ՄԵՐ ՄԱՍԻՆ
ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
ԱՆՑԱԾ ՃԱՆԱՊԱՐՀ
ԳՐԱԴԱՐԱՆ
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑՆԵՐ
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԳՐԱՆՑՎԵԼ ԿԱՅՔԻ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԿԱՊԸ ՄԵԶ ՀԵՏ
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ 2008

«ԴՈՒՔ ՊԵՏՔ Է ԶԳԱՔ ՀԱՂԹԱՆԱԿԻ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ: ԱՅԴ ԶԳԱՑՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՁԵՐ ՓՈԽԱՐԵՆ ՈՉ ՈՔ ՉԻ ԱՊՐԵԼՈՒ: ՈՉ ԹԵ ՊԵՏՔ Է ՄԵԿԻՆ ԱՋԱԿՑԵԼ, ԱՅԼ ՀԱՍԿԱՆԱԼ, ՈՐ ՊԵՏՔ Է ՀԱՂԹԵԼ»19.01.2008  


Ընդգծեց ՀՀ նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանը շաբաթ օրը Շենգավիթ համայնքի ակտիվի հետ հանդիպման ընթացքում
 
Փետրվարի 19-ին Հայաստանում նորից նախագահական ընտրություններ են: Ի՞նչ մտահոգություններ ունենք: Ամենամեծ մտահոգությունն այն է, որ ստեղծվել է մի համակարգ ու մթնոլորտ, որտեղ մարդիկ իրենց պաշտպանված չեն զգում: Մարդկանց ձեռքից ցանկացած պահի կարող են խլել իրենց տունը, իրենց աշխատանքը, եւ Աշխատանքային օրենսգիրքը վերականգնվելու հնարավորություն չի տալիս: Եթե բիզնես ունես, կարող են այնպիսի պայմաններ ստեղծել, որ այն չկարողանաս շարունակել: Երեխաներդ գնում են բարձրագույն հաստատություն, բայց չգիտես` նրանց վաղվա օրն ինչպիսին է լինելու, մարդիկ գնում են թոշակի եւ այդ թոշակով չեն կարողանում ապրել:
Այսպիսի իրավիճակ է Հայաստանում, որտեղ ունենք բազմաթիվ պրոբլեմներ գիտության, կրթության, առողջապահության, գյուղատնտեսության եւ այլ բնագավառներում, որոնց լուծումներն այս շրջանում կարող են առաջարկել տարբեր թեկնածուներ: Բայց հարց է առաջանում` առանձին-առանձին այդ օղակները հնարավո՞ր է լավացնել: Ոչ, դրանք շաղկապված են: Ես կարծում եմ, որ բոլոր թեկնածուների ծրագրերը, թե անցյալում, թե հիմա, ինչպես նաեւ կառավարության բոլոր ծրագրերը մեկը մյուսից լավն են, եւ եթե այդ ծրագրերով առաջնորդվեինք, ապա հիմա շատ խնդիրներ լուծված կլինեին: Բայց առաձին-առանձին այդ օղակները հնարավոր չէ լավացնել, որովհետեւ, կրկնում եմ, դրանք շաղկապված են. եւ այդ շաղկապվածության մեջ արմատը պետք է գտնել, որովհետեւ, առանց հիվանդությունը գտնելու, չես կարող համակարգը բուժել ու լավացնել: Այս առումով, մեր կարծիքով, պետք է պատասխանել երկու հիմնական հարցի.
