ՄԵՐ ՄԱՍԻՆ
ԱԺՄ քաղաքական սկզբունքներն ու գործունեությունը
1996թ. Պատմության չփակված էջ
ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
ԱՆՑԱԾ ՃԱՆԱՊԱՐՀ
ԳՐԱԴԱՐԱՆ
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑՆԵՐ
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԳՐԱՆՑՎԵԼ ԿԱՅՔԻ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԿԱՊԸ ՄԵԶ ՀԵՏ
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ 2008

Վազգեն Մանուկյան.« Հանկարծ չբացեք Պանդորայի արկղը, հետո չեք կարողանալու փակել: Մի անգամ մի կերպ փակվեց 1990 թվականին»20.05.2010  


ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի մայիսի 19-ի ասուլիսի ամբողջական սղագրությունը. թեման՝ «Հայաստանում կրթական համակարգի հիմնախնդիրներ, օտարալեզու դպրոց» Վազգեն Մանուկյան. - Բարեւ ձեզ, շնորհակալություն, որ ընդունեցիք ասուլիսի հրավերը: Մեզ համար, այսինքն՝ Հայաստանի համար, կրթական համակարգը նույնչափ կարեւոր է, որքան բանակը, որոշ դեպքերում՝ նույնիսկ ավելի կարեւոր: Այսինքն` այն ամենը, ինչ վերաբերում է կրթական համակարգին, վերաբերում է ազգային պետական համակարգին եւ կարող է բարելավել կամ խաթարել այն: Հանրային խորհրդում ավելի վաղ տեղի ունեցած քննարկումների ժամանակ գոհ չէինք մեր կրթական համակարգից, եւ առաջարկվեց ստեղծել մի քանի աշխատանքային խումբ, որոնք անկողմնակալ ուսումնասիրություններ կանեին, եւ կառավարությանը առաջարկություններ կներկայացնեինք, թե ինչ փոփոխություններ պետք է արվեն, որ մեր կրթական համակարգը համապատասխանի մեր ազգային պետական շահերին եւ միջազգային չափանիշներին: Այդ ընթացքում հանկարծ հրապարակ եկավ Հայաստանում օտարալեզու դպրոցներին վերաբերող նախաձեռնությունը: Փորձում էինք մի քայլ առաջ գնալ, բայց դա մի քայլ է դեպի անդունդ: Երբ հայերը պետություն չեն ունեցել, լինի, ասենք, 1988 թվականը թե 19-րդ կամ 20-րդ դարի սկիզբը, բոլոր շարժումների ժամանակ մեր հասարակությունը, մեր մտավորականությունը միշտ իրար է կապել երկու գաղափար՝ անկախ պետություն եւ ազգային դպրոց: Եվ մեր հակառակորդներն էլ մեր դեմ պայքարելիս միշտ մեզ հարվածելու համար առաջին հերթին թիրախ են դարձրել ազգային դպրոցը: Երբեմն դա արել են խորամանկ ձեւերով, երբեմն՝ շահագրգռելով, երբեմն էլ՝ ուղիղ հարվածով. օրինակ, 1912 թվականին ցարական Ռուսաստանը պարզապես փակեց հայկական դպրոցները: Այսինքն` պայքարը դպրոցների համար պայքար է եղել ինքնության համար, անկախության եւ ամեն ինչի համար: Ես չպիտի ասեմ, բազմաթիվ փիլիսոփաներ են նշում, թե ինչքան կարեւոր է, որ երեխան բազային կրթությունը ստանա մայրենի լեզվով, հետո հմտանա այլ ժողովուրդների հետ շփվելու գործում. օտար լեզուներ սովորի եւ դառնա նաեւ աշխարհի քաղաքացի: Դա խորը ուսումնասիրությունների առարկա է եղել: Եթե առաջարկվում է փորձել, ուրեմն արժե հաշվի առնել արդեն եղած փորձը: Մեկը մեր սեփական փորձն է, մյուսը՝ միջազգային: Առաջինը: Ոչ հեռու անցյալում մենք ունեցել ենք ռուսական դպրոցներ, որոնցում սովորում էր մեր երեխաների 25 տոկոսը: Խորհրդային Միությունում պետական լեզուն ռուսերենն էր: Միայն երկու հանրապետություն կարողացավ դիմանալ եւ որպես պետական