ՄԵՐ ՄԱՍԻՆ
ԱԺՄ քաղաքական սկզբունքներն ու գործունեությունը
1996թ. Պատմության չփակված էջ
ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
ԱՆՑԱԾ ՃԱՆԱՊԱՐՀ
ԳՐԱԴԱՐԱՆ
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑՆԵՐ
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԳՐԱՆՑՎԵԼ ԿԱՅՔԻ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԿԱՊԸ ՄԵԶ ՀԵՏ
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ 2008

Անդամակցություն «Տնտեսական և սոցիալական խորհուրդների և համանման կառույցների միջազգային ասոցիացիա» (ՏՍԽՄԱ) կազմակերպությանը08.07.2010  


Նյու Յորքում ավարտվեց «Տնտեսական և սոցիալական խորհուրդների և համանման կառույցների միջազգային ասոցիացիա» (ՏՍԽՄԱ) կազմակերպության` «ՏՍԽ-ների դերը նոր համաշխարհային տնտեսական, սոցիալական և շրջակա միջավայրի կառավարման համատեքստում» թեմայով տարեկան համաժողովը:Այս տարի համաժողովին մասնակցում էր նաև հայաստանյան պատվիրակությունը Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ: 2009թ ՀՀ Հանրային խորհուրդը դիմել է ՏՍԽՄԱ-ին նախ ասոցիատիվ անդամի կարգավիճակով, իսկ հետո նաև լիարժեք անդամ դառնալու ցանկությամբ: ՀՀ ՀԽ-ի անդամակցությունը ՏՍԽՄԱ-ին, շատ արդյունավետ կարող է դառնալ ինչպես այլ երկրների ՏՍԽ-ների հետ փորձի փոխանակման և գործունեության բարելավման, այնպես էլ հենց Հայաստանում դրա դերի բարձրացման տեսանկյունից:Սա ՀԽ-ի` որպես կազմակերպության լիիրավ անդամ, 1-ին մասնակցությունն է տարեկան համաժողովին: Այս համաժողովի ժամանակ էլ հայկական ՀԽ-ն հայտարարվել է ասոցիացիայի անդամ: Համաժողովի ժամանակ խոսք է տրվել նաև հայկական պատվիրակությանը: ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանը դիմելով ներկաներին` շնորհակալություն է հայտնել ՏՍԽՄԱ-ի(AICESIS) գլխավոր ասամբլեայի նիստին մասնակցելու հրավերի համար: Մանուկյանն իր հուլիսի 7-ի ելույթում նշել է.
Հայաստանն իր անկախությունը, ինչպես և ԽՍՀՄ բոլոր հանրապետությունները, ստացավ խորհրդային կայսրության փլուզումից հետո` 1992 թ.: Բայց Հայաստանն այն բացառիկ հանրապետություններից էր, որտեղ ժողովրդավարական շարժումը և անկախության շարժումը սկսվեցին դեռ 1988 թ.` մշտապես մի քայլ առաջ լինելով Խորհրդային Միության մյուս հանրապետություններում տեղի ունեցող գործընթացներից, էապես ազդելով այդ պրոցեսների բովանդակության, ուղղվածության և արագության վրա: Հայաստանում 1988 թ. տեղի ունեցավ առաջին համազգային գործադուլը, որը անհնարին էր թվում Խորհրդային Միության պայմաններում: 1990 թ., դեռ Խորհրդային Միության կազմում, Հայաստանում տեղի ունեցան առաջին այլընտրանքային խորհրդարանական ընտրությունները, որոնց արդյունքում ժողովրդավարական շարժումը ձևավորեց խորհրդարան, կառավարություն, և Հայաստանը, այսպիսով, առաջինն էր, որտեղ կոմկուսը 1990 թ. կորցրեց իր բոլոր իշխանական լծակները:Թվում էր, որ այս պայմաններում անկախություն ստանալուց հետո Հայաստանը առաջինը պետք է արագ քայլերով ձևավորեր քաղաքացիական հասարակություն, զարգացող