ՄԵՐ ՄԱՍԻՆ
ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
ԱՆՑԱԾ ՃԱՆԱՊԱՐՀ
ԳՐԱԴԱՐԱՆ
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑՆԵՐ
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԳՐԱՆՑՎԵԼ ԿԱՅՔԻ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԿԱՊԸ ՄԵԶ ՀԵՏ
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ 2008

ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԿՈՒՆԵՆԱ ԱՊԱԳԱՆ ԸՆՏՐԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ09.01.2008  


«Հայոց աշխարհ»,   09 Հունվարի 2008

Հարցազրույց «Ազգային ժողովրդավարական կուսակցության» նախագահ ՇԱՎԱՐՇ ՔՈՉԱՐՅԱՆԻ հետ
  
   -Պարոն Քոչարյան, հինգ կուսակցությունների անունից նախօրեին տարածված հաղորդագրությունը տեղեկացնում է, որ ստեղծվել է համատեղ քաղաքական խորհուրդ եւ որոշվել է Վազգեն Մանուկյանի նախընտրական շտաբի կազմը։ Ի՞նչ է արված բացի այս մեկնարկային քայլից, եւ ինչպե՞ս են գործելու համատեղ քաղաքական խորհուրդն ու շտաբը։ 

   -Նախապատրաստական աշխատանքները նոր չենք սկսել, այլ դեռ նախորդ տարեվերջին։ Անցած երկուշաբթի արդեն կատարված աշխատանքն ի մի բերելու համար գումարվեց Վազգեն Մանուկյանի թեկնածությունը սատարող հինգ կազմակերպությունների՝ ԱԺՄ, ԱԺԿ, ԱԺԴ, ՍԻՄ եւ «Ազգային պետություն» կուսակցությունների վարչությունների համատեղ նիստ։ Քննարկումների արդյունքում հստակեցվեցին որոշակի խնդիրներ, նախընտրական մեր անելիքները, նաեւ ընտրվեց շտաբի պետը։ Վազգեն Մանուկյանի նախընտրական շտաբը, ինչպես գիտեք, ղեկավարելու է «Ազգային պետություն» կուսակցության ղեկավար Սամվել Շահինյանը։ Նախընտրական կենտրոնական շտաբի եւ տարածքային շտաբների ձեւավորման աշխատանքները շարունակվում են։
   Ստեղծվեց նաեւ Վազգեն Մանուկյանին սատարող քաղաքական հինգ ուժերի առաջին դեմքերով ներկայացող քաղաքական խորհուրդ, որը բնականաբար չի զբաղվելու շտաբային աշխատանքով կամ մարտավարական խնդիրներով, այլ որոշելու եւ հստակեցնելու է ռազմավարական լուծումները։


   -Ինչպես հայտնի է, ձեր թեկնածուն չի ունենալու իր ներկայացուցիչը ընտրական հանձնաժողովներում, քանի որ սատարող հինգ կուսակցություններից ոչ մեկը խորհրդարանական չէ։ Այս բացը ինչպե՞ս եք լրացնելու։ 

   -Նման վիճակում են առաջադրված ինը թեկնածուներից առնվազն վեցը։ Այս տեսանկյունից ընտրական հանձնաժողովների կազմը հավասարակշռված չէ, եւ ընդդիմությունն ու իշխանությունը հավասարապես չեն ներկայացված։ Ուստի ընտրությունների ժամանակ հետապնդելու ենք երկու հիմնական նպատակ։
   Նախ, որ մեր թեկնածուն ստանա գերակա քվե ու ընտրվի երկրի նախագահ։ Ապա նաեւ ապահովել առավելագույն արդար ընտրություններ ու այս նպատակով համագործակցել բոլոր այն քաղաքական ուժերի հետ, որոնք ունեն այդ ձգտումը։ Սա ենթադրում է համատեղ աշխատանք ե՛ւ վստահված անձերի, ե՛ւ ընտրական հանձնաժողովներում անդամներ ունեցող կուսակցությունների հետ։ 

   -Համաձա՞յն եք տեսակետին, որ ազատ ու արդար ընտրությունը այլեւս ոչ թե արտաքին հարկադրանք է, այլ հասարակական պահանջ։ 