լեզու պահել իրենը. Հայաստանն ու Վրաստանն էին: Դա մեծ պայքար էր, եւ դրա մասին արժե հատուկ խոսել: Ամեն դեպքում, կյանքի շատ ոլորտներում, բազմաթիվ հիմնարկներում գրագրությունը ռուսերեն էր: Կենսական անհրաժեշտություն կար ռուսերեն իմանալու, եւ ռուսական դպրոցների թիվը բնականորեն սկսեց աստիճանաբար մեծանալ: Ի՞նչ թերություն ուներ այդ ռուսական դպրոցը: Ես համոզված եմ, որ այդպիսի դպրոց ավարտածների 90 տոկոսը խորությամբ չգիտի մեր՝ հայ ժողովրդի պատմությունը, հայերեն գրավոր խոսքի խնդիրներ ունի, ամբողջովին մեր մշակույթի մեջ չէ: Ես չեմ ասում, թե նրանք հայրենասեր չեն: Բայց իրենք ունեն այդ խնդիրները: Փորձեք՝ թելադրություն տալ կամ հարցնել հայ ժողովրդի պատմությունից: Ես չեմ ասում՝ բոլորը, բայց կեսից ավելին, երեւի 90 տոկոսը այդ գիտելիքները չունի եւ ամրատներով, խորը կապված չէ հայության հետ: : Ավելին, նաեւ հոգեկան երկփեղկում է առաջացնում օտար լեզվով բազային կրթությունը, որը շատ մանրազնին ուսումնասիրել են հոգեբանները: Ինքս ռուսական դպրոց եմ ավարտել, եւ մինչեւ հիմա կրում եմ իմ մեջ այդ երկփեղկումը: Կարծես մեջս երկու մարդ լինի: Կրթությունը միայն գիտելիք տալը չէ, կրթությունը նաեւ միաձույլ բնավորություն ձեւավորելն է, որը տալիս են միայն ազգային դպրոցները: Այդ ամենի հետ, դուք երեւի երիտասարդ եք, չեք իմանա, Հայաստանում հայկական ու ռուսական դպրոցների միջեւ հակամարտություն կար. ռուսական դպրոցներում սովորողների, նրանց ծնողների, ուսուցիչների մեծ մասը համարում էր, որ հայկական դպրոցները, հայախոսները, հայկական կրթություն ստացածները երկրորդ կարգի մարդիկ են, իսկ իրենք՝ առաջին: Բացի այդ, ռուսական դպրոցներում սովորում էր մտավորականների, իշխանավորների, կրթված ընտանիքների երեխաների զգալի մասը, եւ պետության հիմնական ուշադրությունը սեւեռված էր ռուսական դպրոցների վրա: Այսինքն, երկփեղկում կար նաեւ հասարակության մեջ՝ սոցիալական եւ այլն: Մենք այդ փորձը տեսել ենք. ինչու՞ եք ուզում նորից մտնել այդ փորձի մեջ ու դա նորից ուսումնասիրենք: Եվ ի՞նչ հակափաստարկ է բերվում. ասում են՝ այ, այս գլոբալիզացիայի պայմաններում, երբ աշխարհի հետ շփվելու համար պետք է լեզուներ իմանալ, չունենք օտար լեզուների տիրապետող որակյալ մասնագետներ: Ճի՞շտ է դա: Բացարձակ սուտ է: Տարեկան առնվազն տասնյակներով հայաստանցիներ՝ հայկական դպրոց, ապա հայկական բուհ ավարտելով, մագիստրատուրա են ընդունվում օտար երկրներում: Ինքներս այստեղ երեք օտար բուհ ունենք. ֆրանասիական, ամերիկյան, սլավոնական: Փայլուն տիրապետում են լեզվին: Գալիս են Հայաստան, աշխատելու տեղ չկա: Իմ շատ ազգականներ, նրանց երեխաները, իմ շրջապատի երեխաների մեծ մասը չի աշխատում՝ արտասահմանում ստացած լինելով փայլուն կրթություն: Որովհետեւ խնդրրը այն չէ, որ մենք օտարալեզու լավ մասնագետներ չունենք, այլ այն է, որ Հայաստանում նրանք աշխատելու տեղ չունեն: Մենք, իհարկե, դպրոցներում օտար լեզուների դասավանդումը ուժեղացնելու խնդիր ունենք: Իհարկե, լավ կլինի, որ աշակերտը՝ դպրոցն ավարտելով երկու-երեք լեզու իմանա, բայց համենայնդեպս մասնագետների խնդիր չկա: Երկրորդ: Ասում են՝ Ինտերնետից մենք չենք օգտվում քիչ ենք օգտվում, որովհետեւ Ինտերնետը անգլերեն է, մերոնք անգլերեն չգիտեն: Հայաստանը, այո, խայտառակ վիճակում է. այստեղ բնակչության 6 տոկոսն է միայն օգտվում Ինտերնետից: Ադրբեջանից, Վրաստանից, մնացած երկրներից հետ ենք: Բայց պատճառը ուրիշ տեղ է՝ Ինտերնետը Հայաստանում շատ թանկ է, շատ անորակ է, բայց դրանից ավելի կարեւոր բան կա. Ինտերնետը կենսական անհրաժեշտություն չի դարձել Հայաստանում: Ինտերնետ ունեցողների մեծ մասն այն օգտագործում է որպես զվարճանքի կամ տարբեր կայքերում նորություններ կարդալու միջոց: Արտասահամանում այդպես չէ՝ ուզես- չուզես, պետք է Ինտերնետ ունենաս, որովհետեւ քննություն ես հանձնում, դպրոց ես ընտրում, առեւտուր ես անում, տոմս ես պատվիրում, հյուրանոց ես պատվիրում... Ամեն ինչ Ինտերնետով է: Որպես հետամնաց պետություն, Հայաստանի բնակչության համար կենսական անհրաժեշտութփյուն չէ Ինտերնետը: Կենսական անհրաժեշտություն լիներ՝ կհաղթահարվեին նաեւ Ինտերնետի այս մեծ գները: Մյուս օրինակը, որ բերում են. արդեն ներքին խոսակցություններից է: Չգիտեմ՝ դա թերթեր սողոսկե՞լ է, թե՞ ոչ: Իբր կան տասնյակ հայ երեխաներ, որոնք սովորում են Թաիլանդի մի ինչ-որ անգլիական դպրոցում, եւ ինչու՞ հայ երեխաների ծնողները այդքան մեծ գումարներ ծախսեն Թաիլանդում, եթե այդ դպրոցը կարելի է բերել, Հայաստանում հիմնել: Եվ այդ մարդիկ ավելի քիչ փող կծախսեն, իրենց երեխաները հայկական մթնոլորտում կապրեն, անգլիական դպրոցում սովորելով հանդերձ, չեն կտրվի իրենց հայկական արմատներից: Բայց կիսահարուստ մարդիկ են իրենց երեխաներին Թաիլանդ ուղարկում: Ես ճանաչում եմ հարուստ մարդկանց, որոնք ուղարկում են Լոնդոն: Եվրոպայում շատ մոդայիկ է, որ հարուստ վերնախավի ներկայացուցիչները իրենց աղջիկներին ուղարկեն, օրինակ Շվեյցարիա, օրիորդաց պանսիոններ, որտեղ մաթեմատիկայի կամ ֆիզիկայի, տնտեսագիտության խորը գիտելիք չեն տալիս, բայց սովորեցնում են պահվածքի նրբություններ: Դե մաթեմատիկոսի, ֆիզիկոսի աշխատանաքը հիմա կոշկակարի աշխատանքն է, արիստոկրատ հարուստ մարդկանց երեխաները ուրիշ հարցերով են զբաղվում: Եվ վերցնենք միջազգային փորձը: Յուրաքանչյուր պետությունում կա պարտադիր ուսուցման ծրագիր: Ավագ դպրոցը ներառվում է դրա մեջ, թե՞ ոչ, երկրից-երկիր տարբեր է: Բայց պետությունը իր բյուջեից ծախսում է միայն եւ միայն ազգային կրթության եւ ազգային փոքրամասնությունների կրթության համար: Այսինքն, պետությունն իր բյուջեի գումարները իրավունք ունի ծախսելու միայն երկու տեսակի դպրոցների համար. մեկը, որպես կանոն, իր ազգային դպրոցն է, մյուսը՝ ազգային փոքրամասնությունների: Ընդ որում, ազգային փոքրամասնությունների դպրոցները նույնպես իրարից էապես տարբերվում են: Օրինակ, Վրաստանում կան հայկական, ադրբեջանական դպրոցներ՝ այնտեղ ապրող ազգային փոքրամասնությունների համար: Վրաստանի հայկական դպրոցը համարյա հայկական դպրոցի նման է, բայց Լոս Անջելեսի հայկական դպրոցը էապես տարբեր է: Այնտեղ բոլոր առարկաները անցնում են անգլերեն, բայց հայկական անվանվող դպրոցներում դասավանդում են կրոնի պատմություն եւ հայոց լեզու, գրականություն. այնտեղ դա է նշանակում հայկական դպրոց: Որոշ պետություններ կան, որտեղ երկու-երեք պետական լեզու կա, բոլոր այդ լեզուներով էլ դասավանդում լինում է: Կան պետություններ, որտեղ կա «երկրորդ լեզու» հասկացությունը, հիմնականում՝ արաբական երկրներում, որոնք Անգլիայի կամ Ֆրանսիայի գաղութ են եղել: Բայց աշխարհի մյուս բոլոր պետություններում հիմնականում պարտադիր կրթությունը, որի վրա պետական գումարներ են ծախսվում, ազգային դպրոցն է: Ազգային փոքրամասնությունների կրթության խնդիր Հայաստանում չկա: Մենք Հանրային խորհրդում ունենք ազգային փոքրամասնությունների հանձնաժողով, երբեք բողոք չեմ լսել, որ ազգային փոքրամասնություններին այս կամ այն կերպ թույլ չեն տվել Հայաստանում իրենց լեզվով սովորել: Բացի ազգային դպրոցներից, լինում են նաեւ վճարովի դպրոցներ: Աշխարհի բոլոր երկրներում առնվազն մեկը լինում է դիվանագետների եւ տվյալ երկրում աշխատող օտարերկրյա այլ քաղաքացիների համար. գոնե մեկը: Հայաստանում էլ կա այդպիսի դպրոց, բնական է, որտեղ սովորում են մեր դիվանագետների երեխաները եւ այլն եւ այլն: Դրանցից բացի, աշխարհում այլ վճարովի դպրոցներ եւս կան: Ես երեկ ժամանակ ունեի, մտա Մոսկվայի սլավոնա-անգլո-ամերիկյան դպրոցի վեբկայքը, որտեղ սովորելու համար բարձր վճարներ են սահմանված: Ինչու՞ Մոսկվայի, որովհետեւ Մոսկվան մի քիչ սնոբ է, չէ՞ այդ տեսակետից, դեպի դուրս հակում ունեցող է. 18-րդ դարում ֆրանսախոս վերնախավ ունեին, որի դեմ գրում էին բոլոր իրենց դասական գրողները:
Ուրեմն, Մոսկվայի սլավոնաճանգլո-ամերիկյան դպրոցում նույնիսկ ամերիկացիներ ու անգլիացիներ են դասավանդում: Բայց բոլոր բաժիններում գրված էր՝ բազային կրթությունը ռուսերեն: Այսինքն, կա պարտադիր ծրագիր, որի բոլոր առարկաները՝ թվաբանություն, երկրաչափություն, անցնում են ռուսերեն: Բայց կան պարտադիր ծրագրի մեջ չընդգրկված առարկաներ, օրինակ, ինֆորմատիկա, որը անցնում են անգլերեն, միջազգային հարաբերությունների դասընթաց, որը կարող են անցնել ֆրանսերեն: Այսինքն, նույնիսկ վճարովի, մասնավոր դպրոցում բազային կրթությունը պետական լեզվով է, որը լրացվում է պարտադիր ծրագրից դուրս առարկաները օտար լեզուներով դասավանդումով: Ուրեմն, աչքի առջեւ ունենալով մի կողմից, մեր սեփական փորձը, մյուս կողմից՝ միջազգային փորձը, պետք է հստակ դատել: Ղարաբաղում սովետական տարիներին շատ էր տարածված հիշում եմ, ռուսախոսությունը, ռուսամտությունը: Ես հիմա որ գնում եմ Ղարաբաղ, զարմանում եմ. բոլորը արդեն հայերեն են խոսում, երիտասարդությունը՝ հայկական դպրոց ավարտած: Ամենուր հայախոսություն է, արդեն լրիվ ուրիշ մտածելակերպով, ուրիշ կարգավիճակով: Այդ մեծ նվաճումները, որոնց համար պայքարել ենք, հենց այդպես տալի՞ս ենք, որովհետեւ կրթության նախարարությունը ասում է՝ ես չեմ կարող կրթության որակը բարձրացնել եւ դրսից դպրոց պիտի բերեմ: Դա ծիծաղելի կարելի էր համարել, եթե ողբերգական չլիներ: Մի բան էլ, պետությունները զգույշ են իրենց երկիր դրսից դպրոց բերելիս: Որովհետեւ պետությունները միշտ աշխատում են միմյանց վրա ազդել: Ազդեցության տարբեր ձեւեր կան. ազդեցությունը կարող է լինել տնտեսական, ֆինանսական, ռազմական, քաղաքական, բայց ամենամեծ ազդեցությունը կրոնականն է եւ երեխաների դաստիարակությունը: Դրա համար ամեն մի պետություն զգույշ է, մեկ-երկուսի