ժողովրդավարական ինստիտուտներ:Բայց այդ նույն ժամանակ մեր տարածաշրջանում մի ոչ ավելի պակաս կարևոր գործընթաց կար` Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրականացումը սահմանադրական ճանապարհով` հիմնվելով Խորհրդային Միության օրենսդրության և իրավական ակտերի վրա: Եվ այդ շարժումը, որը կատարվում էր խիստ իրավական ճանապարհով, նույնպես ԽՍՀՄ փլուզման դետոնատոր հանդիսացավ` օրինակ ծառայելով մյուս ժողովուրդների համար, ոտքի հանելով մերձբալթյան հանրապետությունները:1988 թ. փետրվարի 20-ին Ղարաբաղի Ինքնավար մարզն իր խորհրդարանի միջոցով հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալը, որը հետագայում հաստատվեց միջազգային չափանիշներով անցկացված հանրաքվեի միջոցով (1991 թ. դեկտեմբերի 10):Քանի որ Ղարաբաղի բնակչությունը 80%-ով բաղկացած էր բնիկ հայերից, որոնք ապրում էին իրենց պատմական հայրենիքում, Հայաստանը չէր կարող անտարբեր մնալ այդ տարածաշրջանի գործընթացների նկատմամբ: Խորհրդային Միության փլուզումից հետո, երբ բոլոր հանրապետությունները անկախություն ստացան (Ղարաբաղն արդեն Ադրբեջանի կազմում չէր), Ադրբեջանը պատերազմ հայտարարեց Ղարաբաղին` ցանկանալով ռազմական ճանապարհով նորից գրավել այդ տարածքը: Դա նրան չհաջողվեց: Մենք ակամա ներքաշվեցինք պատերազմական գործողությունների մեջ: Հայաստանը հայտնվեց շրջափակման մեջ. փակվեցին Ադրբեջանի միջով անցնող բոլոր ճանապարհները, Թուրքիան միակողմանի փակեց բոլոր ճանապարհները Հայաստանի հետ, և դրանք փակ են մինչև հիմա: Վրաստանի ճանապարհները գրեթե փակվեցին նրա ներքին անկայուն ռազմական վիճակի պատճառով (Աբխազիա, Հյուսիսային Օսիա), մնաց միայն լեռնային մի նեղ ավտոճանապարհ, որը միացնում էր Հայաստանը Իրանի հետ: Մենք հայտնվեցինք շրջափակման մեջ:Բնական է, որ այդ ամենը` պատերազմը, շրջափակումը, ստեղծելով սոցիալական լարվածություն, չէր կարող չազդել Հայաստանի ներսում ժողովրդավարական ինստիտուտների ձևավորման գործընթացների վրա:2008 թ., ցանկանալով նպաստել ներքաղաքական համերաշխությանը, քաղաքացիական հասարակության ձևավորմանը, հաշվի առնելով ժողովրդի տարբեր շերտերի ցանկությունները, հանրապետության նախագահը նախաձեռնեց Հանրային խորհրդի ստեղծումը:Հանրային խորհրդի նպատակներն են` ՀՀ քաղաքացիների, հասարակական միավորումների շահերի ներկայացումը պետական քաղաքականության մշակման և իրականացման գործում, պետական և հասարակական կյանքի տարբեր ոլորտներում ծառացած խնդիրների վերհանումը, քննարկումը, առաջարկությունների ներկայացումը թե՛ պետական մարմիններին և թե՛ հասարակությանը, քաղաքացիական հասարակության կայացմանը նպաստող ավանդույթների ձևավորումը, ՀՀ քաղաքացիների, հասարակական միավորումների օրինական շահերի, իրավունքների ու ազատությունների պաշտպանությանն ուղղված քաղաքացիական նախաձեռնությունների իրականացման աջակցումը:ՀՀ հանրային խորհուրդն իրավասու է իրականացնել ՀՀ օրենքների և այլ նորմատիվ ակտերի փորձաքննություններ, հանրային հնչեղություն ունեցող խնդիրների, օրենքների և որոշումների վերաբերյալ անցկացնել խորհրդակցություններ և լսումներ` ներգրավելով քաղաքացիներին, հասարակական միավորումների և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին:Կարևորելով ՀԽ դերը երկրի հանրային կյանքում` կատարվում են փոփոխություններ ՀՀ Ազգային ժողովի և կառավարության կանոնակարգերում` հնարավորություն տալով Հանրային խորհրդին մասնակցելու այդ մարմինների աշխատանքներին և ներկայացնելու իր դիրքորոշումը:Լինելով ապաքաղաքականացված մարմին` Հանրային խորհուրդը հիմնվում է ՀՀ քաղաքացիների, հասարակական միավորումների, սփյուռքի ներկայացուցիչների կամավոր մասնակցության սկզբունքի վրա:ՀՀ Հանրային խորհուրդը կազմված է 36 անդամներից և 12 ոլորտային հանձնաժողովներից:Արձագանքելով հասարակությանը հուզող խնդիրներին` յուրաքանչյուր հանձնաժողով ակտիվորեն աշխատում է, կազմակերպում նիստեր, ձևավորում աշխատանքային խմբեր` տվյալ ոլորտին առնչվող հարցերը քննարկելու նպատակով: Մեզ մոտ հասարակական հիմունքներով աշխատում են 130 ակադեմիկոսներ, դոկտորներ և պրոֆեսորներ, 310 գիտությունների թեկնածուներ, 22%-ը ներկայացնում են մարզերը: Նշեմ նաև, որ հանձնաժողովների անդամների 25%-ը կանայք են:Այժմ կցանկանայի անդրադառնալ մի քանի կարևորագույն խնդիրների, որոնք վերջին մեկ տարվա ընթացքում հայտնվել են Հանրային խորհրդի ուշադրության կենտրոնում:2009 թ. հունիսին, անդրադառնալով հասարակության լայն շրջանակներում և զանգվածային լրատվության միջոցներում քննարկվող համաներման հարցին, Հանրային խորհուրդը կազմակերպեց այդ հարցի վերաբերյալ լայն քննակումներ, որոնց արդյունքում մշակվեցին առաջարկություններ, մատնանշվեցին այն խմբերը, որոնց վրա պետք է տարածվի համաներումը: Այդ առաջարկությունները ներկայացվեցին ՀՀ նախագահին, և դրանց մեծ մասը ներառվեց ՀՀ Ազգային ժողով նրա կողմից համաներում հայտարարելու մասին առաջարկության մեջ:Հաջորդ կարևոր հարցը, որի քննարկումներին ՀՀ հանրային խորհուրդն ակտիվորեն մասնակցեց, հայ-թուրքակական հարաբերությունների կարգավորումն էր: Բոլորին հայտնի է, որ 1915 թվականին Թուրքիայի կողմից իրականացվեց հայ ժողովրդի ցեղասպանություն, որի հետևանքով զոհվեց 1,5 միլիոն հայ, և մեր պատմական հայրենիքից տեղահանվեցին հարյուր հազարավոր հայրենակիցներ: Բացի այդ, ցանկանում եմ հիշեցնել, որ 1993 թվականից ի վեր Թուրքիայի կողմից իրականացվում է Հայաստանի միակողմանի շրջափակում` պայմանավորված արցախյան ազատագրական շարժման հանդեպ Թուրքիայի միակողմանի դիրքորոշումով: Եվ այս պայմաններում փորձ արվեց գտնել շփման եզրեր երկու պետությունների միջև: Քննարկումները թե՛ ՀԽ հանձնաժողովներում և թե՛ ՀԽ շրջանակներից դուրս ցույց տվեցին մեր հասարակության և սփյուռքի կողմից որոշակի դիմադրություն այդ հարցի առնչությամբ: Եվ այս պայմաններում Հայաստանի իշխանությունները ցուցաբերեցին խիզախություն` հարցին դրական ընթացք տալու համար: Սակայն, չնայած Հայաստանի բարի կամքին, Թուրքիան չկատարեց իր ստանձնած պարտավորությունները և տապալեց կարգավորման