1.       Ո՞ւմ է պատկանում իշխանությունը:
2.       Ո՞վ է վերահսկում տնտեսությունը:

Ընդհանրապես ժամանակակից պետությունների զարգացումը ցույց է տալիս, որ նրանց զարգացման հիմքում ընկած է ազատ մարդը` պաշտպանված օրենքներով, որը կարողանում է մասնակցել երկրի կառավարմանն ու որոշումների ընդունմանը, կարողանում է իր կարծիքով ազդել քաղաքական կյանքի վրա եւ, ի վերջո, փոխել իշխանությունը: Իսկ մեզ մոտ տնտեսության մեջ մրցակցություն չկա, քաղաքական կուսակցություններն էլ իրենց ձայներով չեն կարողանում որեւէ բան փոխել:
Տնտեսությունը պետք է անջատված լինի քաղաքական իշխանությունից: Տնտեսության մեջ իշխանությունը կարող է խառնվել միայն օրենքների միջոցով: Իսկ երկրի համար ռազմավարական նշանակություն ունեող ոլորտներին էլ միայն պետք է աջակցել: Իսկ մեզ մոտ հակառակն է: Օրինակ` վերջերս փոխեցին «Պարզեցված հարկի մասին» օրենքը: Այդ օրենքը ԱԺՄ-ի 98-99 թթ. ծրագրի մեջ էր. փոքր եւ միջին բիզնեսը զարգացնելու համար անհրաժեշտ էր պարզեցված հարկի մասին օրենք, եթե տարեկան շրջանառությունդ 50 միլիոն դրամ է, ապա դու ազատվում ես ավելացված արժեքի հարկից եւ շահութահարկից: Հիմա բռնեցին ու oրենքն այնպես փոխեցին, որ արդյունքում` պարզեցված հարկով աշխատող մարդ համարյա թե չի մնում: Ստացվեց, որ հազարավոր մարդիկ կորցրեին իրենց գործը:
Այսօր ամբողջ քաղաքական եւ տնտեսական իշխանությունը մի խումբ մարդկանց ձեռքին է: Եվ եթե դուք մտածում եք, որ մի լավ մարդ կգա եւ այս պայմաններում կկարողանա զարգացնել պետությունը, սխալվում եք: Համակարգը պետք է փոխվի: Ինչու այսպես եղավ: Կոմունիստական ռեժիմի ժամանակ կային օրենքներ, որոնց միջոցով, լավ կամ վատ, կազմակերպվում էին տնտեսությունն ու քաղաքական իշխանությունը: Լավ էին այդ օրենքները, թե ոչ, համենայն դեպս, գործում էին: Երբ մենք եկանք իշխանության, առաջ քաշեցինք երկու սկզբունքային գաղափար. իշխանությունը պատկանում է ժողովրդին, պետք է լինենք ժողովրդավարական երկիր, եւ երկրորդ` երկրում լինելու է ազատ ձեռներեցություն: Բայց ի՞նչ եղավ հետո: Առաջին ընտրությւունները լեգիտիմ էին, եւ դրանք մեծ հնարավորություն էին երկիրը զարգացնելու համար: Դրանից հետո սեփականաշնորհում եղավ, եւ մարդկանց այն խումբը, որը քաղաքական իշխանություն ուներ, կարողացավ օգտվել սեփականաշնորհման հռչակված ձեւից եւ իր ձեռքը վերցնել ամբողջ տնտեսությունը: Ձեւավորվեց մի խումբ, որի ձեռքում կենտրոնացավ թե’ քաղաքական, թե’ տնտեսական իշխանությունը: Հետագայում դա ամրագրվեց 1995 թ. Սահմանադրությամբ: Այդ Սահմանադրությամբ նախագահին տրվեցին լայն հնարավորություններ: Նա նշանակում էր դատախազներին, դատավորներին, մարզպետներին, նշանակում էր վարչապետ, կառավարության անդամներ: Այսինքն` այդ խմբի ղեկավարը ունեցավ գերլիազորություններ, նա ղեկավարում էր այդ խմբին, իսկ խումբը` ամբողջ երկիրը: Եվ հետևանքն այն եղավ, որ ընտրության միջոցով այդ խմբի ղեկավարին հնարավոր չէ փոխել, այսինքն` նրա ձեռքից վերցնել: 2005 թ., ճիշտ է, Սահնմանադրության մեջ փոփոխություններ եղան, բայց մենք տեսանք, որ ընտրությունների միջոցով Հայաստանում այլեւս հնարավոր չէ քաղաքական իշխանություն փոխել:
Ի՞նչ միջոցով պետք է փոխել իշխանությունը. միայն հեղաշրջումների: 1998 թ. այն նույն խումբը վերարտադրեց ինքն իրեն. խումբը մնաց նույնը, փոխվեց միայն ղեկավարը: Երկրի կառավարման մոդելը մնաց նույնը: Հիմա նորից կա խումբ, որի ձեռքում է կենտրոնացված իշխանությունը:
2005 թ. Սահմանադրությունը պետք է մի քիչ բարելավեր վիճակը, քանի որ Ազգային ժողովին տրվել են ավելի մեծ հնարավորություններ, կրճատվել են նախագահի լիազորությունները: Ինչո՞վ պատասխանեց իշխանական համակարգը դրան: Շատ պարզ, նրանք շրջանցեցին դա եւ մոնոպոլ իշխանություն դարձան ԱԺ-ում: Նրանք ամեն ինչ արեցին, որ ընդդիմություն չմնա, եւ լուծեցին իրենց առջեւ դրված խնդիրը` մեծամասնություն ունենալ ԱԺ-ում:
Եթե 2008 թ. նախագահ դառնա Սերժ Սարգսյանը, ապա կվերականգնվի 1995 թ. Սահմանադրության բուրգը: Լինում է նախագահ, վարչապետի պաշտոնը դառնում է տեխնիկական պաշտոն, որն ուղղակի սպասարկում է, արդյունքում նորից կանգնում է մի բուրգ, որի դեմ խաղ չկա: Հետեւաբար պետք է ընտրել մեկին, ով կարող է պայքարել սրա դեմ:
 Ի՞նչպիսի մարդ պետք է նա լինի եւ ինչ պետք է անի, որպեսզի այս իրավիճակից դուրս գանք: Նախեւառաջ պետք է լինի մեկը, ով իր թիմի հետ միասին երբեք չի եղել այդ բուրգի մեջ կամ դրա գագաթին: Այսինքն` նրանք չունեն որեւէ պարտավորություն եւ ազդեցությունների տակ չեն: Ազնիվ են, հայրենասեր են, մաքուր են: Իսկ ի՞նչ պետք է նրանք անեն: Պետք է առաջիկա 3 տարիների ընթացքում արագորեն փոխեն համակարգը: Որովհետեւ, եթե չփոխեն համակարգը, կարող է լինի մի նախագահ, որը գայթակղվի իշխանությամբ եւ դառնա բուրգի մի մասնիկ: Իշխանությունը շատ գայթակղիչ բան է: Ուրեմն պետք է գան մարդիկ, ովքեր ոչ թե նպատակ են դրել դառնալ այդ բուրգի մասը եւ գագաթի տեր, ավելի լավ տեր, քան մյուս երկու նախորդ նախագահները, այլ պետք է գան ու ջարդեն այդ բուրգը եւ նոր իրավիճակ ստեղծեն Հայաստանում, որտեղ իշխանությունն, իսկապես, կպատկանի ժողովրդին: Դրանից հետո մնացած հարցերն ինքնըստինքյան կլուծվեն:
Ի՞նչ պետք է դրա համար անել: Նախեւառաջ պետք է իրարից անջատել քաղաքական ուժերին եւ տնտեսվարող սուբյեկտներին: Այսիքն` ստեղծել նպաստավոր պայմաններ տնտեսությամբ զբաղվելու համար: Երկրորդ` դատական համակարգը անկախ չէ, պետք է նաեւ այս խնդիրը արագորեն լուծել: Մենք առաջարկում ենք նաեւ, որ նախագահի վերահսկողության մարմինը իսկապես դառնա ժողովրդավարական վերահսկողության մարմին: Այդ մարմնում պետք է ընդգրկված լինեն ընդդմադիր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, հասարակության լայն շերտեր եւ մտավորականներ, որոնք բողոքում են իշխանությունից,: Նախորդ տարիներին եղած բողոքները պետք է վերնայվեն. Հյուսիսային պողոտայի հարցը, որի պատճառով մարդկանց իրենց տներից դուրս են շպրտել, Թեղուտի հարցը եւ բազմաթիվ այլ հարցեր: Հասարակությունը պետք է դրանք քննարկի եւ պարզի: Դա մաքրման պրոցես է, բայց դրա հետ միասին պետք է անպայման ընդունվի նոր Սահմանադրություն: Այդ Սահմանադրության մեջ ի՞նչն ենք կարեւորում:
1.     Անկախ դատարան: Կար Արդարադատության խորհուրդ, որում նախագահն էր, այն դատախազները, որոնց ինքն էր նշանակել եւ այլն: Եվ փաստորեն իրենք էին նշանակում դատավորներին: Այսօր էլ նրանց նախագահն է նշանակում: Սահմանասդրության մեջ փոփոխություն եղավ, որից հետո նախագահին ներկայացնում էին այս կամ այն դատավորի թեկնածությունը, եւ եթե նախագահը չցանկանար մեկին նյշանակել, դարձյալ չէր նշանակի: Այսինքն` վերահսկողությունը նորից մնաց նախագահի ձեռքում: Ամանակարեւոր հարցը Սահմանադրության մեջ, որ պետք է լուծել, անկախ դատական համակարգն է:
2.    Մարզերի հարցը: Մենք բոլորս տեսնում ենք, որ Հայաստանը դարձել է ֆեոդալական երկիր, եւ մարզպետները փոքր ֆեոդալներ են, որոնց ենթակայության տակ գտնվում են ավելի փոքր ֆեոդալներ: Որպեսզի այսպիսի բան տեղի չունենա, մարզպետները պետք է ընտրվեն ուղիղ ընտրությամբ` ժողովրդի կողմից: Երեւանի քաղաքապետին պետք է ընտրի ոչ թե ավագանին, այլ ժողովուրդը: Ժողովուդը պետք է ընտրի, որպեսզի նրանք դառնան լուրջ ինքնուրույն դեմքեր քաղաքականության մեջ, ունենան իրենց բյուջեն, եւ քանի որ իրենց ժողովուրդն է ընտրել, իրենք իրենց հետագա գործունեության համար հաշվետու լինեն ժողովրդին:  
                  
 Հաջորդ հարցը, որ կարեւորում ենք, հանրաքվեի մասին օրենքն է: Ժողովուրդը պետք է կարողանա, ստորագրություններ հավաքելով (ընդ որում թիվ պետք է սահմանվի, ասենք` 100 հազար) հարցը դնել հանրաքվեի, եւ այդ հարցերի շարքում պետք է լինի նաև իշխանություններին անվստահություն հայտնելու հարցը: Այսինքն` եթե ձեւավորվել է իշխանություն, որին ժողովուրդը դեմ է եւ հարյուր հազար ստորագրություն է հավաքել, իշխանությունը պարտավոր է այդ հարցը դնել հանրաքվեի: Օրինակ` պատկերացրեք, երբ 2004 թվականին ջրցան մեքենաներով եւ ամեն կերպ հալածվեցին ընդդիմությունը եւ ժողովուրդը, եթե այդ իրավունքը լիներ, ոչ թե 100 հազար, այլ մեկ միլիոն ստորագրություն կհավաքվեր, մարդիկ կհավաքեին, եւ հարցը կդրվեր հանրաքվեի:
 Իհարկե, դուք կարող եք ասել, որ եթե կեղծվում են ընտրությունները, կեղծվում են Սահմանադրության ընդունման հանրաքվեները, ապա դա էլ կկեղծվի: Բայց գիտեք, ժողովրդի հետ գործ ունենալը շատ դժվար է: Եթե հարյուրհազարավոր մարդիկ ստորագրություններ հավաքեն, եւ հարցը դրվի հանրաքվեի, ապա իշխանությունը շատ վախեցած կլինի: Հետևաբար պետք է այդ կետը մտցնել:
Ուրեմն կարեւոր է անկախ դատարան ունենալու հարցը, մարզպետների ընտրովի լինելու հարցը եւ հանրաքվեի իրավունք ունենալու հարցը: Եթե այդ ամենը կատարվի, ապա նոր նախագահը ինքն իր ձեռքով կքանդի այն բուրգը, որի խմբի համար այդ բուրգի գագաթին լինելը կարող է բարեկեցիկ կյանք ապահովել: Եթե դա կատարվի, ապա հաջորդ նախագահը չի կարողանա այդ բուրգը կառուցել:
Այնուամենայնիվ հասարակության մեջ կյանքը դասավորվում է Սահմանադրության միջոցով, քվեարկության միջոցով: Երբեմն մարդկանց թվում է, որ մեզ պետք է մի ուժեղ թագավոր, որը կլավացնի մեր կյանքը: ժամանակակից աշխարհը ցույց տվեց, որ ուժեղ թագավոր պետք է միայն այն դեպքում, եթե անցումային շրջան է, եւ նպատակ է դրված 2-3 տարում փոխել իրավիճակը: Բայց ընդհանրապես զարգանում են այն երկրները, որոնց տերը ժողովուրդն է, որն իր ընտրությամբ է ձեւավորվում քաղմարմինները, իր ընտրությամբ են ընդունվում նոր օրենքներն ու սահմանադրությունը, ինքն է երկրի տերը: Դրա համար թեկնածուների մեջ պետք է փնտրել այն մարդկանց, ովքեր ոչ միայն ասում են, որ մենք կգանք ու ամեն ինչ լավ կլինի, եւ ծրագրեր են ներկայացնում, այլ այն մարդիկ, որոնց մենք վստահում էինք, որոնք վճռականորեն կգնան համակարգային փոփոխությունների: Առանց համակարգային փոփոխությունների, առանց բիզնեսը քաղաքականությունից անջատելու, այս պետությունը չի կարող զարգանալ: Բայց ես չեմ հիշում մի դեպք (ավելի ճիշտ այդպիսի դեպք չի եղել), որ ընտրությունների միջոցով իշխանությունը փոխվի, այդ դեպքում իմ ասածը կմնա ձայն բարբառո հանապատի: Լավ, եթե ընտրությունների միջոցով չես կարողանում փոխել իշխանությունը, ապա ի՞նչ իմաստ ունի խոսել այս կամ այն թեկնածուի լավ ու վատ գծերի մասին:
Ես կարծում եմ, որ 2008 թվականին ստեղծվել են բարենպաստ պայմաններ իշխանությունը փոխելու համար: Որո՞նք են այդ պայմանները: Իշխանությունը հիմա շատ ավելի թույլ է, քան 2003 թվականին եւ 1998 թվականին: Հիշեք` 2003 թվականին, երբ Ռ.Քոչարյանը իր թեկնածությունը առաջադրեց երկրորդ ժամկետում, իշխանության մեջ բավական էներգիա կար, այսինքն` իշխանությունը լճացած չէր: Նրա կողքին կանգնած էին քաղաքական կուսակցություններ` Դաշնակցություն եւ «Օրինաց երկիր»: Դա բավական մեծ ուժ էր, նրանք կեղծիքներով հաղթեցին, բայց, միեւնույն է, ուժեղ էին: 1998 թվականին Ռոբերտ Քոչարյանի կողքին դարձյալ կանգնած էր Դաշնակցությունը, կանգնած էր ՀՀՇ-ի հիմնական մասը` Երկրապահը: Երկրորդ փուլում նրա թեկնածությունը պաշտպանեցին բազմաթիվ կուսակցություններ: Իսկ այժմ նայեք, թե ինչ իրավիճակում է իշխանությունը. նա մնացել է միայնակ, խռոված ՕԵԿ-ից եւ Դաշնակցությունից, ներսում ամեն ինչ հարթ չէ, եւ զգացվում է, որ այս իշխանությունների ժամանակը սպառվում է, այս իշխանությունները պետք է գնան:
Երկրորդ հանգամանքն այն է, որ Հայաստանում, այնուամենայնիվ, աճել է մի նոր սերունդ, առաջացել է մարդկանց մի նոր շերտ, մարդիկ, ովքեր զբաղվում են բիզնեսով, ովքեր շփվում են աշխարհի հետ, եւ նրանց խաբել շատ դժվար է: Մենք համոզված ենք, որ քաղաքական այդ թիմում կան ներքին պառակտումներ, ուստի` պետք է սպասել փոփոխությունների:
Ո՞վ կարող է հաղթել:
Երբեմն ասում են` այսինչին թույլ չեն տա: Ես միշտ ասում եմ` բայց իշխանությունը ինչու պետք է ինչ-որ մեկին թույլ տա: Բնական է, իշխանությունը ոչ մեկին թույլ չի տա, այսինքն` այն, որ «այսինչը լավն է, բայց իրեն թույլ չեն տա», ուղղակի հիմար դրույթ է, որովհետեւ այդպիսի բան չկա, իշխանությունը միշտ ուզում է մնալ իշխանության, ինչու՞ պետք է ուրիշի տա:
Համախմբվելու հանագմանքը: Մենք միշտ կողմ ենք եղել համախմբվելուն, եւ նախորդ տարիներին տեսել եք, որ միշտ միացել ենք: 2003թ.` Ս. Դեմիրճյանին, 96-ին   մենք էինք կազմակերպում համախմբման գործընթացը, այսինքն` միշտ կողմ ենք եղել դրան: Բայց մի բան հաշվի առեք. հիմա կան բազմաթիվ թեկնածուներ, ամեն մի թեկնածու Ս.Սարգսյանից որոշ ձայներ խլում է: Մարդ կա, ասում է` ավելի լավ է Վ. Մանուկյանը լինի, քան Ս.Սարգսյանը, մյուսն ասում է` ավելի լավ է մեր ձայնը Ա. Բաղդասարյանին տանք: Այս ձայները մեր միջեւ բաշխվում են, խնդիրը դա չէ: Իսկ հիմա պատկերացրեք` ստեղծվում է մի իրավիճակ, որ մենք միավորվում ենք, եւ մեկ միասնական թեկնածու է դրվում, որը ժողովրդի մեծամասնության համար ընդունելի չէ, ի՞նչ կկատարվի այդ դեպքում: Այն, ինչ հիմա է կատարվում: Մարդիկ ասում են` չարյաց փոքրագույնը Սերժը չէ, եւ ձայները կամաց-կամաց անցնում են Սերժ Սարգսյանին:
Ընդդիմադիր թույլ թեկնածուի դեպքում ձայները փոխանցվում են իշխանական դաշտ: Առջեւում ի՞նչ միացումներ կլինեն, եւ միավորումը կլինի՞ հաղթական` ես հիմա դժվարանում եմ ասել, չնայած բանակցությունները բոլորի միջեւ շարունակվում են: Կյանքը ցույց կտա:
 Անկախ այս գնահատականներից` ես նորից ուզում են դիմել ձեզ, եւ ձեր միջոցով ընտրությունների ժամանակ դիմել ժողովրդին: Մարդիկ պետք է հավատան իրենց հաղթանակին: Երբ մենք 60-ականներին գաղտնի եւ ոչ գաղտնի կազմակերպություններ էինք ստեղծում եւ ասում, որ Հայաստանը պետք է լինի անկախ պետություն, բոլորը մեզ վրա ծիծաղում էին: Երբ «Ղարաբաղ» կոմիտեն ստեղծվեց, իմ ընկերները համալսարանում ինձ ասում էին` գլուխդ դնում ես կրակի տակ, միեւնույն է, Ղարաբաղի հարցը չի լուծվելու, եւ բոլորիդ էլ գնդակահարելու են: Բայց մենք հաղթեցինք, ունեցանք անկախություն: Դուք չգիտեք, բայց երբ ես պաշտպանության նախարար էի, եւ փակ նիստեր էին լինում, ամբողջ վերնախավը համոզված էր, որ Ադրբեջանը մեզանից այնքան ուժեղ է, որ միեւնույն է, պարտվելու ենք: Բայց մենք հաղթեցինք: Այսիքն` դուք պետք է զգաք հաղթանակի անհրաժեշտությունը: Այդ զգացողությունը ձեր փոխարեն ոչ ոք չի ապրելու: Ոչ թե պետք է մեկին աջակցել, այլ պետք է հասկանալ, պետք է հաղթել: Հասկանալ, որ այդ հաղթանակը երկրին բերելու է բարեկեցություն, բերելու է հպարտություն, բերելու է ազատություն յուրաքանաչյուրիս եւ մեր ապագա սերունդներին: Ուրեմն կրկնեմ այն կարգախոսը, որ միշտ ասել եմ. «Համարձակվեք դառնալ երկրի տերը եւ այն կունենա ապագա»: Տերը պետք է լինի ժողովուրդը:
 
Շնորհակալություն:                                                            
 

        
Home page Web mail Map
EnglishRussian


1996


www.ajk.am

  www.armenia.li
www.armenia.li
627705
588180