցում ասաց կուսակցության նախագահ Վազգեն Մանուկյանը՝ կուսակցության ծրագրի մեջ հստակ գրված է, որ կողմ են խորհրդարանական կառավարման համակարգին և կողմ են համամասնական ընտրություններին:«Մենք անընդհատ պայքարել ենք դրա համար: Եվ հիմա, երբ ներկայացված է նախագիծ, մենք չենք կարող նախագծին դեմ լինել, կարող ենք նախագծի կետերը քննարկել, բայց ես անձամբ, և ԱԺՄ կուսակցությունը, իհարկե, կողմ ենք այս փոփոխություններին»,-ասաց Վազգեն Մանուկյանը:Տարբեր կուսակցությունների կողմից հնչող դիտողությունների մասին խոսելով և պատասխանելով հարցին, թե կան կետեր, որ անընդունելի են ԱԺՄ-ի համար, Վազգեն Մանուկյանը պատասխանեց. «Անընդունելի չեն, բայց բազմաթիվ կետերի շուրջ վիճել ենք Նախագահի հետ: Մի կետ, որը մենք շատ կարևորում ենք, դատական համակարգն է և բավական երկար զրույց ունեցանք դատական համակարգի վերաբերյալ»:
28.09.2015            ավելին >>  
« Կոռուպցիայի դեմ պայքարելու հասարակական մեծ պահանջ կա». Վազգեն Մանուկյան

- Պարո՛ն Մանուկյան, հուլիսի 28-ին տեղի ունեցավ Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի առաջին նիստը, որին մասնակցում էիք նաև Դուք` որպես խորհրդի անդամ: Ինչո՞ւ իշխանությունները որոշեցին նման խորհուրդ ստեղծել, և ինչո՞ւ համաձայնեցիք ներգրավվել այդ խորհրդի աշխատանքներում:- Նման խորհուրդ ստեղծելու անհրաժեշտությունը բխում է երկու հանգամանքից. առաջին` կոռուպցիայի դեմ պայքարելու հասարակական մեծ պահանջ կա, և իշխանությունները ինչ-որ ձևով պետք է արձագանքեն դրան, երկրորդ, որը շատ կարևոր է, Արևմուտքի կողմից Հայաստանի առջև կոռուպցիայի դեմ պայքարելու հստակ պահանջ է դրված Հայաստանի ստանձնած պարտավորությունների շրջանակներում: Պետք է ասել, որ արևմտյան երկրներն այնքան էլ հիմար չեն, նրանք մշակված մեխանիզմներ ունեն տարբեր երկրներում, լինեն եվրոպական, ասիական կամ աֆրիկյան, թե ոնց կարելի է քայլ առ քայլ նվազեցնել կոռուպցիան: Եվ նրանք հիմա կցանկանան այս խորհրդի միջոցով այդ մեխանիզմները կիրառել:Ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչու համաձայնեցի ներգրավվել խորհրդի կազմում, որովհետև գիտակցում եմ, որ մեխանիզմներ մտցնելով` հնարավոր է էապես նվազեցնել կոռուպցիան: Բացի այդ, Հանրային խորհուրդը չի կարող անմասն մնալ մի գործից, որը վերաբերում է կոռուպցիայի դեմ պայքարին: Իհարկե, ժամանակը ցույց կտա` այդ խորհուրդը ձևակա՞ն բնույթ է կրում, թե՞ իսկապես կարող է իր ստանձնած պարտավորություններն իրականացնել:- Հանձնաժողով, խորհուրդ կամ նման որևէ կառույց ստեղծելով` հնարավո՞ր է նման մեծ խնդիր լուծել:
31.07.2015            ավելին >>  
«ԲԱՇԽԻՉ ՑԱՆՑԵՐ ԿՈՉՎԱԾԸ ԴԱՐՁԵԼ Է «ՍԵՎ ԱՐԿՂ»»

Բաղրամյան պողոտայից Ազատության հրապարակ տեղափոխված նստացույցը որքան շարունակվում, այնքան ստվերում է ընդամենը 14-15 օր առաջ սկսված էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ պայքարը: Եթե առաջ բացառվում էր այս ցույցերի ընթացքում քաղաքական որեւէ միջամտություն, ապա այսօր հենց նույն հարթակից քաղաքական ելույթներ ու մեղադրանքներ են հնչում ժողովրդի հասցեին, ովքեր երեկ դեռ չհիասթափված մասնակիցն էին այս նույն ցույցերի: Երիտասարդ ցուցարարների հաջողությունների ու ձախողումների, ինչպես նաեւ ստեղծված իրավիճակի պատճառների մասին, «Իրավունքը» զրուցեց ՀՀ հանրային խորհրդի նախագահ ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ հետ: «ՇԱՐԺՈՒՄԸ ՄԻ ՄԻՋԱՆԿՅԱԼ ՀԱՂԹԱՆԱԿԻ ՀԱՍԱՎ» –Պարոն Մանուկյան, հետեւելով վերջին օրերին մայրաքաղաքի սրտում տեղի ունեցող իրադարձություններին` ակնհայտ է, որ ցուցարարների սկզբնական պահանջն ու այսօրվա վարքագիծը խիստ տարբերվում է: Ի՞նչ կասեք այս մասին: – Բնական է, որ այդպես էլ պետք է լիներ: Ցանկացած շարժում ունի իր ներքին տրամաբանությունը: Այն բավական գեղեցիկ, երիտասարդական շարժում էր, եւ պետք է ասեմ, որ չնայած նպատակը այդ չէր, բայց այն բավականին մեծ վարկանիշ բերեց Հայաստանին: Սա թերեւս անուղղակի հետեւանքն էր: Կարծում եմ` շարժումը հասավ մի որոշակի նպատակի: Իշխանությունները` ՀՀ նախագահի գլխավորությամբ, թեպետ չընդունեցին վերջնական պահանջը, այսինքն` գները բերել նախկին վիճակի եւ վերջ, բայց ասացին` թող չվճարվի, իսկ մինչ այդ ստուգենք, տեսնենք, թե իրական գինն ինչ պետք է լինի, դրանից հետո որոշենք` ինչ ուղղությամբ պետք է շարժվել: Այնպես որ, շարժումը մի միջանկյալ հաղթանակի հասավ: – Սակայն այդ միջանկյալ հաղթանակից հետո կամաց-կամաց դեպի քաղաքականացման գնաց շարժումը, ու հարթակում նոր դեմքեր հայտվեցին: – Տեղի ունեցավ այն, ինչը պետք է տեղի ունենար: Շարժման ղեկավարները հայտարարեցին, որ չնայած իրենց վերջնական պահանջը չի կատարվել, բայց իրենք նահանջում են նորից Ազատության հրապարակ: Ավելին` իրենք մասնակից կլինեն այդ աուդիտի անցկացմանը եւ կոչ էին անում, թե ինչ մասնագետներ կան, որ կարող են իրենց օգնել: Սա շատ բնական ընթացք էր, որից հետո շարժումն արդեն պետք է կանգներ որեւէ կարգավիճակում, բայց շարժման ինչ-որ բեկոր մնաց, մարդիկ սկսեցին այն օգտագործել: Ինչեւէ, եղավ այն, ինչ եղավ, ոչ մի ողբերգություն այդտեղ չեմ տեսնում: Բայց գտնում եմ, որ տղաները պետք է կարողանային ժամանակին կանգնեցնել շարժումը, չարժեր մաշեցնել այն: – Իսկ խնդրի լուծումը տեսնո՞ւմ եք ՀԷՑ-ում աուդիտի անցկացման մեջ: – Աուդիտով ստուգում են թվերը: Այն կարող է լինել հաշվապահական, պայմանագրերի կամ հարկային: Բոլոր դեպքերում պետք է անցկացնել աուդիտ: Եթե չեմ սխալվում, Տիգրան Սարգսյանի վարչապետության ժամանակ մի այդպիսի որոշում ընդունեց կառավարությունը, ըստ որի, բոլոր մեծ, խոշոր հարկատու հիմնարկությունները, տարին մեկ անգամ աուդիտի պետք է ենթարկվեին: Այսինքն` աուդիտ անցկացնելը պարտադիր է, եւ այն ամեն տարի պետք է անցկացնել: Բայց հարցն այլ է, բաշխիչ ցանցեր կոչվածը դարձել է «սեւ արկղ»: Թեպետ իրականում ինձ համար պարզ է, որ այդ հիմնարկությունը ճիշտ չէ կառավարվում` համակարգը, ֆինանսական հոսքերը օպտիմալ չեն: Հետեւաբար, պետք է անցկացնել բաշխիչ ցանցերում ոչ միայն աուդիտ, այլեւ նույնիսկ Հանրային խորհրդով մի քանի անգամ հարց ենք բարձրացրել էներգետիկայի նախկին նախարարի մոտ, որ անպայման մի մարմին էլ պետք է, որ վերահսկի, թե տեխնիկապես ինչ վիճակում է գտնվում բաշխիչ ցանցերը: Բայց այդպես էլ որեւիցե դրական պատասխան չենք ստանում: Ըստ իս, պետությունը պետք է ունենա մի վերստուգող մարմին, կամ միգուցե Ռոբերտ Նազարյանի ղեկավարած մարմինը պետք է անընդհատ ստուգի, թե տեխնիկական ինչ վիճակում են գտնվում բաշխիչ ցանցերը: Այդ դեպքում նոր կարելի է խոսել գների մասին: «ՑԱՆԿԱՑԱԾ ՇԱՐԺՈՒՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՊԱՅՔԱՐ Է» –Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ այս օրերին ընթացող ցույցերը, կարելի է ասել, միակ դեպքն էր, որտեղ ընդդիմութունը մնաց ստվերում: Ըստ Ձեզ, ինչո՞վ էր պայմանավորված: – Դրական եմ համարում: Բայց նախ անդրադառնամ երիտասարդների ձգտմանը` այս ցույցը չքաղաքականացնելուն: Ի՞նչ է նշանակում «չքաղաքականացնել», երբ ցանկացած շարժում ինքնըստինքյան քաղաքական պայքար է: Իսկ «չքաղաքականացնել», այս պարագայում նշանակում էր չծառայել որեւիցե կուսակցության քաղաքական նպատակներին` իշխանության հասնելու: Այդ տեսակետից երիտասարդները շատ զգույշ էին եւ ներկա պայմաններում պետք է նաեւ զգույշ լինեն արտաքին ազդակներից: Եվ նաեւ պետք է խոստովանեմ, որ մեր ընդդիմադիր կուսակցություններն էլ բավականին խոհեմ եղան, որ չփորձեցին խցկվել այդ ամենի մեջ: Ով էլ փորձեց խցկվել, երիտասարդները թույլ չտվեցին: Իսկ վերջում արդեն շարժումը բեկորված էր, եւ սա արդեն ուրիշ հարց է: Դաշտը երբ ազատ է մնում, միշտ այդտեղ կհայտնվեն մարդիկ: – Գուցե չկան վարկանիշ ունեցող քաղաքական լիդերներ ընդդիմադիր դաշտում, որոնց հետեւից կգնար ժողովուրդը, ու դրա համար վերջիններս հայտնվեցին ստվերում... – Որովհետեւ ողջ քաղաքական պայքարը