գործընթացը:Հայաստանը, ինչպես նաև շատ այլ նորանկախ երկրներ, բազմաթիվ խնդիրներ ունի գյուղատնտեսության ոլորտում: Հանրային խորհուրդը, քննարկելով այդ ոլորտի հարցերը, եկավ այն եզրակացության, որ այդ հիմնահարցերի լուծման տարբերակներից լավագույնը գյուղական կոոպերացիայի զարգացումն է Հայաստանում: Հաշվի առնելով նաև համաշխարհային փորձը` Հանրային խորհուրդը ձեռնամուխ եղավ կոոպերացիայի շարժմանը և կհետևի, որ այդ շարժումն ունենա իր զարգացումը Հայաստանում: Խորհրդի մշակած առաջարկությունների փաթեթն արժանացավ ՀՀ կառավարության հավանությանը և ներառվեց կառավարության մշակած գյուղատնտեսության ռազմավարական ծրագրի մեջ:Մեկ այլ հիմնախնդիր, որը հուզում էր մեր հասարակությանը, հայկական հեռուստաեթերի բովանդակության հարցն էր: Բազմաթիվ հասարակական կազմակերպություններ, անհատ քաղաքացիներ իրենց դժգոհությունն էին հայտնում հեռուստաեթերի ներկա որակից: ՀԽ-ն ստեղծեց աշխատանքային խումբ` ներգրավելով այդ ոլորտին առնչվող մասնագետներ, որը, առաջնորդվելով խոսքի ազատության սկզբունքներով, մշակեց ՀՀ-ում հեռուստառադիոհեռարձակողների գործունեության էթիկայի սկզբունքների խարտիան, ինչը և ստորագրեցին գրեթե բոլոր հեռուստաընկերությունները: Ներկայումս այդ խարտիայի շրջանակներում հեռուստաընկերությունների ներկայացուցիչները ստեղծել են մոնիթորինգային խումբ, որն ավելի կհստակեցնի խարտիայում ամրագրված նորմերի կիրառությունը:Հանրային խորհուրդը սերտորեն համագործակցում է Հայաստանում գործող բազմաթիվ արհմիությունների հետ` փորձելով Ազգային ժողովի միջոցով անցկացնել օրինագծեր, որոնք կպաշտպանեն աշխատավորների իրավունքները և բարենպաստ պայմաններ կստեղծեն արհմիությունների զարգացման համար:Ինչպես AICESIS-ին անդամակցած բազմաթիվ երկրների տնտեսական և սոցիալական խորհուրդների, այնպես էլ ՀՀ հանրային խորհրդի հիմնական նպատակն է միջնորդ հանդիսանալ և սատարել իշխանություն-հասարակություն հարաբերությունները, դառնալ այն կապող օղակը, որը հնարավորություն կտա հասարակությանն ազդելու իշխանության վարած քաղաքականության վրա, իսկ իշխանությանը` իր գործողություններն ուղղորդել հասարակության պահանջներին համընթաց:Ժամանակակից աշխարհում, երբ երկրներում տեղի ունեցող գործընթացները շաղկապված են, բազմաթիվ խնդիրներ ընդհանրական են, որոնք հնարավոր չէ լուծել միայնակ, տարբեր ճգնաժամեր հաղթահարելու և զարգանալու գլխավոր երաշխիքը սերտ համագործակցությունն է:Հուսով եմ, որ ՀՀ հանրային խորհրդի անդամակացությունն այս միջազգային կառույցին կդառնա մեր երկրում քաղաքացիական հասարակության կայացմանն ու զարգացմանն ուղղված քայլերի նոր խթան: AICESIS-ին անդամակցած կազմակերպությունների շփումը բազմաթիվ սեմինարների և հանդիպումների շրջանակներում հնարավորություն կտա բարենպաստ մթնոլորտ ստեղծելու փորձի փոխանակման և համատեղ քննարկումների համար մեր երկրների առաջ ծառացած խնդիրների լուծման հարցում:
        
Home page Web mail Map
EnglishRussian


1996


www.ajk.am

  www.armenia.li
www.armenia.li
606388
569025