Աննա - Հարգելի պրն Մանուկյան, կարեւոր չէ` Դուք կհաղթե՞ք, թե՞ ոչ, Դուք Ձեր առաջադրմամբ մարդկանց հույս եք տալիս, պատկերացրեք, եթե ընտրությունը մնար միայն Սերժ Սարգսյանի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի միջեւ: Մարդիկ պարզապես չեն գնա ընտրության: Իսկ հիմա կա թեկնածու, որն արժանի է ձայնի, եւ մի վախեցեք ոչնչից, Դուք մի անգամ արդեն հաղթել եք նրանց երկուսին միասին վերցրած (չէ՞ որ 1996-ին այս զույգը միասին էր եւ պայքարում էր Ձեր դեմ): Իսկ հարցս հետեւյալն է. պատրաստվու՞մ եք Դուք մարտահրավեր նետել Լեւոն Տեր-Պետրոսյանին եւ Սերժ Սարգսյանին` նրանց հրավիրելով հեռուստատեսային դուելի:
Վ. Մանուկյան - Շնորհակալություն բարի խոսքերի եւ ցանկությունների համար: Ասեմ, որ անձից առավել ինձ համար կարեւոր է ժողովրդի կամքը: Եվ պատահական չէ, որ 2003 թ. նախագահական ընտրությունների առաջին փուլից հետո մենք միացանք մեզ համար անծանոթ Ստեփան Դեմիրճյանին, որովհետեւ դա ժողովրդի հրամայականն էր: Եվ բոլոր ընտրություններին ինձ համար կարեւոր է ժողովրդի կամքը:
Ինչ վերաբերում է այս ընտրություններին, ապա եթե մնան Լեւոն Տեր-Պետրոսյանն ու Սերժ Սարգսյանը, դա շատ համարձակ ենթադրություն է, եւ այժմ ես չէի ցանկանա քննարկել այդպիսի անհավանական տարբերակներ:
Ինչ վերաբերում է հեռուստատեսային դուելին, ապա ես մեծ սիրով կմասնակցեի դրան. իմ հրավիրելով չէ. քաղաքական դաշտը կամ կգա դրան, կամ` ոչ: Ես կարծում եմ, որ վերջում կլինեն այդպիսի հաղորդումներ: Բայց, մյուս կողմից էլ, չէի ցանկանա, որ Դուք գերագնահատեք այդ հեռուստադուելների դերը, որովհետեւ այլ երկրներում ես ականատես եմ եղել այդպիսի հաղորդումների, եվ այն թեկնածուն, որն, ըստ իս, շատ ավելի լավ կկառավարեր երկիրը, ճարտասանության մեջ տանուլ է տվել: Ես չեմ կարծում, որ դուելներն են որոշում, թե ով ավելի լավ կկառավարեր երկիրը, բայց մեծ սիրով կմասնակցեմ դրանց: |