մինչեւ հիմա այսպես է եղել Հայաստանում` պայքար, պայքար մինչեւ վերջ, գնանք, իշխանությանը քցելու: Այդպիսի պայքարն արդեն ոչ մի հեղինակություն չունի եւ ոչ մեկի հետեւից էլ չեն գնում: Քաղաքական կուսակցությունները պետք են, երբ ընտրություններ են տեղի ունենում: Երբ մոտենան ընտրությունները, ժողովուրդն էլի այս կամ այն ձեւով ուզի, թե չուզի, պետք է ընտրություն կատարի քաղաքական կուսակցությունների միջեւ, բայց այս ընթացքում քաղաքական կուսակցությունների` «պայքար, պայքար, մինչեւ վերջ, գնանք քցենք» լոզունգով պայքարներն իրենց վաղուց սպառել են: Դրա համար էլ, այդպիսի շարժումների հետեւից ոչ ոք չի գնում: Ինչպես ամբողջ աշխարհում, արհմիությունները կամ հասարակական կազմակերպություններն են անում սոցիալական շարժումներ, նույնն էլ Հայաստանում պետք է լինի, եւ դա բնական եմ համարում:
07.07.2015            ավելին >>  
«Հարձակվելն այնքան տղամարդկություն չի պահանջում, որքան կարևոր պահին դադար տալը». Վազգեն Մանուկյանը՝ շարժման երիտասարդ առաջնորդներին

Հարցազրույց ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի հետ վերջին օրերին տիրող իրավիճակի վերաբերյալ` կապված էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հետևանքով առաջացած հանրային ընդվզման հետ:-Պարոն Մանուկյան, արդեն զրուցել ենք էլեկտրաէներգիայի սակագնի դեմ ստեղծված աննախադեպ հասարակական շարժման շուրջ, և Դուք դա համարել եք արդարացված: Եթե կրկին ընդհանրացնելու լինենք այս շարժումը, ի՞նչ գնահատական կտաք դրան:-Վերջին ժամանակաշրջանում նոր դեմքեր են առաջ գալիս ու նոր երևույթներ են տեղի ունենում քաղաքական դաշտում: Կարծում եմ՝ այն հանգամանքը, որ քաղաքական վերադասավորումների արդյունքում որոշ քաղաքական գործիչներ դուրս եկան ակտիվ քաղաքականությունից, ճանապարհ բացեց նոր, երիտասարդ, ինտելեկտուալ, ազնիվ շերտի համար, և մենք հիմա տեսնում ենք նրանց պայքարը: Ես համոզված եմ, որ այստեղ է ծնվելու Հայաստանի ապագան: Շատ կարևոր է, որ այս շարժումը քաղաքացիական է, բայց մյուս կողմից` հենց քաղաքացիական շարժումից են ծնվում քաղաքական գործիչները, կուսակցությունները:
02.07.2015            ավելին >>  
«Ցույցերն արդարացված են». ի՞նչ է առաջարկում Վազգեն Մանուկյանն այս իրավիճակում

ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանն Անկախ-ի հետ զրույցում ներկայացրել է Էլեկտրաէնեգիայի սակագնի բարձրացման հետևանքով ստեղծված իրավիճակի, բողոքի ցույցերի և հետագա զարգացումների վերաբերյալ իր դիրքորոշումն ու առաջարկները: -Պարոն Մանուկյան, էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման որոշումից հետո հասարակական լարվածությունը խորացավ՝ հանգեցնելով վերջին իրադարձություններին: Ինչպե՞ս եք գնահատում բողոքի ցույցերն ու ակտիվիստների պահանջները: -Երիտասարդների վրդովմունքն ու ցույցերն արդարացված են: Իսկապես տարիների ընթացքում օբյեկտիվ պատճառների փոփոխության հետևանքով գները կամաց-կամաց կարող են փոփոխվել: Բայց օբյեկտիվ պատճառներին գումարել նաև սխալներն ու չարաշահումները և անսպասելիորեն մոտ 20 տոկոսով գին բարձրացնել (կուտակել-կուտակել ու պայթեցնել), աննախադեպ է, և ցանկացած երկրում դա վրդովմունք կառաջացներ՝ նամանավանդ, որ մարդկանց մեծ մասը արդարացիորեն կամ ոչ այնքան արդարացիորեն համոզված է, որ հիմնականում դա կատարվել է չարաշահումների պատճառով: -Ցույցը ցրվեց, շատ ցուցարարներ բերման ենթարկեցին, և այս պահին գոնե առերևույթ խաղաղ վիճակ է: Սակայն չի բացառվում, որ անկանխատեսելի զարգացումներ կլինեն, քանի դեռ հանրային դժգոհությունը կա, և բարձրացված պահանջները լուծված չեն: Ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկեն իշխանությունները, որպեսզի կանխեն լարվածությոան խորացումն ու բավարարեն հանրային պահանջները -Նախ կարծում եմ, որ ճիշտ կլինի ժամանակավորապես՝ 3 կամ 6 ամսով սառեցնել սակագնի բարձրացման որոշումը, ապա ստեղծել մի հանձնաժողով, որտեղ ներգրավված կլինեն այդ երիտասարդներից ներկայացուցիչներ, ոլորտի մասնագետներ, իշխանական թեևի ներկայացուցիչներ՝ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունից, ՀԾԿՀ-ից, ինչպես նաև մասնավոր այն ընկերությունների ներկայացուցիչները, որոնք զբաղվում են էներգետիկ ոլորտով: Պետք է նստել, քննարկել և հասկանալ, որ երբ մենք սեփականաշնորհեցինք Բաշխիչ ցանցերը, ի՞նչ ներդրումներ են կատարվել այդ ընկերության կողմից, ի՞նչն է փոխվել, ի՞նչ է կատարվում մեր էներգետիկ համակարգում: Իմ տպավորությունն այն է, որ մենք էներգետիկ ոլորտում մեր ունեցած առաջավոր դիրքերից կամաց-կամաց իջանք՝ ի տարբերություն, օրինակ, մեր հարևան Վրաստանի, որն ընդհակառակը, բարձրացավ: Այսինքն, պետք է գնահատել պատմությունը, տեսնել, թե ովքեր են մեղավոր, ովքեր են այդ ամենի վրա իրենց անձնական հարցերը լուծել և նրանց պատժել, որովհետև մի երկիր, որտեղ հանցագործության կամ սխալի համար պատիժ չեն կրում, ու ամեն ինչ ներվում է, այդ երկիրը զարգացում չունի: Բայց պատիժը դեռ խնդիր չի լուծում: Պետք է քննարկել էներգետիկայի ընդհանուր զարգացման խնդիրները՝ 20-30 տարում ի՞նչ ճանապարհով ենք ընթանալու, ի՞նչ սակագներ պետք է լինեն, սակագներն ինչպե՞ս են ազդելու հասարակության սոցիալական վիճակի և տնտեսության վրա և այլն: Թող այդ քննարկումները մի քանի ամիս տևեն, որից հետո որոշում ընդունվի: -Հանրային խորհուրդը էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման վերաբերյալ իր դիրքորոշումն ու առաջարկները ներկայացրել էր հանրապետության ղեկավարին: ՀԽ որոշման մեջ նշված էր, որ սակագնի բարձրացումը հիմնավոր չէ, իսկ առաջարկներից մեկը վերաբերում էր ՀԷՑ-ին մենաշնորհից զրկելուն և համակարգում կառուցվածքային փոփոխություններին:
23.06.2015            ավելին >>  
Առավոտյան սուրճ Վազգեն Մանուկյանի հետ. yerevan.today.am

Իզաբելլա Հովհաննիսյանն ու Անուշ Թորոսյանն այս անգամ զրուցել են ԱԺՄ կուսակցության և Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի հետ: Քաղաքականություն ու գիտություն, ընտանիք ու ընկերություն, անկախ Հայաստանի ձեռքբերումներն ու կորուստները: ԻԶԱԲԵԼԼԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ. 53 թվականից, այսինքն ավելի քան կես դար ապրում եք Բաղրամյան փողոցում: Երևի, թե ամեն հատվածը մի պատմություն է հիշեցնում: Կարո՞ղ եք հիշել մանկական մի արկած, որը վառ հիշողության է վերածվել: ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ.Ես լավ եմ հիշում այն օրը, երբ տեղափոխվեցինք: Մենք ապրում էինք Կիրովի 12-ում : Այնտեղ հանրակացարան էր՝ և ուսանողների, և դասախոսների համար: Հայրս դասախոս էր: Եվ հայրս ընկերների հետ սեփական տուն սկսեցին կառուցել: 53 թվականին պապիկս եկավ, ինձ մանկապարտեզից վերցրեց ու տարավ նոր տուն: Ու ճանապարհին կանայք լաց էին լինում, Ստալինի մահվան օրն էր: Ես հիշում եմ՝ Ստալինի մահվան օրը ինձ համար այն օրն էր, երբ ես հանրակացարանից տեղափոխվեցի սեփական տուն: ԱՆՈՒՇ ԹՈՐՈՍՅԱՆ. 1967թ. ապրիլի 24-ին Մոսկվայում` Թուրքիայի դեսպանատան առջև ցույց կազմակերպելու պատճառով ստիպված եք եղել թողնել Մոսկվայի համալսարանը և վերադառնալ Երևան: Այդ տարիներին նման ցույց կազմակերպելը հեշտ բան չէր: Կարելի՞ է այս ակցիան ձեր քաղաքական մկրտությունը համարել: ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ. Այո, կարելի է: Բայց այնպես չի, որ ես էի կազմակերպել: Մենք խմբով էինք, ճիշտ է՝ ես ղեկավարների խմբի մեջ էի: Ինձ համար կյանքն այդ օրվանից փոխվեց: Ցույցը կազմակերպելու համար մեզ մոտ հարց առաջացավ: Գուցե ճիշտ չի՞ հայության համար, որ մենք թուրքական դեսպանատան առջև ցույց կազմակերպենք: Մենք ծանոթացանք Համո Հարությունյանի հետ, որը նախկինում Սովետական միության դեսպանն էր Կանադայում: Շատ բարձրաստիճան մարդ էր: Մենք իրեն հարցրեցինք, ու ինքը մեզ վստահեց, որ մենք խաղ չենք անում: Ասաց՝ անպայման արեք, կարող է՝ ձեզ բռնեն, բայց դա հայերի համար շատ կարևոր է: Եվ դրանից հետո դարձավ մեր ուսուցիչը քաղաքականության մեջ: Ծանոթացա այն ընկերների հետ, որոնց հետ մինչև Ղարաբաղյան շարժում հասա: Ու կյանքս փոխվեց: Մինչև այդ ես մաթեմատիկական օլիմպիադաներում առաջին տեղեր էի զբաղեցնում, վունդերկինդ էի ինձ համարում, կամ ուրիշներն էին ինձ համարում, և ճանապարհս շատ պարզ էր՝ մաթեմատիկա, ֆիզիկա: Ու այդ օրվանից փոխվեց: ԱՆՈՒՇ ԹՈՐՈՍՅԱՆ. Կպատմե՞ք ընտանիքի մասին: Ձեր կնոջ հետ ինչպե՞ս ծանոթացաք և հատկապես ո՞ր հատկանիշները գնահատեցիք: ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ. Ասպիրանտուրայից վերադարձա, սկսեցի դասավանդել համալսարանում: Կինս ուսանողուհի էր, շատ գրավիչ, գեղեցիկ էր, դուրս եկավ: Իսկ հետո, այն ժամանակ դասախոսը պետք է առաջին 10 րոպեն քաղպարապմունքի նման ուսանողներին ինչ-որ բաներ սովորեցներ: Ես այդ ժամանակը օգտագործում էի հայկական, ազգային, ազատության հետ կապված գաղափարների վրա: Եվ իրենք կուրսով ակումբ կազմակերպեցին, ու ապրիլի 24-ին, 2 տարի չէր եղել նման բան, շարասյունով գնացին, պսակ դրեցին Ծիծեռնակաբերդում: Ես դրանից հետո տեսա՝ կինս իմ նման է մտածում: Հետո պարզվեց՝ պատահական չէ, նրա հայրը Ռաֆայել Իշխանյանն է: Եվ ամուսնացանք: Շատ գոհ եմ իմ ընտանիքից:
29.05.2015            ավելին >>  
​Վազգեն Մանուկյան. «Հին հայկական ֆիլմերն եմ սիրում»

Հարցազրույց Հայաստանի Հանրապետության առաջին վարչապետ, Հանրային խոհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի հետ:- Հաճախ, երբ մարդիկ փորձում են հիշել իրենց մանկությունը, հին ֆիլմերից դրվագներ են վերհիշում: Ձեր մանկությունը կինոյի հետ ասոցիացիաներ առաջացնո՞ւմ է: Հիշո՞ւմ եք երբեմն, թե ոնց էիք դասերից փախչում ու կինոթատրոն գնում:- Դասերից շատ չեմ փախել, բայց դպրոցական տարիքում կինո շատ էի սիրում: Մեր ժամանակ ինտերնետ չկար, ու երեխաների զվարճությունը բակում «չլիկ դաստա», «բանկա փլավ» կամ «էշ մլիցա» խաղալն էր: Իսկ ամենալավ զվարճանքը, իհարկե, կինոն էր: Մենք այդ ժամանակ ապրում էինք Ճարտարապետների միության շենքի հարևանությամբ: Այնտեղ լավ դահլիճ կար, որտեղ կիրակի օրերին մանկական ֆիլմեր էին ցույց տալիս: Շատ հաճախ էի այդտեղ կինո դիտում: Հետո, երբ մի քիչ մեծացա, կինո նայելու էինք գնում ԿԳԲ-ի կլուբ՝ Պետանվտանգության կոմիտեի ակումբ:- Այսինքն, երբ 1988 թվականին Ձեզ բերման ենթարկեցին այդ շենք, տեղն անծանոթ չէր:- Բարեբախտաբար դպրոցական տարիքում այդ շենք մյուս մուտքից էի մտնում, որը մշակույթի տան կինոդահլիճի համար էր նախատեսված: Այդ ժամանակ չէի կարող կռահել, որ տասնամյակներ անց այլ առիթով այդտեղ կհայտնվեմ: Բայց եթե հաշվի առնենք այնտեղ ցուցադրված հրաշալի ֆիլմերը, պետք է խոստովանեմ, որ ԿԳԲ-ում լավ բաներ էլ եմ տեսել:- Ենթադրում եմ` ԿԳԲ-ի ակումբում ցուցադրվում էին հիմնականում ժամանակի խոհրդային հայրենասիրական ֆիլմերը, որոնք ավելի շատ գաղափարական գործիք էին, քան արվեստի ստեղծագործություն:- Ամենևին, ոչ: Շատ լավ ֆիլմեր էին ցուցադրվում: Եթե կինոն փորձում է դաստիարակել մարդու մեջ հայրենիքի հանդեպ սեր, դա չի նշանակում, որ այն արվեստի ստեղծագործություն չի կարող լինել: Բնական է, որ մեզ չէին ցույց տալու Փարաջանովի ֆիլմերը: Բայց եկեք խոստովանենք՝ մենք դրանք չէինք էլ նայի: Ես Փարաջանովի արվեստին ծանոթացա, երբ արդեն հասուն մարդ էի ու պատրաստ էի այդպիսի արվեստի ընկալմանը: Իսկ դպրոցական տարիքում հաճույքով նայում էի պատերազմի ժամանակ գերմանացիներից որպես ավար վերցրած եվրոպական ու ամերիկյան ֆիլմերը: Դրանց թվում կային և′ կատակերգութուններ, և′ արկածային հետաքրքիր ֆիլմեր, օրինակ` «Տարզանը»: Երևի մի 10 անգամ նայել եմ: «Զորրոյի նշանը» նույնպես շատ է տպավորվել: Կինոգլուխգործոցներից մի քանիսը երկաթե վարագույրի այն կողմից, այնուամենայնիվ, մեզ հասել են:- Դուք ուսանող էիք «հալոցքի» հենց այն տարիներին, երբ «քնարերգու ֆիզիկոսների» սերունդը ստիպում էր իրեն