ՄԵՐ ՄԱՍԻՆ
ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
ԱՆՑԱԾ ՃԱՆԱՊԱՐՀ
ԳՐԱԴԱՐԱՆ
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑՆԵՐ
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԳՐԱՆՑՎԵԼ ԿԱՅՔԻ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԿԱՊԸ ՄԵԶ ՀԵՏ
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ 2008

«Երբեք չմտածեք, որ եթե բանակցում եք որևէ մեկի հետ, ուրեմն կեղտոտվում եք» Վազգեն Մանուկյանը` երիտասարդ ակտիվիստներին 31.07.2013  


Ավարտվեց Հանրային խորհդի նախագահ Վազգեն Մանուկյանի և տրանսպորտի սակագների բարձրացման դեմ պայքարող երիտասարդների հանդիպումը: Հիշեցնենք, որ ՀԽ նախագահը քաղաքային տրանսպորտի թանկացման դեմ պայքարող քաղաքացիական նախաձեռնության մասնակիցներին առաջարկել էր այսօր Հանրային խորհրդում հանդիպել` ներկայացնելու ոլորտի վերաբերյալ իրենց մոտեցումներն ու տեսակետները: Ակտիվիստներն իրենց հերթին առաջարկել էին քննարկումը տեղափոխել Մաշտոցի պուրակ, որպեսզի հնարավորինս շատ մարդ կարողանա մասնակցել: Երիտասարդների հրավերն ընդունվել էր, որի վերաբերյալ Մանուկյանը հայտարարություն էր տարածել: Բարձր գնահատելով ուղեվարձի թանկացման դեմ պայքարում երիտասարդների դերակատարումը՝ հանրության տարբեր շերտերի աջակցությամբ, նա նշել էր, որ այդ պայքարն արդարացված էր և հաղթանակը` ողջունելի: «Այժմ ժամանակն է մտածելու, թե ինչպիսին պետք է լինի Հայաստանի տրանսպորտը, որպեսզի հասանելի լինի և բավարարի մեր քաղաքացիների պահանջներին: Հանրային խորհուրդն այդ ուղղությամբ շարունակելու է աշխատանքներ իրականացնել՝ հիմնվելով հանրության և մասնագետների կարծիքների վրա: Այդ նպատակով մենք դիմեցինք նաև ձեզ՝ մասնակցելու մեր աշխատանքներին, ինչ համար այսօր հրավիրեցինք Հանրային խորհուրդ»: Ընդգծելով, որ ինչ որ բանի դեմ լինելով` քաղաքացին պարտադրված չէ նաև լուծումներ առաջարկել, նա բնական էր համարել, որ խմբի բազմաթիվ անդամներ, մասնակցելով բողոքի ցույցերին, միգուցե ցանկություն չհայտնեն մասնակցել առաջարկներ և լուծումներ գտնելու գործընթացին. «Ինչ վերաբերում է տրանսպորտի նոր մոդելի մշակմանը, ապա դա լուրջ աշխատանք է և տեխնիկապես դժվար կլինի իրականացնել ձեր առաջարկած ձևաչափով: Երբ որ մեր աշխատանքների արդյունքում կմշակվի տրանսպորտի աշխատանքի որոշակի մոդել, ապա այն Մաշտոցի պուրակում քննարկման դնելը շատ արդյունավետ կարող է լինել»: Այնուհանդերձ, Հանրային խորհուրդը, որպես համագործակցության առաջին քայլ, ընդունել էր հանդիպումը Մաշտոցի պուրակում անցկացնելու երիտասարդների հրավերը, որի ընթացքում առաջարկել էր քննարկել նաև նրանց կողմից ներկայացուցչական խումբ ձևավորելու և Հանրային խորհրդի հետագա աշխատանքներին մասնակցելու եղանակները: Նախաձեռնության անդամների հետ հանդիպելու էր գնացել ոչ միայն Վազգեն Մանուկյանը, այլև Հանրային խորհրդի անդամներ Կարինե Դանիելյանն ու Վազգեն Սաֆարյանը:
Նշենք, որ հանդիպման հենց սկզբին ակցիայի մասնակիցները պահանջեցին մի քանի հեռուստաընկերությունների (որոնք, ըստ իրենց, օբյեկտիվ չեն ներկայացնի իրադարձությունները) հեռանալ և չլուսաբանել միջոցառումը: Այնուհետև երիտասարդները հիշեցրին, որ իրենց խմբի որոշ անդամներ քաղաքապետարանի դիմաց այս օրերին նստացույց են անցկացնում, որն անցնում է բավականին ծանր պայմաններւմ. ցերեկը` կիզիչ արև, գիշերը` ցուրտ: Նրանք տեղեկացրեցին, որ նախաձեռնությունը որոշել է տղաների համար վրաններ տեղադրել` միաժամանակ իմանալով, որ ոստիկանությունը կփորձի խոչտընդոտել իրենց նախաձեռնությունը: Նախաձեռնության մասնակիցներից մեկը` Վահան Քերոբյանը, հայտարարեց, որ քաղաքային տրանսպորտն աշխատում է միայն գծատերերի օգտին` նշելով, որ պետք է ստեղծել մի ընդհանուր ընկերություն, որը կներառի քաղաքային տրանսպորտի բոլոր ճյուղերը` այդ թվում նաև մետրոն: «Պետք է լինի ընդհանուր մոտեցում` տոմսային գաղափար: Դա պետք է լինի պետական, իսկ մենեջմենթը կարող է իրականացնել միջազգային որևէ մասնագիտացված կազմակերպություն»: Ներկաներից մեկն էլ նշեց, որ խնդիրն ամենևին տրանսպորտի խնդիր չէ. «Մենք գործ ունենք Հայաստանում սոցիալական խորը անարդարության հետ, որը կապված է կրիմինալ էլեմենտների` պետական ապարատ ներթափանցելու և դրանք լիովին գերի վերցնելու հետ»: Նրա խոսքով` պետք է հստակեցվի հանրային ոլորտում հայտնի մարդկանց դիրքորշումը. արդյո՞ք կրիմինալ պահվածքով դրսևորվող պաշտոնյաները պետք է մնան իրենց պաշտոնում, թե՞ պետք է հեռացվեն: Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը, որը նույնպես մասնակցում էր քննարկմանը, հայտարարեց, որ գիծ և գծի տեր արտահայտությունները բռնաբարություն են հայոց լեզվի նկատմամբ. «Դա հանցավոր խմբերի կոդավորված լեզու է»,-ասաց նա: Վազգեն Մանուկյանը, դիմելով ներկաներին, հիշեցրեց, որ 25 տարի առաջ իրենց պայքարն ուրիշ տեղ էր` Քաղբյուրոյի դեմ, պայքար երկրի անկախության, ժողովրդավարության, Ղարաբաղի ազատագրման համար` միաժամանակ բնական համարելով, որ Ղարաբաղի պատերազմում հաղթած և անկախ Հայաստան կերտած այսօրվա իրականության մեջ պայքարը պետք է գնա երկրի ներսում կյանքը կարգավորելու և բարեփոխելու ուղղությամբ: «Տրանսպորտի խնդիրն այդ խնդիրներից մեկն է: Ցուրտ ու մութ տարիներից հետո առաջացան «փափախ» անողներ, որոնք սպասարկում էին ժողովրդին, և եկամուտն ամբողջությամբ գնում էր տերերի գրպանը: Բնական է, որ տերերն էլ իշխանության հետ կապված մարդիկ էին: Դա շարունակվեց մինչ օրս, ինչն անախրոնիզմ է»: Նա հիշեցրեց, որ Հանրային խորհուրդը տրանսպորտի խնդիրներ վերաբերյալ քննարկումները սկսել էր դեռևս նախորդ քաղաքապետի օրոք, ինչը կիսատ էր մնացել: Իսկ մինչ Տարոն Մարգարյանի կողմից ուղեվարձի թանկացման վերաբերյալ որոշումն ընդունելը, Հանրային