գոյությունը թույլ է տալիս, բայց ընդհանուր առմամբ, կողմ չէ դրսից ներմուծվող դպրոցներին: Նույնիսկ եթե հիշելու լինենք Օսմանյան Թուրքիան: Դեռ մինչեւ հայոց ցեղասպանությունը Պոլսում, Խարբերդում, այլ վայրերում ամերիկյան քոլեջներ հիմնվեցին, որտեղ մեծ ոգեւորությամբ հաճախում էին հայ եւ հույն երեխաներ: Նրանք դարձան բողոքական: Նրանց համար այդ միջավայրը արդեն անընդունելի էր, մեծ մասը թողեց, գնաց Ամերիկա, ձուլվեց: Հանգիստ խոսում եմ այս թեմայով, որովհետեւ Հանրային Խորհրդի որոշումը կա: Մե՞կ, թե՞ երկու ձեռնպահով, քվեարկությանը ներկա անդամները դեմ են քվեարկել, որ ներկայացված ձեւով օտարալեզու դպրոցներ հիմնվեն Հայաստանում: ԱԺՄ վարչությունը նույնպես այդ նախագծին դեմ որոշում է ընդունել, մոտ ժամանակներս կհրապարակվի: Այսինքն, երբ խոսում եմ այս մասին, չեմ խախտում ոչ Հանրային խորհրդի հանդեպ էթիկան, ոչ էլ ԱԺՄ-ի: Բայց եւ արտահայտում եմ իմ անձնական կարծիքը: Ուզում եմ կոչ անել կառավարությանը, որ հետ վերցնի այդ նախագիծը: Ուզում եմ դիմել նաեւ Հանրապետական կուսակցությանը՝ հանկարծ չբացեք Պանդորայի արկղը՝ հետո չեք կարողանալու փակել: Մի անգամ մի կերպ փակվեց 1990 թվականին: Ինչու՞ Հանրապետական կուսակցությանը, որովհետեւ Ազգային Ժողովում մեծամասնությունն իրենք են: Բացի այդ, Ժառանգությունը եւ Դաշնակցությունը արդեն հրապարակել են իրենց դիրքորոշումները: Հանրապետականն այն կուսակցությունն է, որի հիմնադիր նախագահ Աշոտ Նավասարդյանի հետ մենք երկար ճանապարհ ենք անցել հեղափոխության եւ պատերազմի, եւ այն ժամանակներից, երբ որպես գաղափարախոսություն իրենք որդեգրեցին նժդեհականությունը: Հարց. - Հանրային Խորհուրդը ունի՞ որոշում այս հարցի շուրջ: Որոշմանը ինչպե՞ս են քվեարկել Խորհրդի անդամները: Եվ արդյո՞ք այն ներկայացվել է Հանրապետության նախագահին: - Մի բանի վրա էլ եմ զարմանում: Խորհրդի՝ ապրիլի 28-ի լիագումար նիստում այդ օրը 14 հարց էր քննարկվում: Շատ կարեւորում էինք «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճի եւ այս հարցերը: Առաջին հարցից հետո բոլոր թղթակիցները գնացին, հետո հեռուստացույցով նայում էի, ոչ մի բան դրա մասին չասվեց: Այո, այս հարցը քննարկվեց եւ որոշում ընդունվեց, որը արդեն ուղարկվել է նախագահին: Մենք գտնում ենք, որ պաշտոնական նախագծով ներկայացված կետերը չեն համապատասխանում մեր պետական եւ ազգային շահերին, եւ առաջարկել ենք, որ դպրոցում օտար լեզուների դասավանդման որակը բարձրացնելու համար կառավարությունն ուրիշ ճանապարհ գտնի: Ո՞րն է ուրիշ ճանապարհը: Օրինակ, կարելի է Մոսկվայի վճարովի դպրոցների տարբերակը քննել, երբ բազային կրթությունը ազգային լեզվով է, լրացուցիչ առարկաները կարելի է օտար լեզվով դասավանդել: Կողքից լրացուցիչ կարող են լինել կիրակնօրյա դպրոցներ, որտեղ ոչ պարտադիր առարկաները կարելի է դասավանդել օտար լեզուներով: Դա միայն օգուտ է, վնաս չկա դրանից: Ինչ վերաբերում է Հանրային խորհրդի որոշմանը, նույնիսկ եթե միաձայն է անցել՝ միայն ձեռնպահով, գուցե քվեարկությունից կամ նիստից բացակայած մարդիկ են եղել, որոնք հակառակ կարծիքն ունեն: Տարակարծություն խորհրդում միշտ էլ կա, բայց որոշումը քվեարկությամբ հաղթել է այն