նկատել: Քնարը ֆիզիկոսների ձեռքում հրաշքներ էր գործում: Իսկ դուք այդ ժամանակ չե՞ք փորձել ինքնադրսևորվել արվեստում:- Անկեղծ ասած` ոչ, թեև դաշնամուր վատ չէի նվագում: Ճիշտը որ ասեմ, երաժշտական դպրոց հաճախելն ավելի շատ ծնողներիս ցանկությունն էր, քան իմ: Մեր ընտանիքում ընդհանրապես արվեստին և մշակույթին միշտ մեծ տեղ էր հատկացվում: Երաժշտություն, կերպարվեստ, կինո… Այդ ամենն ինձ հարազատ է: Ընկերներիս մեծ մասն արվեստի մարդիկ էին: Շփվել եմ մեծ արվեստագետների հետ ու նրանցից շատ բան եմ սովորել: Երվանդ Քոչարի տանն էի լինում, նաև նրանից էի իմաստության դասեր առնում: Բայց մի բան է արվեստն իմանալն ու գնահատելը, ուրիշ բան՝ արվեստի գործ ստեղծելը: Երկրորդը երևի ինձ համար չէր: Այո, ես հասկանում ու սիրում էի իմպրեսիոնիստներին, բայց ինքս նկարել բոլորովին չէի կարողանում: Գիտությունն ինձ ավելի հոգեհարազատ է:- Քաղաքականությունը երբեմն կինո է հիշեցնում: Իսկ եթե քաղաքականությունը կինո է, ուրեմն դուք «Նոր Հայաստան» կինոէպոպեայի առաջին սերիաների գլխավոր ռեժիսորն էիք: Ինչի՞ մասին է այդ կինոն: Լա՞վ ֆիլմ է:- Շատ պարզ սյուժե ունի մեր կինոն: Դա ֆիլմ է ազատության ու արդարության ձգտող ժողովրդի մասին: Այդ ֆիլմի առաջին սերիաները լավ ֆինալով էին ավարտվում: Աշխարհում, ինչպես հայտնի է, կա մոտ հինգ հազար էթնոս, որոնց ճնշող մեծամասնությունը ձգտում է պետություն ունենալ: Այդ հինգ հազարից միայն 192-ին է հաջողվել այդ նպատակին հասնել: Ու մեր ազգը 192 երջանիկներից մեկն է: Մենք կարողացանք անել այն, ինչ հազարավոր ազգեր չեն կարողացել: Ահա սրա մասին է մեր կինոն: Գլխավոր սյուժետային գծին զուգահեռ կար ևս մեկը, որը նույնպես շատ կարևոր է: Խոսքս Արցախի ազատագրության մասին է: Առանց այդ սյուժետային գծի մեր կինոն լիարժեք չէր կարող լինել: Դա ճշմարիտ պայքար էր, որն ուներ իր դրամատուրգիան և տրամաբանական ճիշտ ավարտ ունեցավ: Բայց կինոն դեռ շարունակվում է:
27.05.2015            ավելին >>  
​«Մենք արդեն չենք կարող նույն կերպ ապրել». Վազգեն Մանուկյան

«Անկախը» զրուցել է ՀՀ Հանրային խորհրդի նախագահ, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի անդամ Վազգեն Մանուկյանի հետ:-Պարոն Մանուկյան, ամփոփելով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հետ կապված միջոցառումներն ու իրադարձությունները` ի՞նչ կարող ենք արձանագրել. ի՞նչ ունենք, ի՞նչ մակարդակի հասցվեց հարցը և ի՞նչ ազդեցություն թողեց միջազգային դաշտում:-Իհարկե սպասելի էր, որ Հայոց ցեղասպանության 100-ամյակին օտար երկրների արձագանքը մի փոքր ավելին կլիներ, քան սովորական տարիներին, բայց այն, ինչ տեղի ունեցավ, անսպասելի էր բոլորիս համար: Փաստորեն, եթե մի փոքր կոպիտ ձևակերպենք, հարցը, որը ոմանք ցանկանում էին ներկայացնել որպես տեղական, ռեգիոնալ նշանակություն ունեցող երևույթ, իսկապես բարձրացավ համաշխարհային, համամարդկային աստիճանի: Մեծ ազդեցություն թողեց հատկապես Հռոմի պապը, որը ոչ միայն հայտարարեց, որ տեղի ունեցածը XX դարի առաջին ցեղասպանությունն է, այլև այն, որպես համամարդկային չարիք, դասեց հիտլերիզմի ու ստալինիզմի շարքը,: Այսինքն`նա մի նոր բարոյական սկզբունք մտցրեց՝ աշխարհին ցույց տալով, թե ինչն է քննարկումից ու պրագմատիզմից դուրս, և որն է համամարդկային ճանապարհը:Մեծ նշանակություն ունեցավ աշխարհի հայտնի հայերի հանդես գալը: Ընդ որում, մինչ այս շատերը չգիտեին, որ նրանք հայ են: Այս տեսանկյունից չենք կարող չնշել Քիմ Քարդաշյանի անունը, որը երբեմն վիճաբանության առարկա է դառնում, բայց ես շատ բարձր եմ գնահատում նրա դերը: Վերջիվերջո, Քարդաշյանը միջազգային երևույթ է, և տասնյակ միլիոնավոր մարդիկ հետևում են նրա ասածներին: Զարմանալիորեն հայանպաստ էին նաև բրիտանական «Գարդիան» պարբերականի հոդվածները Հայոց ցեղասպանության մասին, այն դեպքում, երբ Անգլիան շատ զուսպ է և այս տարածաշրջանում որոշակի ընդհանուր շահեր ունի Թուրքիայի ու Ադրբեջանի