.jpg)
Այս ամբողջ ընթացքը ցույց տվեց, որ Նիկոլ Փաշինյանը շատ վատ ղեկավար է, ինքը չի կարողանում կառավարել ո՛չ բանակը, ո՛չ պետությունը։ Այս մասին այսօր՝ փետրվարի 17–ին, Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց Հայրենքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը։
«Երբ մարդու ուշքն ու միտքն այն է, որ իշխանություն պահի, ինքն ինչ–որ պոպուլիստական քայլեր կարող է անել, բայց կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանը մեր երկրի ապագայի համար վտանգավոր է դարձել։ Անցյալից դատելով կարող եմ ասել, որ մի մարդ, որը ուժասպառ ձեւով փորձում է իշխանություն պահել եւ ո՛չ հարգանք ունի ժողովրդի, ո՛չ էլ արտաքին աշխարհի կողմից, նա որեւէ օգուտ Հայաստանին բերել չի կարող։ Իր ամենահայրենասիրական քայլը կլիներ, եթե ինքը կամավոր գնար»,– ասաց նա։
Դիտարկմանը, որ այսօր Շիրակի մարզում Փաշինյանի մեքենան ժողովուրդը կանգնեցրել՝ աջակցություն են հայտնել, եւ հավելել, որ թավիշը պետք է վերացնեն, Վազգեն Մանուկյանն արձագանքեց.
«Իշխանությունները միշտ էլ կարողանում են այդպիսի բաներ կազմակերպել, դա դժվար չէ։ Եթե դուք հետեւեք Գյումրիի հանրահավաքին, թե որ մասն էր այնտեղից, իսկ որը բերված, կտեսնեք, որ դա կազմակերպված ներկայացում է։ Բացի այդ միշտ էլ հասարակությունում ցանկացած ղեկավարի դեպքում կլինեն մարդիկ, որոնք էդ ղեկավարի նկատմամբ հարգանք կունենան, խոսքը ընդհանուր ժողովրդի մասին է, եւ այն, ինչ ինքն անվանեց էլիտա։ Բոլոր մարդիկ, որոնք ամեն ինչ հասկանում են, որեւէ հարգանք իր նկատմամբ չունեն, իսկ ժողովուրդն էլ իր կառավարման տարիներին ավելի լավ չի ապրել ու Նիկոլը պատասխան է տալու այդ ամեն ինչի համար, բայց երկու դատ է լինելու։ Առաջին դատում ինքը պատասխան է տալու կոռուպցիայի համար, որ երկիրը խրեց նորից էն կոռուպցիայի մեջ, որի դեմ ինքը պայքարում էր եւ երկրորդ դատը կլինի պատերազմում դավաճանության համար»։
Լրագրողները հետաքրքրվեցին, թե արդեն մի քանի օր է՝ Ազատության հրապարակում հանդիպում է քաղաքացիների հետ, ի՞նչ հարցերով են նրան դիմում քաղաքացիները։ Ի պատասխան Հայրենքի փրկության շարժման վարչապետի թեկնածուն ասաց, որ հարցերը բազմաբնույթ են, բայց հիմնականում նրանց մտահոգում է այն, թե իհարկե, Նիկոլ Փաշինյանը պետք է գնա, բայց հույս կա՞, որ երկիրը կարող են վերականգնել։
«Մենք մի քանի անգամ ընկել ու բարձրացել ենք, ու նորից այս ընկած վիճակից կբարձրանանք, բայց պետք է դաս քաղենք, որ երկիրը պետք է լինի այնպիսին, որ դրսի ուժերը չկարողանան խաղալ մեր զգացմունքների հետ եւ նորից վերցնել իշխանություն ու երկիրը կործանել»,– ասաց Վազգեն Մանուկյանը։