տեսքով, որը ներկայացրի: Հարց. - Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը եւ փոխանախարար Արա Ավետիսյանը մի քանի անգամ պնդեցին, որ բացվելիք օտարալեզու դպրոցները վերաբերում են միայն ավագ դպրոցին: Այսինքն, բազային հայկական կրթություն ստանալուն հաջորդող փուլին: Եւս մի հարց՝ ո՞րն է այս ամենի իրական պատճառը, ինչու՞ ծագեց օտարալեզու դպրոցների հարցը: - Ես կիրակի օրը լսում էի Արմեն Աշոտյանին: Անկեղծ ասած, չեմ հիշում, թե ասել է, որ միայն ավագ դպրոցներին է վերաբերում հարցը: Բայց լսեցի, որ ասաց, թե այս դպրոցները միայն մեկ տոկոսը պիտի կազմեն: Ո՞վ է որոշելու, թե այդ մեկ տոկոսի մեջ ով պիտի տեղավորվի: Եթե ես իմ երեխային բերել եմ այդ դպրոցն ընդունելու, դուք կարող եք ասել, որ այդ մեկ տոկոսը արդեն համալրվել է. ի՞նչ սահմանադրական իրավունք ունեք: Կամ խաբելու համար է, կամ չհասկանալով է: Որովհետեւ, եթե դու բացում ես պետական բյուջեի մասնակցությամբ օտարալեզու դպրոց, որը անընդունելի է աշխարհի ցանկացած երկրում, ապա դա պիտի լինի ըստ պահանջարկի. քանի մարդ դիմեց այդ դպրոց ընդունվելու համար, այնքանն էլ պիտի ընդունվի այդ դպրոցը: Եվ ի դեպ, փաստաթուղթը այլ ձեւակերպումներով էր, հետո բանավոր ելույթներում դարձավ մի տոկոս, հետո դարձավ երկու տոկոս: Հիմա խոսում են ավագ դպրոցի մասին: Ես հավատում եմ այն փաստաթղթին, որը ներկայացված էր: Բանավոր ինչ կասեն, դա պաշտոնական փաստաթուղթ չէ, իսկ փաստաթղթում ավագ դպրոցի անուն չկա, այնտեղ օտարալեզու դպրոցի արգելքի համար բացառության մասին է խոսքը՝ կառավարության մասնակցությամբ: Ինչ վերաբերում է նման հարցի ծագման պատճառներին: Գուցե կան՝ ես չգիտեմ: Ես ոչ մեկին չեմ ուզում վիրավորել, բայց այս ծրագրի մեջ գավառամտություն կա: Գիտե՞ք որն է գավառամտությունը, որ դու քեզ համարում ես երկրորդ կարգի մարդ, գիտես, որ քո լեզվով ոչի մի բանի չես հասնի, պետք է ձեւ անես, թե անգլիացի ես, ձեւ անես, թե ռուս ես: Ընդ որում, ասեմ, ինքս սովորել եմ Մոսկվայի համալսարանում: Ովքեր ռուսերեն լավ չգիտեին, էլի հարգանքով էին վերաբերվում: Բայց երբ փորձում էիր ռուս ձեւանալ, այ, այդ ժամանակ իսկապես դառնում էիր երկրորդ կարգի մարդ: Թաիլանդի դպրոցի մասին շատ խոսվեց: Երեւի մի տասնյակ կիսահարուստ կամ հարուստ մարդկանց երեխաներ են այնտեղ սովորում: Դե այնտեղ հեղափոխություն է, բացի այդ, ավելորդ գումարներ են ծախսում, երեխաներին ուզում են բերել այստեղ: Ի՞նչ գիտես, թե վաղը այստեղ ինչ է լինելու: Նաեւ գիտեմ, որ իմ կողմից բավական հարգված հարուստ մարդիկ կան դրսում, որոնք կուզենային այստեղ դպրոց բացել՝ յոթերորդ, թե ութերորդ դասարանից հետո: Եթե ես իրենց հանդիպեի, հստակ կբացատրեի, որ լավ բան է ուզում անել, բայց դա կարելի է անել՝ բազային կրթությունը հայերեն դասավանդելով, մյուս առարկաները՝ ինչ լեզվով ուզում են: Թող սովորեն, մեր երեխաները ինչքան շատ լեզուներ իմանան, այնքան բոլորիս օգուտն է: …Թող վճարովի լինի, այդ դեպքում խնդիր չկա: Հարց- Հնարավո՞ր է, որ սրա հետեւում այլ ուժեր են կանգնած, այսինքն, այլ պետությունների ազդեցության դաշտի հարց է լուծվում: - Ես այդպես չեմ մտածում: Այո, երկրների միջեւ մրցակցություն կա, ամեն մեկն