հետ:Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շուրջ տեղի ունեցած իրադարձությունները նաև մեծ ճանաչում բերեցին Հայաստանին՝ իբրև պետության, և մեծ հետաքրքրություն առաջացրին մեր երկրի պատմության, մշակույթի նկատմամբ: Այսինքն` աշխարհում աննախադեպ հետաքրքրություն առաջացավ հայ ժողովրդի հանդեպ, և այս ամենը Հայաստանի զարգացման և անվտանգության համար ստեղծում են բարենպաստ պայմաններ:- Կարելի՞ է արձանագրել, որ այսքանով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացն ավարտված է, և պետք է սկսել մի նոր փուլ:- Ոչ, որովհետև մեզ համար, այնուամենայնիվ, էական նշանակություն ունի ինչպես բազմաթիվ այլ երկրների, այնպես էլ Թուրքիայի վերաբերմունքն ու նրա կողմից ճանաչումը: Ի դեպ, այս ամենի մեջ զարմանալի էր Թուրքիայի հիստերիկ պահվածքը: Էրդողանը, որ շատ պրագմատիկ, հավասարակշռված գործչի տպավորություն էր թողնում, իբրև իր երկրի իսկական լիդեր, իրեն շատ ցածրացրեց և պահեց հիստերիկ մարդու պես, որը հեռու է քաղաքականությունից, ինչը շատ զարմանալի է, միաժամանակ՝ վտանգավոր:
30.04.2015            ավելին >>  
​Թե ինչպես 1967 թ. Մոսկվայում բողոքի ցույց կազմակերպվեց Թուրքիայի դեսպանատան առջև

1966 թ. Երևանի պետական համալսարանի ուսանող Վազգեն Մանուկյանը տեղափոխվեց Մոսկվայի պետական համալսարանի մաթեմատիկայի ֆակուլտետ` ուսումն այնտեղ շարունակելու:Մոտենում էր 1967 թ. ապրիլի 24-ը: Հայ ուսանողությունը բորբոքված էր, ցանկանում էր այդ օրը որևէ բան նախաձեռնել, սակայն զրույցի ժամանակ ասում են, որ նախկինում երկու անգամ փորձել են ցույց կազմակերպել Թուրքիայի դեսպանատան դիմաց, սակայն ԿաԳեԲեն շրջափակել է ու թույլ չի տվել մոտենալ դեսպանատանը:Եվ այդպես, ուսանողների առջև խնդիր դրվեց՝ ինչպե՞ս կազմակերպել ցույցը, որ ԿաԳեԲեն չկանխի: Մյուս կարևոր հարցն էլ այն էր` այդ ցույցը Հայաստանի համար օգտակար կլինի՞, թե՞ ոչ:- Քննարկումների ժամանակ մի հայ ասպիրանտ ունեինք, ասաց, որ Մոսկվայում մի շատ լուրջ հայ քաղաքական գործիչ է ապրում՝ Համո Ակիմիչ Հարությունյանը, որից կարելի է խորհուրդ հարցնել՝ անենք այդ ցույցը, թե ոչ: Մենք ընդունեցինք նրա առաջարկը և չորս հոգով սկսեցինք նախաձեռնել այդ մարդու հետ հանդիպումը: Ինչ-որ ձևով կարողացանք գտնել նրա տունն ու առանց զգուշացնելու գնացինք: Ակիմիչն ապրում էր Կուտուզովի պողոտայում՝ այն շենքում, որտեղ Բրեժնևն ու մյուսներն էին ապրում: Դռան զանգը տվեցինք, դուռը բացեց, իմացավ, որ հայ ուսանողներ ենք, ներս հրավիրեց: Ասացինք, որ մի հարցով ուզում ենք իր հետ խորհրդակցել: Կնոջը՝ տիկին Անահիտին, որ Հովհաննես Թումանյանի թոռն էր, ասաց, որ սեղան դնի, ու սեղանի շուրջ անցանք զրույցի,- հիշում է Վազգեն Մանուկյանը:Համո Հարությունյանն այդ ժամանակ Խորհրդային Միության արտգործ նախարարության արտաքին քաղաքականության պլանավորման բաժնի պետն էր, միաժամանակ շատ հարգված ու ազդեցիկ կերպար մոսկովյան քաղաքական շրջանակներում: Երբ հայ ուսանողները նրան հայտնում են ապրիլի 24-ին Թուրքիայի դեսպանատան առջև ցույց կազմակերպելու մտադրության մասին և հետաքրքրվում` հնարավո՞ր է, որ դա Հայաստանին ավելի շատ վնասի, քան օգուտ բերի, Հարությունյանը ոչինչ չի պատասխանում: Զրույցը շարունակվում է: Հետո տղաները հասկանում են, որ նա չպատասխանեց, որովհետև փորձել էր հասկանալ` տղաներն իսկապե՞ս ազնիվ մղումներով երիտասարդներ են, թե՞ ԿաԳեԲե-ից ուղարկված սադրիչներ:- Երբ մեզ վստահեց, անկեղծացավ ու ասաց, որ դա հայ ժողովրդի համար շատ կարևոր կլինի: Միաժամանակ զգուշացրեց, որ հնարավոր է՝ բոլորիս ձերբակալեն, բայց միևնույն է, դա այնքան կարևոր է, որ պետք է անել: Ու մենք, նրա խոսքից ոգևորված, որոշեցինք անպայման ցույցը կազմակերպել,- պատմում է Մանուկյանը:Նախ` սցենարն են մշակում, թե ինչպես պետք է մոտենան Թուրքիայի դեսպանատանը, որից հետո մի քանի հոգով սկսում են այցելել Մոսկվայի բուհեր ու հանրակացարաններ, ցուցակներով հայերին գտնել ու իրազեկել ցույցի