   -Հայաստանում տեղի ունեցող ամեն հաջորդ ընտրություն արտաքուստ ընթանում է միջազգային չափանիշներին ու պահանջներին ավելի համապատասխան։ Խնդիրն այն է, որ ընտրախախտումների մեխանիզմներն են նաեւ կատարելագործվում եւ դառնում առավել ստվերային։ Շատ հաճախ արձանագրվում են քվեարկության այնպիսի արդյունքներ, որոնք չեն համապատասխանում ընտրությունների իրական պատկերին։
   Այս իրավիճակի ու մեխանիզմի բացահայտումն էլ ընդդիմադիր ուժերի խնդիրն է, այլ ոչ թե միջազգային դիտորդների անելիքը։ Նրանց հաճախ են մեղադրում երկակի ստանդարտներով առաջնորդվելու համար։ Բայց չեմ կարծում, թե արտասահմանցի դիտորդներին պետք է թույլատրվի ինչ-որ լրտեսական ցանց ձեւավորել ու պարզել ստվերային մեխանիզմները։ Սա, հավատացած եմ, ընդդիմության դաշտում գործող կուսակցությունների կարեւոր խնդիրներից մեկն է, որը անհրաժեշտ է լուծել միասնական դիրքորոշումների ու համագործակցության միջոցով։
   Սա՝ քաղաքական համատեքստում։ Իսկ հասարակական հարթության վրա, այո, հավատացած եմ, որ ընտրողը, ժողովուրդն ունի ե՛ւ ազատ քվեարկելու ցանկություն, ե՛ւ արդար ընտրությունների պահանջ։
   Իշխանության մեջ հիմնավորված է համոզմունքը, որ իշխանության թեկնածուն, իրոք, ունի ընտրվելու համար բավարար կողմ քվեներ։ Այս համոզմունքը էլ ավելի ամրապնդվեց նախկին նախագահի ի հայտ գալով։ Նրա քաղաքական դաշտ վերադառնալու հետեւանքով իշխանության թեկնածուն կստանա նաեւ այն քվեները, որոնք կարող էին տրվել ընդդիմությանը։ Սա այն ընտրողների ձայներն են, ովքեր մինչ նախկին նախագահի առաջադրվելը կողմնորոշված չէին, բայց առավելապես հակաիշխանական հակվածություններ ունեին։
   Կարծում եմ՝ ժողովրդին առաջարկված այս երկընտրանքը, երբ պետք է նախապատվությունը տալ կամ ներկային, կամ անցյալին, արհեստական է։ Նախընտրական առաջիկա գործընթացների արդյունքում, հավատացած եմ, ժողովրդին կառաջադրվի նոր այլընտրանք, կսկզբնավորվի զարգացումների նոր փուլ։ Արդյունքում ամեն ինչ մոտակա ժամանակում էապես կփոխվի, եւ ժողովուրդը կունենա ապագան ընտրելու հնարավորություն։

ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


 

ՈՄԱՆՔ ԽՈՑԵԼԻ ՎԻՃԱԿՈՒՄ ԵՆ

   ՇԱՎԱՐՇ ՔՈՉԱՐՅԱՆԻ կարծիքով. «Անհրաժեշտ է անձնիշխանական համակարգից անցում կատարել ժողովրդավարական ու իրավական պետության։ Մարդը, քաղաքացին Հայաստանում պետք է իրեն զգա երկրի տեր։
   Նախագահի թեկնածուների միջեւ ընտրություն կատարելու համար էական չէ, թե ով ինչ է ասում։ Այլ այն, թե ով է իր կենսագրությամբ ապացուցել, որ կարող է իրագործել իր խոստացածը եւ խոստումներ չի շռայլում ներքին կամ արտաքին լսարանի համար։ Իսկ արդեն ներկայացված նախընտրական ծրագրերի իրատեսականության մասին ընտրողները թող դատեն թեկնածուի անցած ուղիով։
   Այս տեսանկյունից որոշ թեկնածուներ խոցելի վիճակում են հայտնվում եւ նրանց ծրագրերը քննարկելու անհրաժեշտություն չի առաջանում»:


        
Home page Web mail Map
EnglishRussian


1996


www.ajk.am

  www.armenia.li
www.armenia.li
627688
588163