ուզում է իր ազդեցությունը տարածել մյուսի վրա: Բայց երբեք պետք չէ նայել, թե դրսից ինչ են ուզում: Դու արա այն, ինչ քեզ համար է ճիշտ: Օրինակ, մեր հարեւան երկու երկրներին՝ Իրանին եւ Թուրքիային ձեռնտու՞ է, որ Հայաստանում պահպանվեն հայկական դպրոցները: Իրանին, կարծում եմ ձեռնտու է: Իրանը կուզենար, որ իր կողքին կանգնած լիներ ինքնուրույն, ուժեղ Հայաստան: Թուրքիային ձեռնտու՞ է: Կարծում եմ՝ ոչ: Կուզենար, որ հայերը ձուլվեին, գնային: Այսինքն, դու ինչ էլ անես, մեկին կարող է օգուտ լինել, մեկին՝ վնաս: Դրա համար, ամեն ինչ դավադրություներով բացատրելը ճիշտ մոտեցում չէ: Եվ ոչ միայն դպրոցների, այլեւ ցանկացած հարցում: Հարց. - Ակնհայտ է, որ նահանջ կա նախաձեռնողների կողմից, գրեթե ձեր պատկերացրածի մասին են խոսում: Օրինակ, ավագ դպրոցի մասին հիշատակումները - Ես, ճիշտն ասած, ավագ դպրոցին դեմ եմ: Մենք խոսում ենք լեզվի մասին, բայց մի բան ասեմ կրթական համակարգի մասին: Բայց մի խնդրանք ունեմ, որ հեռուստատեսությունը չվերցնի ու միայն դա տա, թե իբր ասուլիսը դրա մասին էր միայն: Նախ, Հայաստանում բացարաձապես նպատակահարմար չէ 12 տարվա դպրոց ունենալը: Առավելագույնը պետք է լինի 11 տարվա: Նույն Ռուսաստանը, որը կրթական բոլոր միջազգային պայմանգրերին միացել է, որոշեց, որ 11-ից ավելի պետք է չլինի: Մեզ մոտ 12 են դարձրել, ու պարզ էլ չի, թե այդ հավելյալ 2 տարում ինչ են սովորելու: Դասագրքեր էլ շատ չունեն: Ես կոչ կանեի այս տարի կանգնեցնել ավագ դպրոցի գործընթացը, ամբողջովին վերանայել: Երկրորդ հարցը, որն ինձ շատ է հուզում, ճիշտն ասած, չի քննարկվել ոչ Հանրային Խորհրդում, ոչ ԱԺՄ-ում, ես հիմա իմ անձնական կարծիքն եմ ասում. մենք ունենք բանակի հարց: Որոշ տարիների ծնունդները համեմատաբար քիչ են եղել, եւ հարցի այսպիսի լուծում են գտել. բուհերում պետպատվերով տեղերը երկու անգամ պակասեցրել են, երեւի տեղյակ եք: Իսկ ով պետպատվերով է ընդունվում, բանակից տարկետում է ստանում: Ի՞նչ է ստացվում դրանից. եթե երեխադ պետպատվերով է ընդունվում, ազատվում է բանակից: Այս տարի կաշառքները աճելու են հսկայական չափերով: Այդ չափերի մեջ մտնելու է եւ բանակից ազատվելը, եւ երեխային ընդունել տալը, արդյունքում տաղանդավոր երեխաները դուրս են մնալու: Իսկ պետպատվերը 2 անգամ պակասեցնել՝ նշանակում է, որ գյուղերում սովորող շատ ընդունակ երեխաներ ի վիճակի չեն լինելու վճարովի սովորելու, դուրս են մնալու: Ես կառաջարկեի ավելի արմատական լուծում. բոլոր առողջ տղաները 18 տարեկանից գնան բանակ, եւ ծառայությունը դարձվի մեկ ու կես տարի: Բոլոր հարցերը՝ կապված ասպիրանտուրայի կաշառքների, պետպատվերների հետ, միանգամից կսպառվեն: Չեմ ուզում մյուս առաջարկություններիս մասին հիմա խոսել, որովհետեւ Հանրային խորհուրդը տարբեր այդ ուղղություններով խմբեր է ստեղծելու, մենք ուսումնասիրելու ենք խնդիրները: Ասելը հեշտ է, բայց եթե ասում եմ՝ մեկ ու կես տարի դարձնել ծառայությունը, պետք է մանրամասն հաշավարկներ անել: Մի բան հաստատ գիտեմ, որ եթե մեկին տանում ես, մյուսին՝ ոչ, ծառայության համար ոչ պիտանի առողջություն ունեցողների մասին չի խոսքը, ապա միայն ավելացնում ես կոռուպցիայի աստիճանը Հայաստանում: Իսկ կոռուպցիայի աստիճանը մեծացնելով՝ փչացնում ես կրթական համակարգը, դրանով զրկվում ես ապագայից. ապագա գիտնականներից, ապագա ուսյալ մադկանցից: Հարց.