խորհրդում քննարկում էր կազմակերպվել, որին մասնակցել էին նաև քաղաքապետարանի պաշտոնյաները: «Ցավոք, քաղաքապետարանը շտապեց և առանց խնդիրը լուծելու գնաց բարձրացման, դուք էլ ճիշտ արեցիք, որ պայքարեցիք, մենք էլ մեր կողմից ազդեցինք` և գրավոր, և բանավոր, որպեսզի այդ հարցը լուծվի»: Չխորանալով տրանսպորտի խնդիրների լուծման մանրամասների մեջ և նշելով, որ դա սովոր է անել թուղթ ու գրիչով` սեղանի շուրջ, Վազգեն Մանուկյանը կոչ արեց ակտիվիստներին միանալ լուծումներ գտնելու և առաջարկներ մշակելու իրենց աշխատանքին: Անդրադառնալով Հանրային խորհրդի գործունեությանը` նա ասաց, որ երբեմն հանրության կողմից ճիշտ չի ընկալվում այդ կառույցի գործունեությունն ու նպատակը: Նրա խոսքով` կան ինստիտուտներ, որոնք ազդում են իշխանության ներսում որոշումներ ընդունելու վրա: Նմանատիպ մի ինստիտուտ էլ, ըստ նրա, քաղաքացիական այս նախաձեռնությունն է կամ Հանրային խորհուրդը: «Ընդ որում, խորհրդի առավելությունն այն է (ոմանց կարծիքով էլ` թերությունը), որ այն մասամբ կապված է հասարակության հետ, մասամբ` իշխանությունների, և հնարավորություն ունի անմիջապես ազդել իշխանության վրա»,-նկատեց նա: Մանուկյանը համոզված է, որ միայն փոխադարձ հանդուրժողականության և համագործակցության շնորհիվ կարելի է հասնել երկրում լուրջ բարեփոխումների իրականացմանը: Ինչ վերաբերում է ակտիվիստների գործելակերպին` այս կամ այն կառույցի, ուժի հետ բանակցելու կամ չբանակցելու վերաբերյալ, Վազգեն Մանուկյանն իր քաղաքական երկարատև ու հարուստ փորձից երիտասարդներին խորհուրդ տվեց. «Երբեք չմտածեք, որ եթե բանակցում եք որևէ մեկի հետ, ուրեմն կեղտոտվում եք: Եթե խնդիր եք լուծում, պետք է գնալ և´ բանակցության, և´ պայքարի: Բոլոր մեթոդները պետք է օգտագործել»: ՀԽ անդամ Կարինե Դանիելյանը հիշեց, որ 1988-ից ի վեր Վազգեն Մանուկյանի հետ անընդհատ վիճում է այն հարցի շուրջ, որ նա երբեք չի ներկայացնում իր արածը. «Մենք ներսում գիտեինք, որ նա է շարժումն առաջ տանողը, բայց ցավոք, երբեք չէր ներկայացնում շատ բաներ, և դրա համար էլ մենք չունեցանք Վազգեն Մանուկյան նախագահ, ինչը նրա մեղքն է»: Ներկաներից մեկն էլ, բարձր գնահատելով Վազգեն Մանուկյանի բացառիկ դերը Հայաստանի Հանրապետության քաղաքական պատմության մեջ, բոլորի անունից խնդրեց, որ նա այդ բացառիկությունը պահպանի նաև այսօր և նման ակցիաների և շարժումներրի դեպքում անի այնպես, որ իր անվանման մեջ հանրային անունը կրող մարմինը միշտ լինի հանրային շարժման կողքին, իսկ շարժման մասնակիցները մշտապես զգան այդ պաշտպանությունը: Վերջում, հիշելով 1996թ-ին հնչող կոչը, Վազգեն Մանուկյանը կրկնեց. «Ժողովո´ւրդ, համարձակվիր դառնալ երկրի տերը և այն կունենա ապագա: Համարձակվե´ք»:
        
Home page Web mail Map
EnglishRussian


1996


www.ajk.am

  www.armenia.li
www.armenia.li
627682
588157