մասին: Մեկ ամսվա ընթացքում մոտ 3000 հայ ուսանողների հետ են հանդիպում: Սակայն այդ հանդիպումների ժամանակ բոլորին ասում էին, որ պետք է ապրիլի 24-ին, առավոտյան ժամը 10:00-ին հավաքվեն Վերնադսկու արձանի մոտ, որը մոտ էր Թուրքիայի դեսպանատանը, և այնտեղից շարժվեն դեպի դեսպանատուն: Դրանից հետո նախապես ուսումնասիրում են դեսպանատան շրջակայքը, լուսանկարում, մշակում հատուկ սխեմա:- Քանի որ գիտեինք, որ նախորդ տարիների փորձը չի հաջողվել, մի խորամանկ քայլ արեցինք: Բոլորին ասացինք, որ հավաքվեն ժամը 10:00-ին արձանի մոտ,- ասում է Մանուկյանը,- իրականում մենք այդ 3000 հոգուց ընտրել էինք 71 ամենավստահելի մարդկանց, որոնք, տասնյակներ կազմած, խումբ-խումբ տարբեր փողոցներից պետք է մոտենային դեսպանատանը և ոչ թե ժամը 10:00-ին, այլ 9:30-ին: Այդպես բոլորս պետք է գայինք ու միանայինք իրար, ինչպես սնդիկի հատիկները:Երբ հավաքվում են դեսպանատան առջև և ձեռք ձեռքի տված սկսում են երգել «Զարթնիր լաո»-ն, ոստիկանները մոտենում են, քաշքշում, փորձում ցրել: Վազգեն Մանուկյանը հիշում է, որ ուսանողներից մեկին բռնել և նստեցրել էին Վոլգան, որ տանեն: Իրենք մյուս կողմից դուռը բացեցին ու նրան դուրս քաշելով՝ հանեցին:Մի խոսքով՝ ցույցը 100 տոկոսով իրականանում է: Հետո իմանում են, որ ժամը 10-ից 15 պակաս ԿաԳեԲե-ն բեռնատար ավտոմեքենաներով Վերնադսու արձանի մոտ կազմ և պատրաստ սպասել է, որ բոլորին տանի: Փաստորեն, իսկապես ճիշտ էին վարվել` այդ 3000 ուսանողների հետ հանդիպման ժամանակ ասելով, որ հավաքվելու են ժամը 10-ին, քանի որ, բնական է, լուրը ԿաԳեԲե-ին կհասներ:
20.04.2015 12329_large.jpg             ավելին >>  
​«Հռոմի պապը գծեց բարոյականության և պրագմատիզմի նոր սահմանագիծ». Վազգեն Մանուկյան

«Անկախը» զրուցել է ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի հետ, որը Հայաստանի Հանրապետության պատվիրակության կազմում ներկա է գտնվել Հռոմի պապ Ֆրանցիսկոսի կողմից Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում մատուցված պատարագին՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:- Պարոն Մանուկյան, ապրիլի 12-ին Վատիկանում Հռոմի պապ Ֆրանցիսկոսի կողմից Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ մատուցված պատարագը և «ցեղասպանություն» բառի օգտագործումը մեծ իրադարձություն էր ոչ միայն Հայաստանի, այլև աշխարհի համար: Ի՞նչ ազդեցություն կունենա դա Հայոց ցեղասպանության հարցի միջազգային ճանաչման գործում:- Մենք միշտ ցանկացել ենք, որ աշխարհում հնարավորինս շատ մարդ իմանա Հայոց ցեղասպանության մասին, հնարավորինս շատ պետություններ ու կազմակերպություններ դատապարտեն այն նախ որպես որոշակի բարոյական պատիժ Թուրքիային իր կատարած ոճրագործության համար, որոշ չափով` մեր հարաբերությունների մեջ անվտանգության ապահովման երաշխիք, ինչպես նաև մեր պահանջատիրության հարցի բարձրացման համար, որովհետև մեզ ցեղասպանության են ենթարկել մեր պատմական հայրենիքում՝ խլելով այն մեզանից: Այդ տեսանկյունից այն, ինչ տեղի ունեցավ Վատիկանում ապրիլի 12-ին, շատ մեծ նշանակություն ունի: Մոտ 2 մլրդ 300 մլն քրիստոնյա կա աշխարհում, որոնցից 1 մլրդ 200 մլն-ը կաթոլիկ են, և բոլորի համար Հռոմի պապի խոսքը մեծ կշիռ ունի: Փաստորեն, Հռոմի պապի շնորհիվ միլիոնավոր մարդկանց համար ևս ճանաչելի դարձավ Հայոց ցեղասպանության հարցը, որովհետև, այնուամենայնիվ, շատերը չգիտեն դրա մասին: Բացի այդ, տրվեց բարոյական գնահատական՝ անսպասելի հստակ ձևակերպմամբ, որ XX դարում տեղի է ունեցել 3 ոճրագործություն. մեկը Հայոց ցեղասպանությունն է, երկրորդը՝ հիտլերիզմը, երրորդը՝ ստալինիզմը: Ես կարծում եմ, որ այդ հայտարարությունը հետագայում շատ մեծ նշանակություն կունենա այն նպատակների իրականացման համար, հանուն որոնց մենք պայքարում ենք:
15.04.2015            ավելին >>  

Home page Web mail Map
EnglishRussian


1996


www.ajk.am

  www.armenia.li
www.armenia.li
657254
613756