- Վճարովի դպրոցի համակարգը չի՞ հանգեցնի հենց Էլիտար դպրոցների բացմանը: - Նորից կրկնեմ, վճարովի դպրոցները մյուս երկրներում շատ քիչ են, մեկ-երկու-երեքը մի երկրում: Պետությունն ինքն իրեն պաշտպանում է դրանից: Նույնիսկ այն դպրոցները, որոնցում բազային կրթությունը ազգային լեզվով է, մյուսները՝ օտար լեզվով, պետությունը ամբողջովին վերահսկում է գործընթացը: Ցանկացած պետություն հասկանում է, որ հիմնարարը երեխային իր ազգային կրթությունը տալն է: Բայց այստեղ սեղանին լրիվ ուրիշ բան է հիմա դրված, չէ՞: Հարց- Մամուլում կարծիք է հնչել, թե սա Ռուսաստանի քաղաքականությունն է, դու՞ք ինչ կասեք: - Մեկն ասում է՝ ամերիկյան, մյուսը՝ թուրքական: Տարբեր բաներ լսել եմ: Դուք թղթակիցներ եք, ես խնդրում եմ մի բան ընդունել, աշխարհում ցանկացած երեւույթ տարբեր բացատրություններ է ստանում. մեկն ասում է՝ դա դավադրություն է ու վերջ: Երկրորդը մտածում է, ինչ լուծում գտնել: Դուք անըընդհատ դավադրության մասին մի մտածեք: Ես չեմ կարծում որ Ռուսաստանը նստած մտածում էր՝ ինչ անեմ, ինչ անեմ, մեկ էլ անսպասելի առաջարկություն արեց Հայաստանում օտարալեզու դպրոց բացելու մասին: Ես կարծում եմ, որ ցանկացած հարցում մեզ վրա կան ճնշումներ, մենք ուրիշների վրա ենք ճնշում գործադրում, դրանով մի բացատրեք: Կա՞ խնդիր, այդ խնդիրը պետք է լուծել այնպես, ինչպես ձեռնտու է մեր պետությանը: Հարց- Մեր ընտանիքում երեք եղբայր ենք, ես՝ հայկական, մյուս եղբայրներս ռուսական կրթություն են ստացել, բայց նրանք ինձ չեն համարել երկրորդ կարգի մարդ: - Ես չասացի՝ բոլորը, ասացի, որ հիմնականում այդպես էին համարում ռուսական դպրոցներում: Հարցի շարունակությունը.- Ես Հանրային Խորհրդում հարցի քննարկմանը ներկա էի: Թե դուք, թե Կարինե Դանիելանը ասացիք, որ ռուսական դպրոց եք ավարտել, եւ որ դա շատ վատ է: Դուք ստեղծել եք մի կուսակցություն, որի անվանման մեջ նաեւ ազգային բառը կա, Կարինե Դանիելյանը նույնես ազգային ծրագրեր է իրականացնում: Արդյո՞ք չեք ուզում ասել, որ դուք ռուսական կրթությամբ կարող էիք դառնալ Վազգեն Մանուկյան կամ Կարինե Դանիելյան, իսկ Պողոս Պետրոսյանը ինքը երբեք ռուսական կրթությամբ չի դառնա Վազգեն Մանուկյան կամ Կարինե Դանիելյան: - Ներողություն, ես անձերի մասին չէի խոսում, ես խոսում էի երեւույթների մասին: Ասացի՝ անկախ նրանից, ով ինչի է հասել, անձի երկփեղկումը մինչ այժմ իմ մեջ զգում եմ: Մտածում եմ, որ շատերի մոտ դա կլինի, որովհետեւ ես չեմ կարծում թե եզակի մարդ եմ: Ռուսական կամ այլ օտարալեզու դպրոցներ ավարտածների մեջ կան բազմաթիվ հայրենասերներ, հաջողությունների հասած մարդիկ, մենք խոսում ենք ընդհանուր երեւույթի մասին, մենք չենք խոսում անհատների կամ առանձին դեպքերի մասին: Այսինքն, ձեզ թվում է, թե ես ռուսական կրթությամբ ինչ-որ բանի հասել եմ, եւ մյուսների ճանապարհը փակու՞մ եմ: Բացարձակապես այդպես չէ:
VAZGEN_MANUKYANI_ASULIS_190520...doc         
Home page Web mail Map
EnglishRussian


1996


www.ajk.am

  www.armenia.li
www.armenia.li
606351
568988